Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ԱԺ-ում ԸՕ վերաբերյալ «4+4+4» ձևաչափով քննարկումները քիչ էր մնում` տապալվեին, քանի որ ՀԿ ներկայացուցիչները չէին ցանկանում իրենց անձնագրերը թողնել ԱԺ անցակետում` ներս մտնելուց առաջ: Լևոն Զուրաբյանը հեռախոսով համոզում էր ՀԿ ներկայացուցիչներին թողնել անձնագրերը և բարձրանալ, ինչպես պահանջում է օրենքը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նկատեց. «Պարոն Զուրաբյան, 16 րոպե է խոսում եք, այդ ընթացքում 16 հոդված արդեն կքննարկեինք: Կարող է՞ անցակետում իջնենք քննարկումը կազմակերպենք»: Իսկ Լևոն Զուրաբյանը հեռախոսով համոզում էր ՀԿ ներկայացուցիչներին. «Ամբողջ հասարակությունը ձեզ է սպասում, թողեք անձնագիրը և բարձրացեք»:
Ի վերջո կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի նյարդերը տեղի տվեցին. «Հո «ցիրկ» չե՞նք եկել, կես ժամ պետք է նստեմ-սպասեմ, թե Լևոն Զուրաբյանը ինչ է խոսու՞մ»:
Այնուամենայնիվ, 50 րոպե ուշացումով նիստը սկսվեց, բայց այսքանով էլ խնդիրները չավարտվեցին: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ այն, ինչ իրենց բաժանվել է` որպես ընթացակարգ, դրանով առաջնորդվել հնարավոր չէ, որովհետև մի երկու նիստ միայն պետք է ընթացակարգ քննարկեն, այնինչ ԸՕ-ն պետք է ընդունվի մինչև հունիսի 1-ը, և այդ ընթացակարգով ամեն ինչ կխաթարվի, և ոչինչ չեն հասցնի անել: Կես ժամ էլ այս հարցի շուրջ սկսեցին վիճել: Զուրաբյանն ու ՀԿ-ների ներկայացուցիչները խոսում էին ընթացակարգի մասին՝ առանց բուն խնդրին անցնելու: Այդ ընթացքում նկատողություն արեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Եկեք որոշ մարդկանց հնարավորություն տանք տեսախցիկների առաջ արտահայտվեն-վերջացնեն, նոր անցնենք առաջ»,- հայտարարեց նա: Չէր հասցրել խոսքն ավարտել, երբ միջամտեց Զուրաբյանը, ինչն էլ բարկացրեց Վարդանյանին: «Մի\' խոսիր անընդհատ ու մի\' ընդմիջիր, քեզ այստեղ վարող չեն նշանակել»,- ասաց նա՝ դիմելով Զուրաբյանին:
Ի վերջո, հանդիպման նախանշված ժամից մեկ ու կես ժամ անց որոշվեց նիստը շարունակել առանց լրատվամիջոցների ներկայության: