կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-19 17:18
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը փորձում է դատարաններն ու դատավորներին դարձնել իր խամաճիկը. Արծվիկ Մինասյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հերթական նվաճողական քաղաքականության շրջանակում ներկայացրել է նախաձեռնություն՝ դատական օրենսգրքի վերաբերյալ, որը  հերթական ոտնձգությունն է դատական իշխանության նկատմամբ՝ քաղաքական իշխանության կողմից՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ԱԺ-ի Դեմիրճյան փողոցի մուտքի առջև բողոքի ակցիայի ժամանակ։

Նրա համոզմամբ, ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը նպատակ ունի ճնշում գործադրել այն դատավորների վրա, որոնք չեն կատարում իշխանության ցանկությունը։

«ԲԴԽ-ին՝ որպես դատավորների ու դատարանների անկախությունը երաշխավորող մարմնի, տրվում է ինքնուրույն վարույթ հարուցելու իրավասություն՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում։ Սա ոչ այլ ինչ է, քան դատարաններն ու դատավորներին մի քանիսի ցանկությունները կատարողը դարձնելու փորձ։ Վտանգն այն է, որ մեր դատավորները պետք է ոչ թե արդարադատություն իրականացնեն, այլ անընդհատ փաստաբանական ծառայություններից օգտվեն՝ իրենց իրավունքները պաշտպանելու ցանկություն ունենալով»,- ասաց Մինասյանը։

Նա նշեց՝ հենց դատավորները անկախություն դրսևորելու փորձ են անում, միանգամից ԱԱԾ-ին, ՀՔԾ-ին ստիպում են հարձակվել այդ դատավորների, նրանց ընտանիքների վրա։

«Եվ վերջապես, մեկ կարևոր հարց. այս իշխանությունը փորձում է դատարաններին ու դատավորներին դարձնել իր խամաճիկը։ Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության և այս քաղաքական իշխանության ձգտումն ու ցանկությունն է։ Մենք պետք է հասկանանք, որ այս իրավիճակում, երբ երկիրը կանգնած է սոցիալ-տնտեսական, դեմոգրաֆիական աղետի առաջ, թիվ մեկ ամբիոնում քննարկվում է այսպիսի հակասահմանադրական, հակաիրավական նախաձեռնություն։ Սրան վերջ տալու համար պետք է հենց հիմա կանխել ամեն ինչը»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ դատական համակարգում ընթացողը հետևանք է այն բանի, որ երբ դատարանները Փաշինյանի կոչով շրջափակվեցին, չեղավ իրավական գործընթաց։

«Սահմանադրական կարգի տապալման փորձերը՝ 2,5 տարի առաջվանից սկսած, գործող քաղաքական իշխանության կողմից անընդհատ բնույթ են կրում, և ամեն անգամ ականատես ենք լինում իրավապահ համակարգի՝ Դատախազության, ՀՔԾ-ի, Քննչական կոմիտեի բացահայտ անգործությանը»,- ասաց նա։

Մինասյանի համոզմամբ, գործ ունենք հանցավոր համագործակցության հետ, որի հետևանքով զավթել են պետությունը։

«Վերջին դեպքն էլ Կառավարության անդամի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունն էր։ Մինչև այս պահը հստակ չէ՝ ինչ է կատարվում։ Նախկինում, երբ նման դեպք էր լինում, հիշեք՝ ինչ աղմուկ-աղաղակ էր։ Հիմա տեսնում ենք իրավապահ համակարգի անտարբերություն կամ դանդաղ աշխատանք»,-ասաց Մինասյանը։

Նրա համոզմամբ, Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնվող ցանկացած գործընթաց ոչ միայն իր հիմքում չունի երկիրը հզորացնելու նպատակ, այլև ապօրինություններով փորձում է հաստատել սեփական կամքը։

«Անկախ ամեն ինչից, իրենց բոլոր գործողությունների համար իշխանությունները պատասխան են տալու արդար դատարանի առջև։ Ակնհայտ է, Նիկոլ Փաշինյանի ոչ մի խոսքի չպետք է հավատալ, չպետք է վստահել։ Երեք տարի նա խաբել է, 44 օր ստել է՝ օրենքով արգելելով ճշմարտությունը բարձրաձայնելը, նոյեմբերից հետո շարունակաբար ստել է ու երկիրը տարել ծանր վիճակի։ Նրա ու «Իմ քայլի» բոլոր հայտարարությունների տակ տեսեք միայն քաղաքական նպատակահարմարություն»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․