կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-23 10:36
Հասարակություն

ՄԿՈՒ ոլորտում դուալ համակարգի տարրերի ներդրմանը նվիրված աշխատաժողով

ՄԿՈՒ ոլորտում դուալ համակարգի տարրերի ներդրմանը նվիրված աշխատաժողով

«ՄԿՈՒ ոլորտում դուալ համակարգի տարրերի ներդրումը» թեմայով թվով երրորդ աշխատաժողովի ընթացքում ամփոփվել է դուալ ուսուցման մշակված ծրագրերի փաթեթը:

Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Գերմանական միջազգային համագործակցություն» ընկերության, ՄԿՈՒ հաստատությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ փորձագետներ: Աշխատաժողովն իրականացվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ «Գերմանական միջազգային համագործակցություն»  ընկերության «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (2017-2020թթ.) ծրագրի շրջանակում:

ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նշել է, որ վերոնշյալ ծրագրի նպատակներից մեկն է՝ ՄԿՈՒ համակարգում դուալ կրթության ներդրմամբ խթանել մասնագիտական կրթություն և ուսուցում-աշխատաշուկա կապի ամրապնդումը: «Դուալ կրթության համակարգում ուսումնական գործընթացին զուգահեռ իրականացվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցում գործատուի մոտ՝ կոնկրետ մասնագիտության գծով, որի ընթացքում ուսանողը պրակտիկ գիտելիքներ և հմտություններ է ստանում:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ GIZ-ի աջակցությամբ, հաստատուն քայլերով շարունակում է դուալ կրթության համակարգի փորձարկումը Հայաստանում, որն արդեն մեկնարկել է գինեգործության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ճշգրիտ ճարտարագիտություն ոլորտներում:

Այնուհետև այն կընդգրկի նաև ՀՀ կառավարության կողմից գերակա հռչակված այլ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներ, մասնավորապես, մեխատրոնիկա, ռոբոտաշինություն, գյուղատնտեսություն և այլն»,-նշել է նա՝ հավելելով, որ փորձնական ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատությունները՝ Երևանի հումանիտար, Տավուշի, Վայոց Ձորի և Շիրակի տարածաշրջանային քոլեջներից յուրաքանչյուրն ունի իր հստակ գործընկերը գործատուների դաշտում: Շիրակում այն Գյումրու տեխնոպարկն է, Եղեգնաձորում՝ գինեգործական ընկերություններ, Երևանում՝ մի քանի հայտնի հյուրանոցներ, իսկ Տավուշում՝ տուրիզմի ոլորտի հայտնի ընկերություններ:

Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետ Յուլիա Ստակյանի խոսքով` տնտեսական զարգացման հիմնական նախապայմաններից է՝ որակյալ և հմուտ աշխատուժի առկայությունը: «Ծրագիրն աջակցում է մասնագիտական կրթության և ուսուցման առաջարկների մշակմանը և արդիականացմանը, որոնք ունեն շուկայական ուղղվածություն և պահանջարկված են մասնավոր հատվածի կողմից՝ հզորացնելով մասնավոր հատվածի և կրթական հաստատությունների միջև համագործակցությունը»,-նշել է Յուլիա Ստակյանը՝ ընդգծելով, որ դուալ համակարգի իրականացումը որակապես նոր մակարդակի կբարձրացնի մասնագետների կրթությունը, վերապատրաստումը և մրցունակությունն աշխատաշուկայում: Նրա խոսքով՝ այն նաև կնպաստի սոցիալական գործընկերության զարգացմանը կրթության ոլորտում:

Երկօրյա աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են «Գերմանական միջազգային համագործակցություն» ընկերության մշակած դուալ կրթական համակարգի ներդրման իրազեկման և հաղորդակցության ծրագիրը և ներդրվող ծրագրերի տեխնիկական փորձաքննության և ոլորտային եզրակացության արդյունքները, որոնց հաջորդել են խմբային աշխատանքներ:

Աշխատաժողովի երկրորդ օրն իրականացվել են Գործնական ուսուցման օրագրի ձևաչափի մշակման և գնահատման համակարգի տարրերի ներկայացման աշխատանքներ։

ՀՀ ԿԳՆ