Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկրում մոլեգնում է ճգնաժամը հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Իշխող ձախողակ խմբակը ժողովրդին կանգնեցրել է անվտանգային ներքին ու արտաքին սպառնալիքների, գոյատևման համատարած խնդիրների առջև:
Սարսափելին նաև այն է, որ այս խմբակը վերակենդանանում է՝ օգտվելով առիթից: Իրական նպատակը նույնն է՝ ձգել իրենց իշխանությունը, իսկ անցնող ժամանակի հետ էլ կարգել «մեղավորներ» և խուսափել քաղաքական, իրավական ու բարոյական պատասխանատվությունից: Կարճ ասած՝ ուզում են անհետևանք մարսել մի ամբողջ ազգից խլված ու հոշոտված ապագան:
Երկրի համար կենսական հրատապ խնդիրները շարունակում են թաքցնել հանրությունից, քանի որ չունեն դրանք լուծելու ցանկություն և կարող չեն: Փոխարենը, երկիրն իշխում են իրենց պարզունակ պոպուլիզմով, «ջայլամի քաղաքականությամբ»՝ ավելի լավ նախապատրաստված սցենարներ խաղարկելով, դերակատարների դերերը փոխելով:
Իհարկե փաստ է՝ Հայաստանի գոյության հիմնական սպառնալիք դարձած պետական կառավարման այս կերպն արդեն ամբողջովին բացահայտված է: Դավաճանական, խայտառակ կապիտուլիացիայից հետո դրա դրսևորման նոր օրինակները ևսշատ են՝ կառավարության և ԱԺ նիստերը, վարչապետի վերջին հանդիպումները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի նախարարություններում և այլն:
Բեմականացվող այս քննարկումները չունեն իրական օրակարգ, ակնկալվող արդյունքների և պատասխանատուների առումով որևէ կոնկրետություն: Դրանք օր-օրի դառնում են ավելի ձևական, բակային տաղավարներից անհամեմատ ցածր որակով: Հանրությանը նորից խոստանում են այն, ինչի տրամագծորեն հակառակն են ապահովել նախորդ երեք տարիներին: Խոստանում են՝ միլիարդավոր դոլարի ներդրումներ և նոր աշխատատեղեր, մեր երկրի սահմանների անվտանգություն և ապաշրջափակում, սոցիալական խնդիրների առաջանցիկ լուծումներ և այլն:
Այս ամենի հավաքական օրինակ է կառավարության այսօրվա նիստը: (օրակարգը հասու է https://www.e-gov.am/sessions/ հղումով): Բերեմ հատկանշական որոշ մանրամասներ:
Օրակարգի 34 հարցերից 30-ը նախատեսել էին ընդունել առանց զեկուցման ու քննարկման: Վերջիններս հիմնականում բովանդակում են ընթացիկ, իներցիայով եկեղ հարցեր:
Օրակարգում չկային հարցեր կամ կառավարության անդամների հաղորդումներ, որոնք կվերաբերեին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և ամեն պահի ավելացող անվտանգային խնդիրներին, հայ գերիների վերադարձի ապահովմանը, ինչպես նաև կենսական ու հրատապ լուծման կարիք ունեցող այլ հարցեր:
Փոխարենը, նիստի ողջ ընթացքում մանրամասն բեմականացվեց օրակարգի երկու հարցերի քննարկումը՝ վարչապետի, փոխվարչապետերի, նախարարների բոցաշունչ ելույթներ, հանրության մեջ նոր սպասումներ առաջացնող, սակայն իրականության հետ աղերս չունեցող խոստումներ:
Ի դեպ, այդ հարցերից մեկն օրակարգով նախատեսված էր՝ որպես չզեկուցվող: Այսինքն՝ պետք է ընդունվեր առանց քննարկման: Սակայն՝ ինչպե՞ս բաց թողնեին այս չափ պոպուլիզմի մեծ ներուժ պարունակող հնարավորությունը: Խոսքը վերաբերում է Հայաստանի թվայնացման ռազմավարությանը: Նախ՝ ակնկալվող հիմնական արդյունքների ստացումը փուլավորել են այնպես, որ հնարավոր լինի գնահատել 2025թ.-ին: Սակայն այս փաստաթուղթը դեռ չունդունած՝ արդեն այսօր իրենց վերագրեցին այդ ամբողջ արդյունքները: Բնականաբար «մոռացան» նշել, որ թվայնացման բարեփոխումները փաստացի ձախողել են անցած երեք տարիներին: Օրինակ՝ աշխատանքային գրքույկներիթվայնացումը, որը պետք է ավարտվեր 2018թ. դեկտեմբերին, սակայն դեռ կեսին չեն հասել: Այս բարեփոխումը ավարտին հասցրած լինելու դեպքում հնարավոր կլիներ կենսաթոշակային ոլորտում խուսափել աշխատանքային կեղծ ստաժերի հավելագրման արատավոր պրակտիկայից:
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր պետական գույքի մասնավորեցմանը: Որոշման համաձայն գնորդ ընկերությունը պարտավորվում է մինչև 2024թ. իրականացնել 1 միլիարդ ՀՀ դրամի (1,9 միլիոն ԱՄՆ դոլարի) ներդրումային ծրագիր, ստեղծել ծրագրավորման նորարարական ստուդիաներ, որտեղ նախնական հաշվարկով կաշխատեն՝ 300-350 աշխատողներ:
Իսկ կառավարության անդամները, իրենց հատուկ ձևով, նորից մանիպուլացրին հանրությանը՝ ներկայացնելով փաստացի նախատեսվածից շուրջ 20 անգամ մեծ թվեր: Առանց իրական որևէ հիմքի և ժամկետների որոշակիացման՝ այս ծրագրով նախատեսված 1,9 մլն ԱՄՆ դոլորի փոխարեն խոստացան 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, 300-350 նոր աշխատատեղերի փոխարեն՝ 5 հազար նոր աշխատատեղեր։
Այսպիսով հարց. «Սուտն ու կեղծիքը պոզով, պոչով ե՞ն լինում»:
Ամփոփելով. հանրային իրական սպասումը օրվա իշխանավոր, ձախողակ խմբակից շարունակում է մնալ նույնը. իրենց հերթակն նիստը կդառնա վերջինը՝ այս կեղծ օրակարգերով, պոպուլիստական բովանդակությամբ, անդամների կազմով, տեսակով, ապազգային բնույթով …
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ