կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-29 12:33
Իրավական

Ոստիկանությունը բարի ականջ ունի, իսկ դատարաններն ու դատախազությունը` լուրջ խնդիրներ

Ոստիկանությունը բարի ականջ ունի, իսկ դատարաններն ու դատախազությունը` լուրջ խնդիրներ

2013թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարել էր, որ ՀՀ քաղաքացիների դժգոհություններն ամենաշատը իրավապահ համակարգից են:

 

Այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին` ինչպե՞ս են այդ հայտարարությանն արձագանքում արդարադատության նախարարությունը, որն ունի նոր նախարար, և ոստիկանությունը, որի ղեկավար Վլադիմիր Գասպարյանը անընդմեջ խոսում է ոստիկանության բարեփոխումների մասին, Կարեն Անդրեասյանը նշեց, որ իրավապահ համակարգի բուրգի երկու հիմնական գագաթներն են դատարան ու դատախազությունը:

 

«Գուցե շատ ընդհանրացրեցի, բայց ես կուզեի դուրս բերել այսօրվա արդարադատության նախարարության գործընթացները, որովհետև հայտարարություն ենք արել, որ տեսնում ենք դրական զարգացումներ: Ոստիկանությունում թեև խնդիրները վերջնականապես լուծված չեն, բայց դրական զարգացումները շատ են, և սա այն մարմինն է, որ մենք գրեթե խախտման որոշում չունենք: Այսինքն` այստեղ ականջը շատ լավ է լսում, շատ ընկալունակ է ու բարի: Բայց դատախազությունն ու դատարանը, որոնք այս համակարգի ամեն ինչի որոշողն են, լուրջ խնդիրներ ունեն»,- ասաց օմբուդսմենը` հավելելով, որ շուտով կներկայացնի վիճակագրություն` այդ ոլորտի հետ կապված: