Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արթիկի պետական քոլեջի, Մարալիկի արհեստագործական ուսումնարանի, բիզնես կազմակերպությունների և «People in Need» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության 4 հուշագիր՝ Շիրակի մարզում աշխատանքի վրա հիմնված ուսուցում կազմակերպելու և տեքստիլ ու ագրոբիզնես ոլորտների աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ պատրաստելու նպատակով։
Հուշագրերի ստորագրմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ով կարևորել է կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման անհրաժեշտությունը՝ առաջնային դիտարկելով գործատուների կարիքների ներառումը մրցունակ մասնագետների պատրաստման գործընթացում: Արտակ Աղբալյանը շնորհակալություն է հայտնել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, Եվրոպական միությանը և «People in Need» կազմակերպությանը՝ ՄԿՈՒ հաստատությունների կարողությունների զարգացմանն օժանդակելու և մեթոդական ու նյութատեխնիկական աջակցություն տրամադրելու համար։
Եռակողմ համագործակցության հուշագրեր են կնքվել «People in Need» կազմակերպության, Արթիկի պետական քոլեջի և «ՉԵԽ-ԱՐՄ-ԻՆՎԵՍՏ», «Վոլյում գրուպ» ու «Գրին ֆուդ» ընկերությունների, ինչպես նաև Մարալիկի արհեստագործական ուսումնարանի և «ԱՆԻԻ ՃՇՇ»-ի միջև։
Հավելենք, որ ավելի վաղ եռակողմ համագործակցության հուշագրեր էին ստորագրվել «People in Need»-ի, Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի և «Բանդիվան Կաթ»-ի, Ամասիայի պանրագործարանի, «Կումայրի կարպետ»-ի, ինչպես նաև Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջի ու Աշոցքի պանրագործարանի և «Գրին Բրոդերս»-ի միջև։
Հուշագրերը ստորագրվել են «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում, որը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է «People in Need» կազմակերպությունը: Ծրագրի գործընկերներն են Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը և Զբաղվածության պետական գործակալությունը։
«Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում Աղվերանում տեղի է ունեցել նաև երկօրյա աշխատաժողով պետական և մասնավոր սեկտորի շահառուների մասնակցությամբ։ Աշխատաժողովի ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ձևաչափերը և յուրաքանչյուր կառույցի համար առավել արդիական մոտեցումը, որոնք հնարավորինս արդյունավետ կդարձնեն պետական և մասնավոր ոլորտների փոխհամագործակցությունը՝ նպաստելով կրթության որակի բարելավմանն ու աշխատաշուկայի ընդլայնմանը։