Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մի երկու ամիս առաջ Ռուսաստանից մի «հանճար», մի «հրաշամանուկ» էր հայրենի Գավառ եկել: Նրա` աստղաֆիզիկայի եւ տիեզերագիտության ոլորտում «հաջողությունների» մասին հենց ինքն էլ տեսախցիկի առջեւ պատմել հանրային հեռուստաընկերության թղթակցին: Որոշ ժամանակ անց տեսանյութերը հայտնվեցին YouTube-ում, եւ հրաշամանուկ Արթուր Պողոսյանի փառքը աշխարհով մեկ եղավ:
«Ես երազում տեսել եմ իտալյանսկի աստղագետ Գալիլեո Գալիլեյին, եւ ինքն ինձ ասեց` ես դու եմ, դու ես ես: Այսինքն` իր հոգին իմ մեջն է». 20-ամյա Արթուրի պատմելով, Օկտյաբրսկ քաղաքի 12-րդ միջնակարգ դպրոցն իր անունով են կոչել, երբ ինքը 15 տարեկանում հայտնաբերել է նոր աստղ, որը գտնվում է «Օրիոնի եւ Մեծ արջի մեջտեղը, արեւից 250 միլիոն լուսական տարի հեռավորությամբ»:
Իսկ դպրոցը թռիչքներով ավարտելուց հետո այս հրաշամանուկը, իբրեւ թե Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, ընդունվում է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, որն էլ ավարտում է երեք տարում: Սա էլ դեռ ոչինչ` ստանում է, իր ասելով, «доктор медицинских наук по космонавтики и аэронавтики»:
Տղայի մյուս լուրջ հաջողությունը այն է, որ 2007 թվականին «պայմանագիր է կնքել» NASA-ի հետ 2016 թվականին տիեզերք թռչելու վերաբերյալ:
Տղան նույնիսկ մի քանի «հյուտի» (գյուտ) հեղինակ է: Հերքել է Նյուտոնին. «Իմ հյուտն է նաեւ, որ Նյուտընը ճիշտ չէ, որովհետեւ լուսի սկորըստը 300 հազար կմ/սեկունդ չէ, այսինքն` 500 հազար է: Ես գիտեմ, որ ես կստանամ Նոբելսկի պրեմյա, որովհետեւ Նյուտընին ճիշտ չեմ համարում»:
Չէ, բայց տղան անձնական հաջողություններով չի բավարարվելու, նա մտահոգ է Հայաստանի ճակատագրով եւ նպատակ ունի աջակցել Ցեղասպանության ճանաչմանը. «Եթե Թուրքիան Ցեղասպանությունը պրիզնատ կգա, Հայաստանը обретет покой»:
Այսքանից հետո թերեւս մեկնաբանությունների կարիքը շատ էլ չկա: Պարզից էլ պարզ է, որ տղան կա'մ հոգեկան շեղումներ ունի, կա'մ էլ անմիտ արկածախնդրի մեկն է:
Բայց նրանից անմիտ կամ էլ պարզամիտ են մեր որոշ գերատեսչությունների ղեկավարները, ովքեր լուրջ են ընդունել նրա զվարճալի ու անգրագետ ելույթները:
Այսպիսով, Արթուր Պողոսյանը, որքան էլ ծիծաղաշարժ է իր կերպարով, սակայն չի գիտակցում, որ փաստաթղթեր կեղծելն ու դրանցով մարդկանց խաբելը քրեորեն պատժելի հանցանք է: Օրինակ, NASA-ի եւ Բոստոնի համալսարանի կողմից տրված անգլերեն փաստաթղթերում լատինատառ ռուսերեն բառեր կան (ամսաթվի կողքին գրված է «goda»): Նրա հագուստն էլ, որով պատրաստվում է տիեզերք թռչել, ընդամենը երկաթուղու մեքենավարի համազգեստ է:
Առանձին չենք կարող անդրադառնալ նրա զավեշտալի բոլոր արտահայտություններին` տեղի բացակայության պատճառով, սակայն նշենք, որ «доктор медицинских наук по космонавтики и аэронавтики» կոչումը նախ սխալ ռուսերենով է ասված, հետո էլ բժշկագիտության հետ որեւէ կապ ունենալ չեն կարող տիեզերագնացությունն ու օդապարիկների ղեկավարման մասնագիտությունը:
Մյուս դիտարկումն այն է, որ լույսի արագությունը ոչ թե 500 հազար, այլ հենց 300 հազար կմ/վ. է, իսկ Նյուտոնն առհասարակ որեւէ կապ չունի լույսի արագության հետ:
Այսքանից հետո կարելի է եզրակացնել մի բան. տղան ոչ միայն գիտնական չէ, այլեւ նրա միջնակարգ կրթվածության մակարդակն էլ թերի է: Չէ, դա ոչինչ: Ինչպես ասում են, ամեն մարդ էլ սովորելու տեղ ունի: Նույնիսկ կարելի է աչք փակել այն բանի վրա, որ իր զվարճալի ստերով փորձում է աշխարհը նվաճել: Դե հիմա, մտածում ես` մարդ է էլի, մի քիչ ցնդած կամ էլ հումորի լավ զգացումով դեմք է, մարդկանց զվարճացնում է: Բայց որ նրա զավեշտը լուրջ են ընդունում են, այ դա...
Երկու ամիս շարունակ սոցիալական ցանցերում շրջանառվում էին նրա մասին տեսանյութերը, Արթուր Պողոսյանից մեջբերումներ էին արվում, բայց մեր Սփյուռքի նախարարությունը «էշի ականջում քնած» էր, թե չէ նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 3-ին չէր հյուընկալի նրան, չէր լսի տղայի բարբաջանքները, հպարտանա ու դեռ լրատվամիջոցներով էլ հաղորդագրություն տարածեր դրա մասին: Ի դեպ, նույն լուրը դրվել էր նաեւ հենց նախարարության ինտերնետային կայքում, որը մեծ աղմուկից որոշ ժամանակ անց հանվեց. երեւի ամաչել էին իրենց արածի համար:
Սփյուռքի նախարարության կողմից որեւէ պատասխան ստանալու նպատակով զանգահարեցինք Հրանուշ Հակոբյանին, սակայն նա չէր պատասխանում, իսկ նրա օգնական Մարիաննան նախ հետաքրքրվեց, թե որտեղից ենք իր համարն իմացել, հետո էլ, թե աշխատանքային օր չէ, եւ մեր հարցերին ամսի 9-ին կպատասխանեն:
Ինչեւիցե, այսօր մարտի 8-ն է, շնորհավորում ենք տիկին Հրանուշ Հակոբյանին եւ Սփյուռքի նախարարության բոլոր կին աշխատակիցներին և ցանկանում ողջամտություն եւ զավեշտալին իրականությունից տարբերելու կարողություն:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ