կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-28 08:15
Արցախ

Իշխանությունը դատական համակարգը փորձում է դարձնել քաղաքական կցորդ. «Փաստ»

Իշխանությունը դատական համակարգը փորձում է դարձնել քաղաքական կցորդ. «Փաստ»

«Դատական համակարգը իշխանության երեք ճյուղերից մեկն է, որից առանձնահատուկ հանրային և հասարակական մեծ ակնկալիքներ կան։ Եվ պատահական չէ, որ Հայաստանում դատաիրավական բարեփոխումների հարցը միշտ ակտուալ է եղել, այլ հարց է, թե դա ինչպես է ներկայացվել կամ իրականացվել։ Խնդիրն այն է, որ դատական համակարգին է վերապահված արդարադատության իրականացումը, սակայն շատ հաճախ դատարանների կողմից կայացվող որոշումները թերի են և ոչ հիմնավոր, իսկ որոշ դեպքերում էլ գոհացուցիչ չեն հանրային ընդհանուր ընկալման համար։ Այդ է պատճառը, որ հասարակությունը բավական զգայուն է արդար որոշումների պակասի հարցում։ Դրա ցուցիչներից մեկն էլ ՄԻԵԴ-ի կողմից բեկանվող որոշումներն ու վճիռներն են, որոնցով պետությունն անարդար որոշումների ու վճիռների ընդունման համար պետք է փոխհատուցում տրամադրի։

Մյուս կարևոր հարցը դատական համակարգի անկախության և ինքնուրույնության ապահովման խնդիրն է, որն անընդհատ գտնվում է ոլորտի գործունեության բարելավում նախատեսող քննարկումների կիզակետում։ Բայց նկատի ունենանք, որ դատական բարեփոխումների անվան տակ կարող են այլ նկատառումներ թաքնված լինել, որի դեպքում հարցը դիտարկվում է ոչ թե հանրության, այլ նեղ քաղաքական շրջանակների շահերից ու նկատառումներից ելնելով։ Հենց այս պատկերն է գործող իշխանությունների կողմից առաջ քաշվող դատական «բարեփոխումների» հայեցակարգի դեպքում։ Ընդ որում, դրա հիմքում դրված է դատարանները քաղաքական իշխանությունից կախվածության մեջ գցելու ու վերահսկելի դարձնելու նպատակը։ Հենց այստեղ են աչքի զարնում դատական համակարգում նախատեսվող փոփոխությունների համատեքստում իշխանությունների կողմից առաջ քաշվող հիմնավորումները։

Օրերս Նիկոլ Փաշինյանը, արդարադատության նախարարություն կատարած այցի ժամանակ, խոսելով դատական բարեփոխումների ընթացքի մասին, նշել է. «Վերջին շրջանում մենք ականատես ենք եղել դատական համակարգի քաղաքականացման փորձերի, ինչը, իհարկե, անթույլատրելի է և խարխլում է դատական համակարգի և արդարադատության գաղափարն ինքնին»։ Սա ապշելու հայտարարություն է, քանի որ փաստացի իր ողջ պաշտոնավարման ընթացքում դատական իշխանությունը քաղաքականացրած, այն ամբողջովին կամակատար դարձնելու ապարդյուն փորձեր արած Փաշինյանը դրանում մեղադրում է ուրիշներին։ Այստեղ տեղին է հիշեցնել նույն Փաշինյանի հետևյալ արտահայտությունը. «Ինչի ՀՀ-ում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարողա չանի՞»։ Ու այս հարցում վերջինս ոչ միայն չի սահմանափակվել դատական իշխանության նկատմամբ ճնշումներով, այլև անցել է օրենքների և երկրի գլխավոր օրենսդրական ակտի՝ սահմանադրության ոտնահարման ճանապարհով։ Բավական է հիշել, թե ինչպես երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու մոլուցքից ելնելով՝ Փաշինյանը նախաձեռնեց դատարանների շրջափակումը և նրանց գործունեության խաթարումը։

Դրան գումարվեցին ՍԴ-ի նկատմամբ ճնշումներն ու իշխանությանը ոչ հաճո, իսկ իրականում՝ անկախ դատավորների թիրախավորումը։ Հենց այս հարցում է, որ ՍԴ մի շարք դատավորների լիազորությունները դադարեցնելու համար իշխող խմբակցությունը ոտնահարեց Սահմանադրությունն ու փոփոխություններ իրականացրեց անցումային դրույթներում։ Այսպես ժամանակը լիովին տեսանելի դարձրեց, որ իշխանություններին դատական բարեփոխումների անվան տակ անհրաժեշտ է միայն հլու կամակատար, կախյալ ու աչառու դատական համակարգ, ինչը Փաշինյանը կարող է ծառայեցնել իր իշխանությունը պահելու, իրեն հաճո որոշումներ ընդունել տալու նպատակին։ Ու այս նպատակադրումից է բխում նաև իշխանությանը անխոնջ ծառայություն մատուցելու երդում տված Գագիկ Ջհանգիրյանի ու Դավիթ Խաչատուրյանի նշանակումը ԲԴԽ անդամների պաշտոնում։

Չէ՞ որ ԲԴԽ անդամների միջոցով իշխանությունները կարող են դատարաններին ու դատավորներին պահել իրենց վերահսկողության տակ։ Հատկանշական է նաև հակակոռուպցիոն դատարանի ստեղծման հարցը։ Կոռուպցիոն գործերը միշտ էլ դատարաններում քննարկման առարկա են դարձել, սակայն հարցն այն է, թե ինչո՞վ է պայմանավորված դրա համար առանձին դատարան ստեղծելու, նոր հաստիքներ բացելու, պետության վրա լրացուցիչ բեռ ավելացնելու անհրաժեշտությունը, եթե հատկապես կալանքների հարցում քաղաքական հեռահար նպատակներ չունես։ Իրականում իշխանությունները հակակոռուպցիոն դատարանի միջոցով փորձելու են իրենց քաղաքական հարցերը լուծել, այսինքն՝ ընդդիմադիրների վրա գործեր կարել ու լռեցնել նրանց ձայնը։ Իսկ այս ամենի արդյունքում մենք կտեսնենք, թե ինչպես է դատական համակարգը ոչ միայն զրկվում ինքնուրույնությունից, այլև վերածվում իշխանությունների քաղաքական կցորդի։ Այս ամենն այն դեպքում, եթե Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, ինչը շատ կասկածելի է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: