կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-19 13:29
Հասարակություն

Դանակահարությունից հետո հոգեբանը կրկնակի ինֆարկտ է ստացել. մանրամասներ

Դանակահարությունից հետո հոգեբանը կրկնակի ինֆարկտ է ստացել. մանրամասներ

Հուլիսի 17-ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում դանակահարված հոգեբան Ռուբեն Պողոսյանը շտապ օգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամլո պատասխանատու Տաթև Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ տուժածը հիվանդանոց է տեղափոխվել դանակահարության հետևանքով գլխի և վերին վերջույթներին ստացած բազմաթիվ վերքերով, առատ արյունահոսությամբ, ծանր աստիճանի հեմորագիկ շոկով:

Տուժածն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, որտեղ դիմածնոտային և այլ նեղ մասնագետները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Վիճակը ծանրացել է մեծ արյան կորստի պատճառով, ինչը հանգեցրել է նաև կրկնակի ծանր ինֆարկտի զարգացմանը: Ներկա պահին վիճակը գնահատվում է կրիտիկական ծանր:

Նշենք, որ հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանն «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավարն է:

Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 17-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 70-ամյա Ռուբեն Պողոսյանը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 34-ամյա Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Պողոսյանի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ: