կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-18 16:24
Հասարակություն

30-ից ավելի բեկորները ոտքում՝ պատերազմի մասնակցին չեն տալիս սոցիալական աջակցությունը, ասում են՝ «չմասնակցեիր»

30-ից ավելի բեկորները ոտքում՝ պատերազմի մասնակցին չեն տալիս սոցիալական աջակցությունը, ասում են՝ «չմասնակցեիր»

30-ից ավելի բեկորները ոտքերում ու ազդրում՝ Սիրակ Ղազարյանը, երեք մանկահասակ երեխային թողած, ստիպված է պետական մի գերատեսչությունից մյուսը վազել, նվաստացումներ կրել մանր չինովնիկներից, ու մինչև այսօր այդպես էլ չի ստացել վիրավորման դիմաց տրվող պետական օժանդակությունը։

Մարդկանց կյանքի համար անհրաժեշտ գումարը անհասկանալի շրջապտույտների մեջ է և Սիրակի ընտանիքին այդպես էլ չի հասնում։

Հայրենիքը պաշտպանելիս անգործունակ դարձած երիտասարդի ընտանիքը փողոցում հայտնվելու վտանգի առջև է, փաստորեն, Սոցիալական ապահովության ծառայության հանցավոր անգործության պատճառով․ գումարը, որի փոխանցման համար ընդամենը 3-4 օր ժամանակ է հատկացված, արդեն 10 օր է չի փոխանցվում՝ Yerkir.am-ին ասաց պատերազմի մասնակցի կինը՝ Աղավնի Ավետիսյանը։

«33 հատ ասկոլկա կա ոտքերի մեջ։ Դիմում ենք վիրավորման գումարի համար։ Դիմումը հաստատվել է մարտի 8-ին, բայց մինչև այսօր դեռ չեն նստացրել գումարը բանկի հաշվեհամարին։ Նախարարությունն ասում է՝ մենք ձեր տվյալները տվել ենք Սոցծառայություն, ձեզ SMS հաղորդագրություն կգա և դրանից ընդամենը 4 օր հետո ձեր գումարը կնստի․․․ մինչև հիմա չի նստել։  500 հազար դրամ պետք է տան վիրավորման համար։ Սոցծառայությունն ասում է՝ ինչքան պետք լինի՝ 1 ամիս-2 ամիս, պետք է սպասեք»,-ասաց Աղավնի Ավետիսյանը։

Սա դեռ ամենը չէ, Աղավնիի մորը, որ գնացել էր գումարի հետևից, Սոցծառայությունում ասել էին՝ փոխանցել ենք բանկ, գնացել էր բանկ, ասել էին՝ չեն փոխանցել, նորից եկել էր Սոցծառայություն, ասել էին՝ գնացեք, սպասեք, մինչև փոխանցենք։ Ստախոսությամբ այս մարդկանց ամեն օր տարել ու բերել են՝ առանց արդյունքի։

Սիրակ Ղազարյանը պատերազմ է գնացել առաջին օրերից՝ սեպտեմբերի 28-ին, մարտական թեժ գործողությունների է մասնակցել մինչև հոկտեմբերի 15-ը։ Երբ վիրավորվել է, տեղափոխել են Երևան, 43 բեկորից ընդամենը 10-ն է հնարավոր եղել հանել, մնացած 33 հատը մնացել է ոտքերի ու ազդրի մեջ, ասել են՝ այնպիսի տեղ է, որ չենք կարող վիրահատել, միգուցե ներվին կպչենք և ընդհանրապես չքայլես։

Սիրակ Ղազարյանին, առաջին անգամ, երբ գնաց Սոցիալական վարչություն, ագրեսիվ դիմավորեցին․ երբ ասաց, որ անգործունակ է դարձել պատերազմում վիրավորվելու պատճառով, ասացին՝ «չգնայիր պատերազմ, չվիրավորվեիր, այդպես չլիներ»։ Երբ Սիրակը փոքր ինչ կոպիտ հակադարձել է, որ իրենց համար է գնացել, հայրենիքի համար է գնացել, ոստիկանություն են կանչել, որը սպառնացել է՝ կա՛մ հենց այդ պահին գնում է տուն, կա՛մ գնում են բաժանմունք։ Սիրակը թողել, հետ է գնացել տուն՝ առանց արդյունքի։

«Նոր էի հիվանդանոցից դուրս գրվել։ Գնացի Սոցապ վարչություն, որ մի ուղղություն ինձ ցույց տան։ Ասացի՝ այս վիճակում եմ, գոնե մի բան մտածեք՝ օպերացիա, բան արեք, որ կարենամ՝ իմ ընտանիքը պահեմ։ Ասեց՝ չէթայիր կռիվ, տենց չըլներ։ Ճիշտն ասած, ասի՝ քո նմանի համար եմ գնացել։ Քաղմաս կանչեց, որ վիրավորել եմ իրան։ Եկան, ասին՝ պետական մարդ ա, բողոքես՝ կեթաք․․․մենք էլ խելոք եկանք տուն»,-պատմեց Սիրակ Ղազարյանը։

Առայսօր ընտանիքը ոչ մի աջակցություն չի ստացել պետությունից, ոչ մեկից ոչ մի օգնություն չի ստացել։ Իսկ այսօր արդեն 6 տարեկանից մինչև 8 ամսական 3 երեխաների հետ փողոցում հայտնվելու սպառնալիքի տակ է, քանի որ բնակարանի վարձը չեն կարողացել տալ, բնակարանատերը սպասել է պահանջվող 4 օրը, տեսել է՝ պետական մարմինները չեն տալիս գումարը, ասել է՝ իրերը վերցրեք, դուրս եկեք։  

Սիրակը աշխատող, պատվախնդիր տղա է՝ 28 տարեկան․ մինչև վիրավորվելը ամեն գործ էլ արել է, ընտանիքը արժանապատվորեն պահել։ Պատերազմը երբ սկսվել է ու զորակոչ են հայտարարել, առանց ուշացնելու, 3 մանկահասակ երեխային թողած, գնացել է հայրենիքը պաշտպանելու։ Այսօր սակայն, անգամ ոտքի վրա կանգնել երկար չի կարողանում, մի կերպ օրավարձով որոշ աշխատանաքներ է անում, և միայն հեռուստացույցով է լսում պետության հոգածության մասին, այդ օժանդակությունները, չգիտես ինչու, իրենց ընտանիքին չեն հասնում։ Սա դեռ բավարար չէ՝ դեմքին շպրտում են՝ «ճգնայիր, չվիրավորվեիր»։

Սիրակին անգամ հաշմանդամության կարգ չեն տվել։ 2 անգամ դիմել է հաշմանդամության թոշակ նշանակելու համար, ասել են՝ մարմնում 33 բեկորը բավարար չեն դրա համար։  

«Ռումբերը բերին, քցին մեջներս, էլի։ Հիմա ոտքս դնում եմ գետնին, ցավում ա, էլի, չեմ կարողանում առաջվա նման քայլել։ Գնացի թոշակի, ասացին՝ չափանիշներդ քիչ ա։ Ես էլ խելոք, երկու անգամ բողոքարկելուց հետո մտածեցի՝ մեկ ա բան չի փոխվի»,-ասաց Սիրակ Ղազարյանը։

Այսօր էլ Սիրակի հարազատը առավոտից իրիկուն նստել է Սոցիալական ապահովության ծառայությունում ու ոչ մի կոպեկ չի փոխանցվել։

Սիրակի ընտանիքը Արագածոտնի մարզի Աշտարակի շրջանի Սասունիկ գյուղից է։ Որևէ ազդեցիկ ազգական կամ «տանիք» չունի, և Սիրակին իր վիրավորության դիմաց օրինականորեն հասնող օժանդակությունը տեղ չի հասնում։

Yerkir.am-ը շարունակելու է հետևել այս ընտանիքին հատկացվելիք գումարի շրջապտույտին․ ո՛ր պահին այն հասնի ընտանիքին, կտեղեկացնենք մեր ընթերցողներին, հակառակ դեպքում՝ նույնպես։

Աննա Բալյան