կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-09 19:49
Հասարակություն

Պատմական օր Հայ դատի համար. Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը

Պատմական օր Հայ դատի համար. Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը

Այսօր պատմական օր է Հայ Դատի համար։ Հայոց ցեղասպանության մասին օրինագծի առաջին ընթերցումն անցել է առանց առարկությունների։ Հայտնում է ՀՅԴ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը: 

«Հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին: Շնորհակալություն ենք հայտնում Թիմ Լաֆթոնին և բոլոր հովանավորներին այս հաջողության համար»:

Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում կայացավ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առաջին ընթերցումը։ Օրինագիծը ներկայացրել է պահպանողական խորհրդարանական Թիմ Լաութոնը: Նպատակն է պաշտոնական ճանաչման և հիշատակության միջոցով ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը:

Օրինագիծն ունի հիմնական երեք դրույթներ․ առաջին՝ Օսմանյան կայսրության և դրան հարակից տարածքներում 1915-1923թթ․ ընթացքում հայության ջարդերի պաշտոնական որակում՝ որպես ցեղասպանություն, երկրորդ՝ ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության զոհերի ամենամյա ոգեկոչում, երրորդ՝ Հայոց ցեղասպանության և դրան առնչվող մարդու իրավունքների ժամանակակից խախտումների ու պատերազմական հանցագործություների վերաբերյալ կրթության և հանրային տեղեկացվածության խթանում։

Ըստ ՀՅԴ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը այդ երկրի համար կարևոր է մի քանի պատճառներով: Նախ՝ օրինագծի ընդունումը կհաստատի Մեծ Բրիտանիայի հավատարմությունը «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիային և նրա հիմնական արժեքներին։ Երկրորդ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Մեծ Բրիտանիան կամրապնդի իր հավատարմությունը համամարդկային իրավունքների պաշտպանությանը, քանի որ նման մասշտաբի հանցագործությունը չճանաչված թողնելը անպատժելիության վտանգավոր ուղերձ է. անպատիժ հանցագործությունը խրախուսվող հանցագործություն է: Երրորդ՝ Միացյալ Թագավորության, որպես համաշխարհային խաղացողի դերն ու պարտականությունն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և առաջ մղել Ցեղասպանության ուսումնասիրությունը և մեծացնել մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ հանրային տեղեկացվածությունը: