Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանական գերությունից վերադարձածներին, պատերազմին մասնակցածներին, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին անվճար աջակցություն է առաջարկում Խոշտանգում վերապրած անձանց վերականգնողական հայկական կենտրոնը:
Գերեվարումը կամ նմանատիպ բարդ իրավիճակներում հայտնվելը հոգեբանական հետևանքների տեսանկյունից խիստ տրավմատիկ է, դա կոչվում է «հոգեբանական տրավմատիզացիա»` Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց կենտրոնի ղեկավար, ԵՊՀ սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի ասիստենտ Դավիթ Գևորգյանը։
Ախտանիշները, երբեմն, տեսանելի են՝ տարբեր տեսակի վախեր, տագնապներ, նյարդայնություն, գերզգայունություն, երբեմն էլ ոչ այդքան երևացող են, երկար հարատևող և շատ ուշ բացահայտվող, ինչպիսիք, օրինակ, մարմնական տարբեր հիվանդություններն են և այլն։
Հոգեբանն ասաց՝ խոշտանգման հիմնական հետևանքը խարխլումն է մարդու վստահությունը այլ մարդկանց և աշխարհի նկատմամբ։ Այսինքն, եթե այս աշխարհում կարող է տեղի ունենալ այնպիսի երևույթ, ինչպիսին խոշտանգումն է, ուրեմն մարդիկ ներփակվում են և կորցնում են վստահությունը։ Դա տարածվում է նաև ընտանիքի վրա։
«Հաճախ է լինում, որ մարդը չի էլ ասում և չի էլ ուզում խոսել պատահածի մասին։ Դա ունի տարբեր պատճառներ, այդ թվում, հենց տրավմատիզացիան թույլ չի տալիս, որ մարդը շատ խոսի դրա մասին, քանի որ ամեն վերհիշում վերատրավմատիզացիայի նման է։ Այո՛, շրջապատը կարող է նկատել որոշակի տարօրինակ վարքի դրսևորումներ, օրինակ, ներփակվածություն, դյուրագրգռություն, ընդ որում, մտերիմների հանդեպ, որ թվում է՝ հակառակը պիտի լիներ, բայց հաճախ մարդիկ չեն կարողանում հին, լավ, դրական հարաբերությունները նորից վերագտնել, վերակառուցել խոշտանգման հետևանքով, քանի որ խարխլված է լինում ամբողջ հոգեկան համակարգը և կոմունիկացիան մարդկանց հետ»,-բացատրեց Դավիթ Գևորգյանը։
Նա խորհուրդ տվեց, որ ընտանիքի անդամները չպարտադրեն շուտափույթ վերադարձ հնին, որովհետև դա երկար պրոցես է և, երբեմն, մարդիկ այլևս հինը չեն կարողանում լինել տարբեր պատճառներով․ հաճախ քանդված է լինում արժեհամակարգը, այդ մարդիկ վերապրած են լինում այնպիսի հույզեր և ապրումներ, որոնք երբևիցե չեն ապրել, հետևաբար, որոշակի համրությունը, չկարողանալը խոսել, նորմա է։ Հոգեբանը նշեց, որ ընտանիքը պիտի մի փոքր ավելի համբերատար լինի այս ընթացքում՝ չպարտադրելով հուզական վերապրումներ, չպարտադրելով հին, լավ տրամադրություն։
«Ամենաճիշտը լինելն է կողքին՝ անկախ նրանից նա խոսո՞ւմ է, թե՞ լուռ է մնում և հետևել նրա պահանջմունքին, որովհետև տարբեր մարդիկ արբեր ձևով են արձագանքում հուզականորեն և որոշ դեպքերում համատեղ, մարդու հետ միասին լռությունը շատ ավելի առողջարար կարող է լինել, քան անընդհատ խոսեցնելը»,-ասաց Դավիթ Գևորգյանը։
Մյուս կողմից՝ խոսեցնելն էլ պիտի ունենա իր ձևն ու նպատակը և, բնականաբար, միշտ չէ, որ ընտանիքը գիտի ոնց դա անել և հաճախ շատ լավը ցանկանալով՝ կարող է վնասել․ օրինակ, եթե պարտադրում է անընդհատ խոսել ու պատմել մանրամասներ, որովհետև կարող է թվալ, որ սա ձև է հանելու խնդիրը, դուրս բերելու և մարսելու, բայց հոգեբանական տրավմատիզացիան այնքան բարդ երևույթ է, որ երբեմն դա դառնում է հիմք վերատրավմատիզացիայի։
Սա հենց այն դեպքերն են, երբ պետք են մասնագետները, ովքեր գիտեն՝ ի՞նչ չափաբաժնով, ո՞նց, ինչպիսի՞ հերթականությամբ այդ հարցերը տալ, կամ բերել խոսակցության, կամ հող ստեղծել, կայունացնել, մինչև որ մարդը խոսի դրա մասին։
Տրավմայի ենթարկվածը պետք է շո՞ւտ դուրս գա աշխատանքի, թե՞ տանը մնա՝ հարցին, հոգեբանը պատասխանեց՝ ոչ մի պարագայում չի կարելի դրդել կամ պարտադրել որոշակի վարքի։
«Բայց դա նաև չի նշանակում, որ չի կարելի նպաստել նրան, որ մարդը բացվի։ Սոցիալ-հոգեբանական ռեաբիլիտացիայի հիմնական կողմը հենց սա է՝ երբ փոքր-փոքր քայլերով մարդուն օգնում են վերադառնալ նորմային, որի արդյունքը կլինի գնալ աշխատանքի, դուրս գալ, ման գալ և այլն։ Երբեմն ընտանիքի անդամները անզորությունից ուզում են արագ գցեն դուրս մարդուն դեպի հասարակություն, աշխատավայր, ասես բան չի եղել, բայց իրականում եղել է և եղել է բավական վատ բան, և սրա մերժումը նմանատիպ քայլերով հաճախ անջրպետ է մտցնում հարաբերություններում, ընտանիքի անդամների միջև, երբ որ խոշտանգված մարդը սկսում է մտածել, որ իրեն չեն հասկանում, չեմ հասկանում իր ցավի և տառապանքի մասշտաբը, հետևաբար, սենց դեպքերում իհարկե, լավ կլինի առաջնորդվել իր պահանջմունքի չափով»,-ասաց հոգեբանը։
Բայց լինում է նաև հակառակը, որ, երբեմն, խոշտանգվածները ներփակվում են դեպրեսիվ ֆազայի փուլի մեջ և այստեղ պետք է իրենց տեղից շարժել։
«Ցանկացած դեպքում շատ կարևոր է գոնե մասնագիտական խորհրդատվություն վերցնել՝ հասկանալու համար, թե որ փուլում է գտնվում խոշտանգվածը և այդ դեպքում նոր հասկանալ՝ ինչպիսի ռազմավարություն մշակել»,-ասաց Դավիթ Գևորգյանը։
Խոշտանգում վերապրած անձանց վերականգնողական հայկական կենտրոնի մասնագետները այս պահին էլ այցելում է հիվանդանոցներ՝ վիրավոր զինծառայողներին, աջակցություն տրամադրում։ Հոգեբան ասաց՝ անկախ նրանից՝ վիրավորում ստացել են, թե ոչ, պատերազմը տեսածների 1/3-ը, սովորաբար, հակված է ձևավորելու «պատերազմի տրավմա», որի այս կամ այն դրսևորումներն ի հայտ են գալիս տրավման ստանալուց 1 ամիս հետո։
«Հաճախ տղաները, ովքեր վերադառնում են պատերազմից, չեն ուզում և հաճախ չեն կարողանում խոսել դրա մասին, հետևաբար, մտածում են՝ եթե գնամ հոգեբանի մոտ, պիտի ստիպեն ինձ խոսել, ես չեմ ուզում։ Հիվանդանոցներում աշխատանքի մեր փորձը ցույց տվեց, որ 2-3 օր հետո, երբ մոտենում ես, զրուցում ես և այլն, իրենք են սկսում հասկանալ, որ իրականում իրենց չեն պարտադրելու խոսել, այլ ապրումները վերապրելու հնարավորություն են տալու ապահով միջավայրում։ Դա է առաջինն, ինչ անում ենք»,-ասաց Խոշտանգում վերապրած անձանց վերականգնողական հայկական կենտրոնի ղեկավար Դավիթ Գևորգյանը։
Իսկ ավելի խորը մակարդակում, իհարկե, աշխատում են մտածողության, հույզերի, վարքային փոփոխությունների վրա։
Աննա Բալյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․