Մի քանի տարի առաջ էր: Երևանի փողոցներից մեկում դիմացիցս եկող երկու անծանոթ տղամարդ, մոտենալով ինձ, կանգ առան, և նրանցից մեկը դիմեց ինձ հարցով.
-Ներեցեք, կարելի՞ է Ձեզ մի բան հարցնել:
- Խնդրեմ, հարցրեք,- պատասխանեցի ես՝ կռահելով նրանց մտադրությունների ուղղությունը: Ընդհանրապես Երևանի (և ոչ միայն Երևանի) փողոցներում հաճախ կարելի է տեսնել գրքերով լիքը տոպրակ կամ պայուսակ շալակած հավատացյալների, հիմնականում «Եհովայի վկաների», որոնք առանց «ավելորդ» ամաչկոտության, բավականին ազատ ու պարզ անմիջականությամբ ջերմ զրույց են սկսում փողոցում լրիվ անծանոթ մարդկանց հետ: Այդպիսի ջերմ զրույցով է սկսվում մարդաորսը, որի հաջողության գրավականն են մարդկանց հոգևոր սովը և… տգիտությունը:
-Ի՞նչ եք կարծում, աստված կա՞,- հարցնում է անծանոթ զրուցակիցս:
-Իմ կարծիքով, աստվածներ շատ կան,- պատասխանեցի ես՝ ավելացնելով,- յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր Աստվածը. Չէ՞ որ խղճի ազատություն է: Աստծո գոյությանը հավատալն էլ կախված է նրանից, թե ինչ ենք հասկանում Աստված ասելով: Կարելի՞ է իմանալ՝ ո՞վ է ձե՛ր Աստվածը, ու՞մ եք դուք դավանում,- իմ հերթին ակտիվություն ցուցաբերելով հարցնում եմ ես:
-Մենք դավանում ենք միակ ճշմարիտ Աստծուն՝ Եհովային: Ուրիշ Աստված չկա, կան տարբեր մարգարեներ, տարբեր կուռքեր, որոնց հաճախ մոլորված մարդիկ աստվածների տեղ են դնում և պաշտում որպես աստվածների,- ոգևորված պատասխանում է զրուցակիցս՝ հավանաբար մտածելով, որ հանդիպել են իսկական մոլորված «որսացուի»:
-Իսկ իմ կարծիքով, յուրաքանչյուր կրոնի, հավատի մոլորված հավատացյալ սխալվում է՝ կարծելով, թե միակ ճշմարիտ կրոնը իր ընտրածն է, միակ ու ճշմարիտ աստվածն էլ իր կրոնի Աստվածը, և որ բոլոր ուղիներն էլ սատանայական են, բացի, իհարկե, իր ընտրած ուղուց:
Մեզ հայտնի կրոններից և ոչ մեկը չի ժխտել շատ աստվածների գոյությունը: Մեծ ձեռնադրվածների համար բոլոր աստվածները եղել են լոկ տիեզերական տարբեր ուժերի մարմնավորումներ: Մեզ՝ հայերիս, քաջ հայտնի են մեր հեթանոս նախնիների դիցարանի (պանթեոնի) բազմաթիվ աստվածներ և աստվածուհիներ՝ Հայկ, Արամազդ, Վահագն, Տիր, Տորք Անգեղ, Անահիտ, Աստղիկ, Ծովինար և այլոք:
Քրիստոսի Ուսմունքը ևս չի ժխտում բազմաստվածությունը. «Թեպետև, այսպես կոչված, աստվածներ կան թե՝ երկնքում, թե՝ երկրի վրա. արդարև, կան բազում աստվածներ: Բայց մեզ համար միայն մե՝կ Աստված կա, Հայր, որ ստեղծել է ամեն բան» (Ա. Կորնթ. 8:5-6): Այսինքն՝ Պողոս առաքյալը չի ժխտում «բազում աստվածների» գոյությունը, այլ շեշտում է՝ «մեզ համար», այսինքն՝ քրիստոնյաների համար, «միայն մեկ Աստված կա. Հայր»:
Եհովան ասում է. «Ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի եգիպտացիների երկրից, ստրկության տնից: Ինձնից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար» (Ելք, 20:2-3): Ոմանք «այլ աստվածները» նույնացնում են ձեռակերտ կամ պարզապես՝ առարկայական կուռքերի հետ՝ նշելով բերված հատվածին հաջորդող տողերը. «Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես» (Ելք, 20:4): Մեր կարծիքով, բերված երկու հատվածները պարզապես երկու տարբեր նախազգուշացումներ են. չպաշտել ոչ ուրիշ ազգերի և ժողովուրդների աստվածներին, ոչ էլ ձեռակերտ կուռքերի: Չժխտելով ուրիշ աստվածների գոյությունը՝ Եհովան նշում է իր՝ հրեաների՛ Աստվածը լինելը: Բերենք մեր այս տեսակետը հաստատող բազմաթիվ օրինակներից ևս մի քանիսը. «… ասում է Ամենակալ Տերը՝ Իսրայելի Աստվածը» (Սոփոնիա, 2:9), «գարշելի բաներ արվեցին Իսրայելում և Երուսաղեմում, որովհետև Հուդայի երկիրը պղծեց Տիրոջ սրբությունները նրանց ձեռքով, ում սիրեց, և հարեց օտար աստվածներին» (Մաղաք. 2:11): Աստվածաշնչի այլ հրատարակության մեջ՝ «Հուդան ամուսին եղավ օտար աստծո աղջկան»: «Որպեսզի ձեզ մոտ մնացած այս ազգերի մեջ չմտնեք և նրանց աստվածների անունները չհիշեք» (Հեսու, 23:7): «Ինձ թողած՝ ուրիշ աստվածների են խունկ ծխում» (Երեմիա, 1:6):
Այն, որ ուրիշ աստվածների գոյությունը չի ժխտում Եհովան, երևում է նրա հետևյալ խոսքից. «Ահա Ադամն եղավ իբրև մեզանից մեկը» (Ծննդ. 3:22): Որոշ հոգևորականների մոտ կա կարծիք, որ իբր «մեզանից մեկը» նշանակում է Սուրբ Երրորդության՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի անձերից մեկը, իսկ Եհովան էլ հենց Հայրն է՝ Սուրբ Երրորդության անձերից առաջինը: Այս տեսակետի մեջ կան մի քանի կասկածելի (եթե չասենք՝ սխալ) դրույթներ: Նախ՝ ինչպե՞ս կարող է Եհովան լինել Հայր Աստվածը, եթե հայտնի է. «Երբ Բարձրյալն իրարից բաժանեց բոլոր ազգերին, ինչպես Ադամի որդիներին էր սփռել, ազգերի սահամանները նշանակեց ըստ Աստծո որդիների թվի: Տիրոջ բաժինն եղավ իր ժողովուրդը՝ Հակոբը, իսկ իր ժառանգության վիճակը՝ Իսրայելը» (Երկրորդ օր, 32:8-9): Այս միտքը հաստատվում է նաև Եսայի մարգարեի կողմից. «Այն օրը Իսրայելը եգիպտացիների ու ասորեստանցիների շարքում երրորդը պիտի լինի… որն օրհնելու է Զորությունների Տերը՝ ասելով. «Օրհնյալ լինի իմ ժողովուրդը, որը Եգիպտոսում է և Ասորեստանում, օրհնյալ լինի իմ ժառանգությունը՝ Իսրայելը» (Եսայի, 19:24-25), «…ով Եհովա, մինչև որ անցնե այս ժողովուրդը , որ դու ստացար» (Ելք, 15:16), և, վերջապես, «Աստված… Հիշիր քո ժողովրդին, որ սկզբից ստացար, և փրկեցիր քեզ վիճակված ժառանգությունը՝ լեռն այս Սիոնի, որտեղ դու բնակվեցիր» (Սաղմ. 73:1:2)»: Այսպիսով, բազմաթիվ փաստերն ապացուցում են համոզիչ կերպով, որ բազում աստվածներից մեկը՝ Զորությունների տերը կամ Եհովան, Բարձրյալից ժառանգություն ստացավ Իսրայելը և իր բաժին ժողովուրդը՝ Հակոբը, այսինքն՝ հրեաներին: Կարծում եմ, անվիճելի է նաև, որ Եհովան միայն հրեաների Աստվածն է, չնայած, հասկանում եմ, որ ոմանք կարող են մեր այս եզրակացությանը հակադրել Պողոս առաքյալի թուղթը. «Չկա խտրություն հրեայի և հեթանոսի, քանզի նույն Տերը բոլորինն է, հասնող բոլորին, որոնք կանչում են նրան» (Հռոմ. 10:12): Պետք է ասենք, որ Պողոս առաքյալի Տերը, ինչպես նաև Նոր Կտակարանում ամենուրեք հանդես եկող Տերը Հիսուս Քրիստոսն է: Այս ամենից պարզ է. եթե ընդունենք, որ Եհովան Որդու՝ այսինքն՝ Հիսուս Քրիստոսի Հայրն է, ապա կստացվի, որ Բարձրյալն էլ Քրիստոսի Պապն է կամ էլ դրա նման մի այլ անհեթեթ բան:
Երկրորդ. Եհովան չի կարող նույնացվել Հայր Աստծո հետ, որովհետև Եհովա անունը առաջացել է «Jah-hovah»-ից, որը նշանակում է տղամարդ-կին, այսինքն՝ երկսեռ՝ միաժամանակ արական և իգական սեռի էակ (հերմաֆրոդիտ), և միայն այսկերպ կարող է ընկալվել Աստվածաշնչի՝ «իր պատկերով ստեղծեց, արու և էգ ստեղծեց» արտահայտությունը:
Մեր հասարակությանը մտահոգող հարցերից մեկն էլ (միգուցե գլխավորը՝ քննարկվող թեմայի շրջանակներում) «Եհովայի վկաների» կողմից «Մի սպանիր» պատվիրանի բացարձակացումն է և որպես դրա հետևանք՝ զենք վերցնելուց, բանակում ծառայելուց և պատերազմի ժամանակ թշնամու դեմ կռվելուց կտրականապես հրաժարվելը: Փորձենք տեսնել, թե ըստ Ս. Գրքի ինչքանով է արդարացված և տրամաբանական այդպիսի դիրքորոշումը:
Աստվածաշնչից իմանում ենք, որ «Եհովան հզոր պատերազմող է» (Ելք., 15:3), «զորավոր և ուժեղ Տերը՝ ուժեղ պատերազմի մեջ» (Սաղմ. 24:8): Եվ կարելի է համոզվել գրքի բազմաթիվ պատմություններից, որ հակառակ «Մի սպանիր» պատվիրանի, ինքը՝ պատվիրանի հեղինակը, «հզոր պատերազմող» Եհովան, սպանություններ ու ջարդեր է իրականացնում կամ էլ իր մարգարեներին (կամ) ժողովրդին է մղում նման գործողությունների: Բերենք մի քանի օրինակ: Նախ՝ բանակ ստեղծելու մասին Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «… Դու և Ահարոնը հաշվառման կենթարկեք քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր մարդկանց, որոնք կարող են զենք վերցնել Իսրայելի բանակի համար» (Թվեր, 1:1-3): Իհարկե, Մովսեսը կատարում է տիրոջ հրամանը, և «Թվեր» գրքի ամբողջ առաջին գլուխը այդ զորահավաքի և բանակի ստեղծման մասին է: Եհովան ասում է. «… Դու այսօր կիմանաս, որ քո Տեր Աստվածն ինքը, որպես լափող կրակ, գնալու է քո առջևից: Նա կոտորելու է, ոչնչացնելու է նրանց քո աչքի առջև…» (Երկրորդ օր, 9:3): Եվ ինչու՞ է Տերն այսպես բարկացած կոտորում: Լսենք մարգարեի խոսքը. «… Ոչ թե քո արդար լինելու, այլ այդ ազգերի ամբարիշտ լինելու համար է քո Տեր Աստվածը կոտորում նրանց քո աչքի առջև» (Երկրորդ օր, 9:4):
Չնայած Եհովան ասել է «Մի՛ սպանիր», սակայն նա ասել է նաև՝ «Եթե որևէ մարդ հարվածի մեկին, և սա մահանա, ապա հարվածողը մահապատժի թող ենթարկվի» (Ելք, 21:12): Ավելին, նա ասել է նաև՝ «Եթե գողին մահացու հարված հասցնեն տան պատին անցք բացելիս, թող դա սպանություն չդիտվի» (Ելք, 22:2):
Ս. Գիրքը մի հետաքրքիր օրինակ էլ է մեզ մատուցում՝ մեղավոր դատավորներին սպանելու մասին. «Ըստ Մովսեսի օրենքի նրանց հետ վարվեցին այնպես, ինչպես վարվում են նրանց հետ, ովքեր մտադրվում են չարություն անել իրենց ընկերոջը. և սպանեցին նրանց: Այդ օրը արդար արյունը փրկվեց» (Դանիել, 13:61-62):
Նոր Կտակարանից էլ իմանում ենք, որ Հիսուս Քրիստոսն ասել է. «Մի՛ կարծեք, թե օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա» (Մատթ. 5:17):
Կարծում եմ, բերված օրինակներն ու փաստերը հերիք են, որպեսզի ամփոփելով խոսքս՝ «Եհովայի վկաներին» հարց տամ. Եթե Եհովան սպանողի համար մահապատիժ է պահանջում, գողին սպանելը որպես սպանություն չի դիտում, ընկերոջ «արդար արյունը» փրկելու համար չար մտադրություն ունեցողին սպանելը արդարացնում է, ապա մի՞թե եթե մի որևէ չարագործ փորձի քո, ընտանիքիդ անդամների, հարևանիդ, ընկերոջդ կամ մի որևէ այլ հայի անմեղ արյունը թափի, աչքիդ առաջ բռնաբարի աղջկադ, կնոջդ, մորդ, քրոջդ և այլն, կամ կենդանի-կենդանի խարույկի վրա վառի, տան ունեցվածքդ ջարդի-ավերի ու թալանի, ինչպես վարվեցին Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, մի՞թե քո Տիրոջ՝ «հզոր պատերազմող» Եհովայի նման չպետք է զենք վերցնես այդ «ամբարիշտների» դեմ կռվելու համար, որպեսզի պաշտպանես ու փրկես քո, ընկերոջ, եղբոր, ընտանիքի և հայրենիքիդ կյանքն ու պատիվը: Թե՞ այդ ամենը տեսնելով հանդերձ՝ պետք է ոչխարի նման հերթ կանգնես և հերթը քեզ հասնելուն պես գլուխդ խոնարհես յաթաղանի տակ՝ որպես Եհովայի համար մատաղացու՝ թուրքի խնջույքի առթիվ:
Ավելացնենք, որ բոլոր ազգերի աստվածներն էլ Եհովայի նման պատերազմող են եղել, և նրանք պատերազմել են չարիքի ու անարդարության դեմ և երբեք ոչ մեկին չեն զրկել ինքնապաշտպանության իրավունքից: Իհարկե, հակառակորդին, թշնամուն կարելի է և ցանկալի է ոչ թե սպանել զենքով՝ ֆիզիկապես, այլ գաղափարապես, մտքի ուժով, աղոթքով, եթե, իհարկե ուժերիդ վրա վստահ ես, որ կարող ես նրան հրաժարել տալ չար մտադրությունից: Հակառակ դեպքում, զենք վերցնելը մնում է միակ միջոցը անձդ, ընտանիքդ, Հայրենիքդ պաշտպանելու համար:
«Մի՛ սպանիր»-ը պարզապես պետք է հասկանալ, որ սրտում չարություն պիտի չունենաս, սպանություններում նախաձեռնող չպետք է լինես, իսկ եթե սպանում ես, ապա միայն «չարիքից նվազագույնը» սկզբունքին համապատասխան՝ կանխելով թշնամու կողմից իրականացվելիք ավելի մեծ չարիքը:
Առայժմ այսքանը: Մնացածը՝ ըստ արձագանքի: