կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-15 16:27
Հասարակություն

ՀՀ փաստաբանների պալատն իր զորակցությունն է հայտնում Արման Թաթոյանին և առաջարկում գործադիրին՝ չեղարկել ՄԻՊ-ի ֆինանսավորման կրճատման օրինագիծը

ՀՀ փաստաբանների պալատն իր զորակցությունն է հայտնում Արման Թաթոյանին և առաջարկում գործադիրին՝ չեղարկել ՄԻՊ-ի ֆինանսավորման կրճատման օրինագիծը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին պետական բյուջեից հատկացվող միջոցների վերաբերյալ կարգավորումները փոփոխության ենթարկելու ՀՀ կառավարության նախաձեռնությունն առաջ է բերում խորը մտահոգություն: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Այդ կարգավորումները Մարդու իրավունքների պաշտպանի անկախ և արդյունավետ գործունեության կարևոր երաշխիք են: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացվող միջոցների չափն առանց որևէ սահմանափակման պետական այլ մարմինների հայեցողությամբ պայմանավորելը վտանգում է այդ երաշխիքները:

Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գործառութային առանձնահատկությունները և առանձնակի դերն անձանց իրավունքների պաշտպանության գործում՝ առաջարկվող փոփոխությունները հղի են ՄԻՊ-ի՝ որպես սահմանադրական մարմնի, և ՄԻՊ աշխատակազմի բնականոն աշխատանքի խաթարմանը, ինչը կարող է,  որպես հետևանք հանգեցնել երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վատթարացմանը:

 

Հատկապես մտահոգիչ են փոփոխությունների նախաձեռնումը խտրական վերաբերմունքի հիմքով, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ պետական մարմինների համար անբարեհաճ գործունեությամբ պայմանավորված լինելու մասին տեղեկությունները:

Ի թիվս այլոց, բարձր գնահատականի է արժանի Մարդու իրավունքների պաշտպանի հետևողական գործունեությունը միջազգային հարթակներում՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը բարձրաձայնելու և առաջ մղելու հարցում, ինչն առավել կարևոր նշանակություն ստացավ 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո:

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության միջամտությունը կամ դրա համար անհամաչափ սահմանափակումներ ստեղծելը կարող է բացասական անդրադառնալ ինչպես երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վրա, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը միջազգային հարթակներում, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության վարկին արտաքին աշխարհում:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտնում է իր զորակցությունը Մարդու իրավունքների պաշտպանին և առաջարկում է ՀՀ գործադիր իշխանությանը՝ առկա մտահոգությունների հաշվառմամբ վերանայել ՄԻՊ վերաբերյալ բացասական դիրքորոշումը (վերաբերմունքը) և չեղարկել քննադատության առարկա օրենսդրական նախաձեռնությունը»,- ասվում է Զոհրաբյանի հայտարարության մեջ: