կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-16 13:23
Հասարակություն

Ջրիմուռներն անցել են ջրի հատակը, բայց չի անցել վտանգը

Ջրիմուռներն անցել են ջրի հատակը, բայց չի անցել վտանգը

Բնապահպանները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Սևանի խնդրով անհանգստացած են ոչ թե այսօր, երեկ, մեկ տարի, այլ տարիներ շարունակ. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը:

«Ամեն անգամ ասում ենք` պետք է հրատապ միջոցառումներ ձեռնարկել, որ Սևանա լիճը վերջապես դուրս գա ճահճացման գործընթացից ու վերադառնա իր նախկին, բնական վիճակին, բայց արդեն քանի տարի է` ոչինչ էլ չի փոխվում:  Վերջին տարիներին Սևանա լիճի մակարդակը, ըստ էության, չի բարձրանում` մեկ բարձրանում է, մեկ` իջնում, այսինքն` բարձրացման նորմալ գործընթաց չկա, իսկ դա նշանակում է, որ լճի պաշտպանական շերտի գոյացումը նույնպես տեղի չի ունենում»,- ասաց նա:

Հղում անելով «Սևանի մասին» օրենքին` Զարաֆյանը հիշեցնում է, որ Սևանա լճի մակարդակը պետք է բարձրացնել մինիմում 1903.5 մետրի, իսկ, նկատի ունենալով ալիքի ազդեցությունը, մինչև 1905 մետրի, և միայն նշված մակարդակն ապահովելուց հետո կսկսի ձևավորվել պաշտպանիչ շերտը, որը չի թողնի, որ հատակին կուտակված օրգանական տարբեր նյութերը խառնվեն ջրին ու վատացնեն դրա որակը:

Նշենք, որ «SOS Սևան» նախաձեռնությունը, որում ներառված են և՛ հասարակական գործիչներ, և՛ գիտնականներ, և՛ Սփյուռքի ներկայացուցիչներ, մի քանի օր առաջ նամակ էր հղել կառավարությանն ու վարչապետին` նրանց ուշադրությունը հրավիրելով Սևանի` օր առաջ լուծում պահանջող խնդրին:

Որո՞նք են Սևանա լճի մակարդակի բարձրացմանը խոչընդոտող հանգամանքները: Ըստ բնապահպանի` նախ` Սևանի ափամերձ տարածքում անօրինական կապիտալ շինություններ կան, որոնց թիվը 4729 է, կառուցված են վերոնշյալ 1905 մետրից ցածր, և եթե լճի մակարդակը բարձրանա, պարզ է` դրանք ջրի տակ կանցնեն:

«Եթե անգամ մտածենք, թե դրանց սեփականատերերի շահերն էական չեն, ու լճի մակրդակի բարձրացման հետ այդ կառույցներն անցնեն ջրի տակ, անկարելի է դա թույլ տալ: Այդ տարածքները պետք է մաքրել ու նախապատրաստել ափը, որ ոչ մի շինություն ջրի տակ չանցնի:
Հանրապետական նշանակության ճանապարհների հարցը կա նաև: Դրանք նույնպես կարող են ջրի տակ անցնել: Բարձրավոլտ էլեկտրագծեր կան, որոնք պահող աշտարակների մի մասը (Մարտունիի տարածքում) արդեն կիսով ջրի տակ են»,- բացատրեց նա:

Զարաֆյանը նշեց նաև, որ, 2001-ից սկսած, ամեն տարի Ազգային ժողովի մակարդակով նախագիծ է ընդունվում, որ վերաբերում է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը: Ու թեև միջոցառումների պլան է մշակվում, բայց որևէ միջոցառում, ըստ էության, չի կատարվում, կամ` այնքան թերի, որ լճի վիճակը չի փոխվում:

Բնապահպանը հիշեցրեց` Սևանի մակարդակի բարձրացման խոչընդոտներից է նաև  Սևան-Հրազդան հիդրոկասկադը, որ սնվում է Սևանից:

«Արարատյան դաշտավայրի ոռոգման համար 4-5 անգամ հատուկ նախագծով հաստատվել է լճից հավելյալ ջրառ իրականացնելը: Վատ վիճակում են նաև Արփա-Սևան ու Որոտան-Սևան թունելները, որոնք բավարար չափով չեն սնուցում լիճը»,- ընդգծեց նա:

Դառնալով ջրի կանաչ գույնի նահանջին` Զարաֆյանը զգուշացրեց` ջրիմուռները ոչ թե «լքել» են Սևանը, այլ ջրի հատակն են անցել,  և վտանգը դեռևս առկա է:

«Եթե այժմ ջրի գույնը փոխվել է, ու ջրիմուռները չեն երևում, դա չի նշանակում, թե դրանք այլևս չկան: Ուղղակի իջել են ջրի հատակը`  շարունակելով արտադրել նույն վնասակար միկրոցիստին նյութը, որի վտանգի մասին հայտարարվել  է անցած տարվանից, ու որևէ արձագանք չի եղել : Վարչապետին, որ տարբեր առիթներով «լայվ» է մտնում, խնդրում ենք, որ այս առիթով էլ «լայվ» մտնի,  ու կառավարությունն` ամբողջ կազմով, Սևան գնա` ոչ թե լողալու կամ ջուր  խմելու, ինչպես սիրում են անել, այլ մաքրման աշխատանքներով զբաղվելու»,- հորդորեց Ինգա Զարաֆյանը: