Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հուլիսի 4-8-ը տեղի ունեցած լիագումար նիստում քննարկման էր դրվել իռլանդացի պատվիրակ Ալան Ֆարելի՝ Արցախյան հակամարտության վերաբերյալ հակահայկական բանաձևը, որում կային «յոթ շրջանների վերադարձի», «Ադրբեջանի օկուպացված տարածքների» վերաբերյալ ձևակերպումներ: Թեմայի շուրջ Tert.am-ը խոսել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ։
– Պարոն Գանտահարյան, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հուլիսի 4-8-ը տեղի ունեցած լիագումար նիստում քննարկման էր դրվել իռլանդացի պատվիրակ Ալան Ֆարելի՝ Արցախյան հակամարտության վերաբերյալ հակահայկական բանաձևը, որում կային «յոթ շրջանների վերադարձի», «Ադրբեջանի օկուպացված տարածքների» վերաբերյալ ձևակերպումներ: Ի՞նչ խնդիրների կարող էր հանգեցնել այս բանաձևը, ի՞նչ ռիսկեր է այս նախագիծը պարունակում:
- Զեկույցում օգտագործված եզրաբանությունը, բնականաբար, միակողմանի է և համահունչ չէ հավասարակշռություն պահպանող միջնորդական առաքելության օգտագործած բառապաշարին և ասելաձևերին։ ԵԱՀԿ ԽՎ-ի զեկուցողը, կարծում եմ, անպայման պետք է նկատի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օգտագործած եզրույթները իրավիճակի գնահատականը ձևակերպելիս, ինչպես նաև պետք է որևե կերպ հակասություն չստեղծի միևնույն կառույցի այն խմբի հետ, որը լիազորվել է միջնորդական առաքելություն իրականացնելու։
Չեմ կարծում՝ միակողմանի մոտեցում ունեցող զեկույցը կարող է հիմք ծառայել բանակցությունների համար։ Գերակա են այստեղ համանախագահների մոտեցումները, հայտարարություններն ու կոչերը։ Վերջին իրար հաջորդող հրապարակումներում նման եզրույթներ չեն օգտագործվել։
- Արդյոք սա Ադրբեջանի «պատվերով» զեկո՞ւյց էր՝ հաշվի առնելով, որ ԵԱՀԿ ադրբեջանական պատվիրակության անդամ Ազայ Գուլիևն իր ելույթում զեկույցը հավասարակշռված համարեց և շնորհակալություն հայտնեց զեկուցողին:
- Չի բացառվում, որ ադրբեջանական գործոնն աշխատել է իրեն հատուկ միջոցներով. եվրոպական կառույցները իրազեկ են այն մթնոլորտին, որը Բաքուն կիրառում է նման համագումարներում բանաձևեր որսալու համար։ Այն փաստը, որ ադրբեջանական պատվիրակության անդամը նման զեկույցը գնահատում է իբրև հավասարակշռված, խոսում է արդեն այդ մեթոդների մասին։
- Նախքան լիագումար նիստի օրակարգում ընդգրկվելը հարցերը հանձնաժողովների նիստերում են քննարկվում, և այս հարցը քննարկվել է քաղաքական հանձնաժողովում, ինչո՞ւ հենց այդ ժամանակ ՀՀ պատվիրակությունը ջանքեր չներդրեց այս նախագիծն օրակարգ չմտցնելու համար, և միայն հետո նրանց ջանքերի միջոցով նախագծից դուրս եկան հակահայ եզրույթները:
- Օրակարգ չբերելը, կարծում եմ, իրատեսական չեր լինի, սակայն նախածում փոփոխություններ անելն ավելի թիրախային աշխատանք է։ Կարծում եմ՝ հայկական կողմն աշխատել է, որ միակողմանի եզրույթները դուրս հանվեն զեկույցից։
Այնուամենայնիվ, ԵԱՀԿ ԽՎ անդամ է 57 երկիր, կա շուրջ 350 պատգամավոր, հետևաբար բազմաթիվ ուղղություններով աշխատանք իրականացնելու խնդիր կա։ ԵԱՀԿ ԽՎ-ի վարկին և հեղինակության պահպանման համար անհրաժեշտ է հավասարակշիռ պահվածք ու դրա համապատասխան բանաձև։ Մի դիտարկում-տեղեկություն այս առիթով. 2013-ին Ալան Ֆարելը սոցցանցում անհարմար գրառում էր արել մի երգիչի մասին, հետո իր էջում ներողություն էր խնդրել։
Մնալով ԵԱՀԿ-ի շրջանակներում՝ զուգահեռ զեկուցումից հակահայկական ձևակերպումները դուրս բերելու փաստին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների կոմիտեն ողջունում էր Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և Ֆրանսիայի կողմից «Ապրիլի 24-ի» սահմանումը՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Հայկական կողմը առավելություններ է արձանագրում թե՛ Անկարայի և թե՛ Բաքվի ուղղությամբ։