|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` շարունակվում է Երևանում բնակվող սիրիահայ սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 2013 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝ աջակցություն է ստացել սիրիահայ շուրջ 850 ընտանիք, որից 352-ը՝ միայն վերջին ամսվա ընթացքում:
Տարբեր ծրագրերի շրջանակում սիրիահայերին ցուցաբերվում է սոցիալական, կրթական կարիքների աջակցություն, իրավական խորհրդատվություն և համապատասխան օգնություն: Այդ ամենի արդյունքում զգալիորեն հեշտացել է վերջիններիս մշակութային ու հասարակական կյանքում լիարժեք ներգրավելու գործընթացը:
Քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում բժշկական օգնությունը և սպասարկումը սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքների համար իրականացվում է անվճար: Կարիքավորները հնարավորություն ունեն նաև օգտվելու «Գթության խոհանոցներից»:
Նորածին երեխաներ ունեցող սիրիահայ ընտանիքներին քաղաքապետարանի կողմից նվիրաբերվում են մանկասայլակներ, մանկական իրեր և անհրաժեշտ այլ պարագաներ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը տեղեկացրել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում սիրիահայերի զբաղվածության հարցին: Վարչական շրջանների աշխատակազմերի աջակցությամբ 13 սիրիահայ աշխատանք է ձեռք բերել:
Նշելով, որ սիրիահայերի հետ կապված հարցերը գտնվում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում, Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետը նաև նշել է, որ վարչության կողմից անապահովության գնահատման համակարգում սիրիահայ ընտանիքների հաշվառում է իրականացվում, որից հետո համապատասխան միավոր ունեցող ընտանիքներին հատկացվում են ընտանեկան նպաստներ:
Կարիքավոր սիրիահայ ընտանիքներին աջակցության ծրագրերը շարունակվելու են: Քննարկվում են նաև հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: