Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի ազգային ավիափոխադրող AZAL-ը Հայաստանին մոտ 112 հազար եվրո է վճարել 2022 թվականին Հայաստանի օդային տարածքն օգտագործելու համար, Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են քաղավիացիայի կոմիտեից։
«Հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքով թռիչքների համար ադրբեջանական AZAL ավիաընկերությունը «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին է փոխանցել է 111 927,22 եվրո: Փոխանցումն իրականացվել է EUROCONTROL միջազգային կազմակերպության (օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպություն - խմբ.) կենտրոնական գրասենյակի միջոցով ՝ սահմանված ընթացակարգի համաձայն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը չի ծրագրում փակել իր տարածքը ադրբեջանական ինքնաթիռների համար Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պայմաններում, ՀՀ քաղավիացիայի կոմիտեից արձագանքել են` միջազգայնորեն ընդունված ձևաչափի համաձայն, բոլոր միջազգային թռիչքներն իրականացվում են նախապես տրված թռիչքային պլանների համաձայն:
«Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող խտրական մոտեցում կիրառել իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ՝ հիմք ընդունելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հոդվածի դրույթները»,–ասված է քաղավիացիայի պատասխանում:
Նշվում է նաև, որ օդային տարածքի օգտագործման սահմանափակումները կիրառվում են բացառապես բոլոր օդանավի շահագործողների համար թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով:
«Ձեր կողմից բարձրացված հարցը կոմիտեի իրավասությունից դուրս է»,–հայտնել են ՔԱԿ-ից: