կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-20 14:30
Տնտեսական

Թուրքական ապրանքները շարունակում են հայկական շուկա մտնել ապօրինի սխեմաներով. Sputnik Արմենիա

Թուրքական ապրանքները շարունակում են հայկական շուկա մտնել ապօրինի սխեմաներով. Sputnik Արմենիա

Թուրքիայում արտադրված հագուստն ու կոշկեղենը շարունակում են հայտնվել հայկական շուկայում։ Տեղի գործարարները տարբեր հնարքների են դիմում իրենց բիզնեսը շարունակելու համար, չնայած նրան, որ այս տարվա հունվարի 1-ից հարևան երկրից ապրանքների ներմուծման արգելք է գործում։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Ձեռնարկատերերից ոմանք Made in Turkey պիտակները փոխում են Made in China-ով, մյուսները նույն թուրքական ապրանքը ներկրում են Ռուսաստանից, կան նաև այնպիսիք, որոնց հաջողվում է ապրանքը ներմուծել անմիջապես հարևան երկրից։ Իհարկե՝ շրջանցիկ ճանապարհով։

Մենք կապ հաստատեցինք Հայաստանում ներկայացված թուրքական հագուստի խոշոր ապրանքանիշերից մեկի տնօրենի հետ, որի անունը չենք նշի պարզ պատճառներով։ Գործարարը դեռ 1,5 ամիս առաջ չգիտեր, թե ինչ է անելու։ Սակայն այժմ նա խոստովանում է, որ աշխատում են նախկինի պես։ Հարց՝ ինչպե՞ս։

Ստացվում է, որ թուրքական ապրանքը շարունակում է հայտնվել հայկական շուկայում, սակայն արդեն շրջանցելով կառավարության որոշումը, ըստ որի թուրքական ապրանքների ներմուծման արգելքը գործում է կես տարի ժամկետով։ Ավելին, Էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է հանդես գալ արգելքը երկարացնելու առաջարկով։

Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին մեղադրել չի կարելի, չէ՞ որ այլապես նրանք կզրկվեն եկամտի աղբյուրից։

Տնտեսական գիտությունների դոկտոր Թադևոս Ավետիսյանը կարծում է, որ նման օրենքի իրականացման համար լուրջ քայլեր էր անհրաժեշտ ձեռնարկել։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա ընդգծեց, որ իսկզբանե դա քաղաքական որոշում էր՝ կապված վերջին արցախյան պատերազմի հետ, որում Թուրքիան ամեն կերպ աջակցում էր Ադրբեջանին։

«Նախ, անհրաժեշտ էր այլընտրանք ստեղծել գործարարների համար, որպեսզի Թուրքիան հնարավոր լիներ փոխարինել այլ երկրներով։ Այսինքն ռեալ հնարավորություններ ստեղծվեին մեզ համար ավելի բարեկամական պետություններից ներմուծում իրականացնելու։ Երկրորդը՝ գնահատել մեր երկրի ներուժն ու հայրենական արտադրություն գործարկել։ Դրա համար հստակ պետական ծրագիր էր անհրաժեշտ, որը, ըստ էության, չկար ու հիմա էլ չկա», - ասաց փորձագետը։

Նրա խոսքով՝ բոյկոտի ու արգելքի կիրառման պահից բավական ժամանակ է անցել, սակայն ներկրողները այդպես էլ պետական աջակցություն չստացան։ Բայց չէ՞ որ այս ժամանակահատվածում պետք էր առավելագույնս արդյունավետ գործել։

Միևնույն ժամանակ նա համոզված է, որ այդ ուղղությամբ այդպես էլ որևէ ծրագիր չի իրագործվելու ներկայիս իշխանությունների կողմից, չնայած նրան, որ տեղական արտադրանքի խթանումը կհանգեցներ ընդհանուր տնտեսության զարգացմանը։

Որպես օրինակ նա բերում է նույն Թուրքիան, որը հագուստի և կոշիկի արտադրության համար հումք և նույնիսկ հաստոցներ է գնում Չինաստանից։

«Ինչո՞ւ մենք չենք կարող նույն կերպ համագործակցել մեզ բարեկամ երկրի հետ», - հարցադրում է անում Ավետիսյանը։

Նրա կարծիքով՝ տրամաբանական է, որ ստեղծված իրավիճակում տնտեսվարող սուբյեկտներն այս կամ այն ճանապարհով շարունակում են ներմուծել ու վաճառել ապրանքը, թեկուզ և ոչ նախկին ծավալներով։

Այստեղ արդեն հարց է առաջանում՝ ուղղված համապատասխան պետական մարմիններին, որոնք պարտավոր են հետևել կառավարության որոշման կատարմանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: