կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-19 17:23
Առանց Կատեգորիա

Հայացք` Բեյրութից. մերձավորարեւելյան զարգացումները մեկնաբանում է Շահան Գանտահարյանը

Հայացք` Բեյրութից. մերձավորարեւելյան զարգացումները մեկնաբանում է Շահան Գանտահարյանը

Թե ինչ իրավիճակ է այսօր ստեղծված Մեծ Մերձավոր Արեւելքում, ինչպիսի պայմաններում է այսօր ապրում Լիբանանի հայ համայնքը, ուր են տանում Սիրիայի զարգացումները, որն է Թուրքիայի դերը տարածաշրջանային զարգացումներում, ինչպե՞ս կանդրադառնա Եգիպտոսի թուլացումը Մերձավոր Արեւելքում ուժերի հետագա վերադասավորման վրա, աշխարհաքաղաքական խաղացողների կողմից ինչ է արվում Իսրայելի համար եւ այլն, այս բոլոր հարցերի շուրջ Yerkir.am-ին իր վերլուծություններն է ներկայացնում Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Հարցազրույցի այս հատվածում նա ներկայացնում է տարածաշրջանային զարգացումների համատեքստում Լիբանանին և լիբանանահայությանը վերաբերող մանրամասներ:

 

- Պարո’ն Գանտահարյան, խնդրում եմ ներկայացնել, թե Լիբանանում այսօր ինչպիսի՞ իրավիճակ է, որովհետեւ նշվում է, որ սիրիական զարգացումները չեն կարող արձագանք չգտնել Լիբանանում:

- Լիբանանն, ընդհանրապես, բարդ իրավիճակում է հայտնվել: Նախ, որպեսզի ընդհանուր պատկերացում ունենաք, ասեմ, որ Լիբանանն ինքը միջհամայնքային կառուցվածքով համակարգի վրա կառուցված երկիր է. 7 գլխավոր համայնքներ են այնտեղ` սուննիները, շիաները, դրուզները, մարոնիտ քրիստոնյաները, հույն օրթոդոքսները, հույն կաթոլիկները եւ հայերը: Հայերն էլ դիտարկվում են իբրեւ յոթ գլխավոր համայնքներից մեկը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ե’ւ պետական կառավարման համակարգը, ե’ւ, ընդհանրապես, հասարակական համակարգը բաշխված է ըստ թվի` համաձայնեցված չափաբաժիններով: Եթե, օրինակ, կառավարություն են կազմում, ուրեմն պետք է 4 սուննի լինի, 4 շիա , 2 հայ եւ այլն, այսինքն` քվոտավորված համակարգ է` ըստ 7 հիմնական համայնքների: Եվ սա` պետական ամենաբարձր պաշտոններից սկսած, մինչեւ ամենաներքեւ: Ներկայացվածության նվազագույն խախտումը կարող է հանգեցնել ներլիբանանյան խնդիրների, կոնֆլիկտի: Շատ զգույշ պետք է տեղաբաշխել կառավարման լծակները, պահպանել հավասարակշռությունը եւ այն նկատառումով շարժվել, որ բոլոր համայնքների իրավունքները հավասար կամ ճշտված քվոտաներով հարգված լինեն:

 

Սրան ավելանում է, իհարկե, տարածաշրջանային խնդիրների լարվածությունը, որոնց անմիջական կրողը Լիբանանն է: Եվ եթե նախապես հարեւանի` Սիրիայի իրադարձություններն անմիջականորեն առնչվում էին Լիբանանին, ապա հիմա արդեն Լիբանանը դուրս է եկել այդ վիճակից` վերածվել է քաղաքական բաց հրապարակի արտաքին ուժերի համար, որոնք այնտեղ սակարկում են, բանավիճում, իրենց խնդիրներն այնտեղ են լուծում:

 

- Ինչպե՞ս է դրսեւորվում միջազգային հարաբերությունների օրակարգի կարեւորագույն հարցերի համար քաղաքական «սակարան» դառնալը:

- Տարածաշրջանային յուրաքանչյուր խաղացող Լիբանանում ունի իր ազդեցության գոտին. Իր ազդեցության գոտին ունի Սաուդյան Արաբիան` ի դեմս սուննիների: Շիաները, որ ընդհանրապես իրանամետ են, համարվում են Իրանի ազդեցության գոտի: Քաթարը որոշակիորեն սկսել է ակտիվանալ, եւ ի վնաս մեզ` Թուրքիայի գործոնը տարածաշրջանում բավականին ակտիվացել է, մասնավորապես` ընդգրկելով նաեւ Լիբանանը: Իհարկե, սա որոշակի փոփոխվեց` վերջին ներթուրքական իրադարձությունները նկատի ունենալով, որոշ զսպվածություն բերեց Թուրքիային, բայց նեոօսմանական արտաքին քաղաքականությունը, որ կիրառում է Անկարան, ամենաակտիվ ու ցցուն տեսքով զգում ենք նաեւ Լիբանանում:

 

- Կխնդրեի այդ համապատկերում ներկայացնել նաեւ հայ համայնքի դերը` ի՞նչ խնդիրներ ունի համայնքը, ի՞նչ վտանգներ են սպառնում, ի՞նչ առավելություններ ունի:

- Այստեղ մենք պետք է մի քիչ հետ գնանք, եւ այն ամբողջ համատեքստը նկատի ունենանք, որ Լիբանանը 17-ամյա քաղաքացիական պատերազմ է ունեցել, որով անցել է նաեւ հայ համայնքը: Այնտեղ ուժերի հավասարակշռությունը բոլորովին այլ հարթությունում էր: Սկզբում հակամարտությունը պաղեստինցիների եւ քրիստոնյաների միջեւ էր, հետո նաեւ վերածվեց մուսուլմանների ու քրիստոնյաների միջեւ հակամարտության: Այսինքն` որոշ կերպարանափոխություն ունեցան կոնֆլիկտները, բայց, համենայն դեպս, պատերազմը շարունակվեց:

 

Լիբանանահայ  թե’ քաղաքական, թե’, ինչու ոչ, նաեւ զինվորական գործոնը, որովհետեւ մենք բոլոր համայնքների նման ստիպված էինք նաեւ ինքնապաշտպանվել, լիբանանահայ գործոնը այս բոլոր կողմերի միջեւ փորձեց կամրջողի դեր ստանձնել եւ անվերջ հիշեցնել, որ այս երկիրը քանդվում է իր ժողովրդի տարբեր հատվածների կողմից: Այսինքն` հայտնեցինք դիրքորոշում, որ եղբայրասպան կռիվները որեւէ արդյունքի չեն հանգեցնելու, այլ արդյունքը լինելու է երկրի քայքայումն ու կործանումը: Եվ այդ պոզիտիվ կերպարով շահեց լիբանանահայ համայնքը:

 

- Իսկ հակամարտող ուժերի կողմից ինչպե՞ս ընդունվեց հայերի չեզոքությունը:

- Պետք է ասել, որ համայնքի երեք ավանդական հայկական կուսակցությունների այսօրվա քաղաքական վերնախավն ունեցավ խոհեմություն ու լրջախոհություն. այս խնդրում միասնական եւ, անկախ ներազգային տարակարծություններից, որոշեց չներքաշվել եղբայրասպան կռիվների, եղբայրասպան պատերազմի մեջ: Սա սկզբում ճիշտ չընկալվեց հակամարտող տարբեր ուժերի կողմից, որոնք ուզում էին իրենց ազդեցությունը բանեցնել հայկական թաղամասերի վրա: Արդյունքում` մենք տարբեր հանգրվաններում ստիպված էինք հայկական թաղամասերը պաշտպանել ե’ւ պաղեստինցիներից, ե’ւ հետագայում նաեւ քրիստոնյա ուժերից, որոնք ուզում էին իրենց զինվորական առաջխաղացման համար անցնել նաեւ հայկական թաղամասերով:

 

Բայց հայկական գործոնը դա մերժեց, քանի որ այդ դեպքում հայկական թաղամասերը կվերածվեին կռվախնձորի եւ կտուժեր համայնքը, իհարկե: Դրական չեզոքությունը քաղաքական բանաձեւն էր, որ դրվեց լիբանանահայ համայնքի դիրքորոշման հիմքում, եւ դա որոշ դեպքերում զոհերի գնով պահպանվեց` հայկական թաղամասերի ինքնապաշտպանական կռիվներում ունեցանք նահատակներ: Արյան գնով պաշտպանվեց ոչ միայն հայկական թաղամասերի անվտանգությունը, այլեւ հետագայում այդ դիրքորոշումը հարգանքի արժանացավ բոլորի կողմից:

 

- Ներկայումս հայկական համայնքի դերն ինչպիսի՞ն է Լիբանանի ներքին կյանքում, ինչպե՞ս է հայկական համայնքը դիրքավորվել ներլիբանանյան ու տարածաշրջանային զարգացումներում:

- Ընկալումը դրական է, քանի որ, ինչպես նշեցի, ե’ւ լիբանանյան զանազան քաղաքական շրջանակներ`թե’ իսլամական եւ թե’ քրիստոնյա, հետո հասկացան, որ լիբանանահայ քաղաքական կազմակերպությունների կամ, առհասարակ, համայնքի կեցվածքն էր ճիշտը: Այս պահի դրությամբ քաղաքական երկբեւեռ դրություն է երկրում: Կան որոշ արեւմտամետ, նաեւ հակաարեւմտամետ կամ, այսպես ասած, շիաներով պայմանավորված իրանամետ շրջանակներ:

 

Ընտրական հանգրվաններում կարելի է որոշ դաշինքներ կնքել այս կամ այն բեւեռի հետ: Եթե այն ժամանակ` պատերազմի թոհուբոհի մեջ կամրջողի դեր էինք ուզում ստանձնել, ապա հիմա նաեւ հայկական կուսակցությունները կամ ներկայումս առավելաբար ՀՅԴ-ն, ուզում են քաղաքական բեւեռացած մթնոլորտի մեջ տարբեր շրջանակների հետ նորմալ հարաբերություններ հաստատել: Չէի ասի կամրջումի դեր, դա առնվազն որպես առաջադրանք կա, բայց դժվար թե իրականանա, քանի որ բեւեռացումն ու լարվածությունը բավական շիկացել են:

 

- Ինչպե՞ս են դրսեւորվում թեժացումն ու բեւեռացումը:

- Այն առումով, որ կառավարությունը մի քանի ամիս առաջ հրաժարական է տվել, կա նոր նշանակված վարչապետ, բայց կա նաեւ հրաժարյալ, սակայն դեռեւս գործող վարչապետ, որովհետեւ նոր վարչապետը նախագահի հետ արդեն երեք ամիս է` չեն հաջողում նոր կառավարություն կազմել: Ու քանի որ չկա նոր կառավարություն, փաստորեն, հրաժարական տված կառավարությունն է ընթացիկ առաջադրանքները կատարում` նոր որոշումներ չի կայացնում, սակայն ընթացիկ աշխատանքները շարունակում է: Սա էլ է քաղաքական որոշակի լարվածություն ստեղծում:

 

Բայց այս պահի դրությամբ լարվածությունը ոչ թե քաղաքական ճամբարների միջեւ է, այլ ավելի ներիսլամական է: Այսինքն` սուննի-շիա ճամբարների միջեւ: Եվ դա խոսում է տարածաշրջանային հարթության վրա աշխարհաքաղաքական ուժերի բաժանարար ծրագրերի մասին, որի մանրանկարն է Լիբանանում ստեղծված կացությունը` սուննիներն ընդդեմ շիաների կամ հակառակը:

 

- Լիբանանում երբեմն-երբեմն գրանցվող միջադեպերը այդ կացությա՞ն հետեւանքներն են, թե՞ սիրիական զարգացումները կամաց-կամաց փոխադրվում են Լիբանան:

- Փաստ է, որ այդ լարվածությունը հանգում է որոշակի միջադեպերի` բախումներ, սպանություններ եւ այլն: Բայց հայտնի է, որ կա նաեւ համալիբանանյան պատերազմ չբռնկելու մոտեցում: Որովհետեւ սահամանափակ, տեղայնացված միջադեպեր են, որոնք չեն տարածվում` համալիբանանյան ընդգրկում չեն ստանում: Սա կարեւոր է այն առումով, որ լարվածությունը կա, այն հանգեցնում է որոշակի միջադեպերի, բայց նաեւ կան որոշակի զսպիչ գործողություններ: Այս ամենը կարող է բացատրվել նաեւ այլ հանգամանքներով` որ արտաքին խաղացողները, Սիրիայի խնդիրը չվերջացած, մեծ խնդիր չեն ուզում առաջացնել նաեւ Լիբանանում, քանի որ դա արդեն քաոսային իրավիճակ կստեղծի: Առավել եւս, որ Սիրիայի խնդիրն էլ անորոշության փակուղի է մտել:

 

Կա նաեւ երկրորդ հարցը, որ Լիբանանն արդեն անցել է 17-ամյա քաղաքացիական պատերազմի փուլով, եւ ընդհանուր տարածաշրջանի խնդիրների տեղավորման համատեքստում մենք` իբրեւ երկիր, իբրեւ հասարակություն, արդեն անցել ենք վերադասավորությունների փուլը: Բայց դա չի բացառում հակամարտության վերսկսումը, քանի որ դրա նախադրյալները կան` ենթահողը, լարվածությունը կա, քանի որ սուննիներն ու շիաներն այնտեղ են:

 

Եվ, վերջիվերջո, եթե հաշվի առնենք, որ Սիրիայում ալեւիներն ու սուննիներն իրար են բախվում` ալեւիները` որպես վարչակարգի կողմնակիցներ, եւ սուննիները` իբրեւ ժողովրդի մեծամասնություն, որը ապստամբել է, չհաշված ծայրահեղ իսլամականներին, իսկ ալեւիները նաեւ շիաների ռազմավարական գործընկերներն են, ուստի Լիբանանում ոչ թե սուննի-ալեւի, այլ արդեն սուննի-շիա բախումներ կարող են սկսվել: Բավական բարդ է իրադարձությունների` հակասությունների տրամաբանությունը, եւ անմիջական ազդեցություն բերելու առումով բավականին պարարտ հող է ստեղծվել Լիբանանում:

 

Զրույցեց Գեւորգ ԱՎՉՅԱՆ

Շարունակությունը` ո՞ւր են տանում սիրիական զարգացումները, կարող եք կարդալ վաղը: