Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբանանում ռազմական գործողությունները տեղի են ունենում երկրի հարավային հատվածներում և Բեյրութի արվարձաններում, որտեղից տասնյակ հազարավոր ներքին փախստականներ տեղափոխվում են դեպի երկրի համեմատաբար ապահով շրջաններ:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Լիբանանում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով տիրող իրավիճակին:
«Անվտանգության իրավիճակին առընթեր կանխատեսելի է նաև հումանիտար ճգնաժամը, որովհետև հավաքական կեցավայրեր, բուժօգնություն, դեղորայք ու սնունդ է անհրաժեշտ»,-մանրամասնեց Գանտահարյանը:
Անդրադառնալով հայ համայնքին՝ նա նշեց, որ հայկական թաղամասերն ու ազգային հաստատությունները ռազմական գործողությունների վայրերից հեռու են գտնվում, սակայն չի բացառվում, որ փախստականների ալիքը հասնի նաև հայաբնակ շրջաններ:
«Իրավիճակը քննարկելու և տարբեր սցենարների նախապատրաստվելու համար հայկական քաղաքական կուսակցությունները նիստեր են գումարել: Հայ բարեսիրական միությունների ներկայացուցիչները քննարկել են փախստականների կենցաղային, դեղորայքի, սննդի խնդիրները լուծելու հարցերը՝ հայաբնակ շրջաններ հասնելու դեպքում»,- ասաց նա:
Գանտահարյանի բնորոշմամբ՝ Լիբանանում բավականին ծանր, անորոշ ու սպասողական իրավիճակ է:
«Իսրայելը խնդիր է դրել վերականգնել իր հյուսիսային հատվածի խաղաղությունն ու անվտանգությունն, ինչը ենթադրում է վերադարձնել հյուսիսային Իսրայելից տեղահանված ժողովրդին: Դրա համար նախապայման են համարում հարավային Լիբանանում բուֆերային, անվտանգության գոտու ձևավորումը»,-ասաց միջազգայնագետը՝ հավելելով, որ բացի հարավային Լիբանանից և Բեյրութի արվարձաններից, թիրախավորվել են այլ շրջաններ ևս, այդ թվում՝ քրիստոնյաներով բնակեցված այն հատվածները, որտեղ շիա գյուղեր կան և «Հեզբոլլահ»-ը կենտրոնատեղի ունի: Ըստ Գանտահարյանի՝ հիմնական թիրախներ են հանդիսանում «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներն ու պատասխանատուները:
Նրա դիտարկմամբ՝ չնայած միջազգային հանրության կողմից սկսել են կոչեր հնչել լայնամասշտաբ, տարածաշրջանային պատերազմի չգնալու և հրադադարի հաստատման վերաբերյալ, սակայն նման միտում դեռևս տեսանելի չէ:
«Իսրայելը շրջեց իրավիճակն այն առումով, որ եթե Գազայում հրադադար լիներ, ապա, բնականաբար, հրադադար կլիներ նաև հարավային Լիբանանում, բայց Գազայի դեպքում կա ներիսրայելյան բողոքի հսկայական ալիք, մինչդեռ՝ լիբանանյան ուղղությամբ՝ «Հեզբոլլահ»-ի դեմ պատերազմում, զգացվում են ժողովրդական աջակցության տրամադրություններ»,-պարզաբանեց Գանտահարյանը:
Նա ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը պայմանավորեց նաև Իրանի դիրքորոշմամբ:
«Թեհրանն այս վերջին բռնկման օրերին մի քանի ուշագրավ հայտարարություն արեց, որ Իրանը չի ցանկանում լայնամասշտաբ պատերազմ, բայց կառչած է մնալու ինքնապաշտպանության իրավունքին, չնայած՝ ինքնապաշտպանությունից են խոսում և՛ Իսրայելը, և «Հեզբոլլահ»-ը: Իրանի կողմից նաև հայտարարվեց, որ «Հեզբոլլահ»-ը չի կարող միայնակ դիմակայել Արևմուտքի ամբողջական աջակցությունը վայելող Իսրայելին: Դա ենթադրում էր, որ բանալին մի կողմից նաև Իրանի ձեռքին է գտնվում:
Երկրորդ՝ Իրանը հորդորեց «Հեզբոլլահ»-ին, որ ներկա պահը հարմար չէ Իսրայելի դեմ հարձակվելու համար: Իհարկե, այս հայտարարությունները որոշակիորեն փոխվեցին «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի սպանությունից հետո, որը շատ ցնցող գործողություն էր: Այդ առումով, թերևս, Իրանի հակադարձումը դեռ պարզ չէ, բայց կարծում եմ, որ նրա շահերից չի բխում գնալ լայնամասշտաբ պատերազմի և ներգրավվել դրան»,-համոզմունք հայտնեց միջազգայնագետը:
Գանտահարյանի կարծիքով՝ հարձակումները, թիրախային, ծավալային տեսքով, դեռևս կշարունակվեն, որովհետև ռազմական գործողությունների ընդհանուր կանոնները փոխվեցին փեյջերների ու ռացիանների համընդհանուր պայթյուններից հետո, և թիրախային հարվածները ավելի ուժգին բնույթ ստացան, իսկ դրանց աշխարհագրությունն ընդլայնվեց հարավային Լիբանանից դեպի Բեյրութ ու այլ շրջաններ:
«Նախօրեին շատ էին տեղեկությունները, որ Իսրայելը պատրաստվում է ցամաքային ներխուժման գործողությունների, ինչի համար զորքեր է կուտակել սահմանին: Այս պահի դրությամբ թիրախային հարձակումները շարունակվում են և դեռևս պարզ չէ՝ ցամաքային ներխուժումը կլինի,՝ թե ոչ, բայց պարզ է, որ Իսրայելն առաջադրել է այդ բուֆերային զոնայի ձևավորումը»,-ընդհանրացրեց Շահան Գանտահարյանը: