Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եվ այսպես, ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների կայքերից հեռացված են Արցախին վերաբերող բոլոր նյութերն ու տեղեկությունները։ Ավելին, պարզվում է, «Իրտեկ» տեղեկատվական կայքից հեռացված է 1991 թ, ՀՀ Գերագույն խորհրդի ԱՊՀ ստեղծման մասին որոշումը վավերացնելու մասին փաստաթուղթը։ Դրանով Հայաստանի Գերագույն Խորհուրդն, իր կողմից արված վերապահում-փոփոխություներով է վավերացնում փաստաթուղթը։ Այդ փոփոխություններն են, հոդված 1-ինում․ ««ինքնորոշման անկապտելի իրավունք» բառերը փոխարինել «ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունք» բառերով», հոդված 3-ում․ «Համաձայնագրի 5 հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելությունը»,10-րդում․ «Համաձայնագրի 13 հոդվածի երկրորդ պարբերությունը «բաց է ԽՍՀ միության անդամ պետությունների առջև» բառերից հետո լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն՝ նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով»։
Ահա միայն այսպիսի վերապահումներով է Հայաստանի հանրապետությունը միացել, վարչապետ կոչեցյալի կողմից սրբություն ճանաչված Ալմա-Աթայի հռչակագրին։ Եվ այդ վերապահումներն են ցույց տալիս, թե որն է իրականում ինքնիշխանությունը։
Այսպիսով, Արցախի ցեղասպանությունից հետո, Ադրբեջանը Արցախում վերացնում է հայկական հետքերը մի կողմից, մյուս կողմից նույն բանն են անում Հայաստանի իշխանությունները։ Լավ, ադրբեջանական հայատյացությունը և վանդալիզմը բոլորիս է հայտնի, բա մե՞նք․․․
Այն ինչ կատարվում է Հայաստանում, հիշեցնում է գեղարվեստական գրականության հայտնի գործեր։ Մի կողմից, այն հիշեցնում է Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար է տևում օրը» վեպը, որտեղ նկարագրվում է մարդկանց հիշողությունից զրկելով ստրուկներ դարձնելը, որոնք կոչվում էին մանկուրտներ։ Այդ ստրուկ-մանկուրտները պատրաստ էին նույնիսկ սպանել հարազատ մորը։
Տարբերությունն այն է, որ Չ․ Այթմատովի վեպում, մանկուրտներ դարձնում էր թշնամին գերի ներին, իսկ մեր դեպքում՝ Հայաստանի իշխանությունն իր քաղաքացիներին։ Հարց է առաջանում․ արդյո՞ք Հայաստանի․․․
Այո՛, վարչապետ կոչեցյալը, հետևողականորեն գնում է հայ ժողովրդին ստրուկ-մանկուրտներ դարձնելու ճանապարհով։ Այդ մասին են վկայում, ինչպես դպրոցական դասագրքերում հայոց պատմության աղավաղումը,բուհերի և գիտական հիմնարկների ջախջախումը, այնպես էլ վերը նկարագրված պաշտոնական կայքերի «խմբագրումները»։ Եվ պետք է ընդունել, որ նա արդեն իսկ գրանցել է որոշ հաջողություններ, մանկուրտներ դարձնելով իր ողջ շրջապատին՝ քպ-ականներ, նախարարներ, քաղաքացիական հասարակություն, որոնք ոչ միայն լուռ համաձայնվում են այս որոշումներին, այլ մանկուրտների նման աջակցում և իրականացնում են դրանք։
Պաշտոնական կայքերի «խմբագրումները» հիշեցնում են նաև Ջորջ Օրուելի «1984» վեպը նույնպես։ Ջ Օրուելի հանրայտ ֆանտաստիկ վեպում նկարագրված երկրում, գոյություն ուներ «ճշմարտության» նախարարություն։ Այդ նախարարությունը, ժամանակ առ ժամանակ, կախված իրավիճակից, փոփոխություններ էր կատարում, տարիներ առաջ տպագրված թերթերի հոդվածներում։ Ո՞վ կսպասեր, որ Ջ․ Օրուելի վեպն իրականություն կդառնա XXI դարի Հայաստանում:
Այսպիսով, Հայաստանի վարչապետ կոչեցյալը, մի կողմից հանձնում է Հայաստանի պատմական տարածքները, մյուս կողմից ջախջախում հոգևոր Հայաստանը։ Եկեք խոստովանենք, որ առայժմ այդ ամենը նրան հաջողվում է, քանի որ բացակայում է լուրջ, ժողովրդական ընդվզումը։
Ավետիք Իշխանյան