կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-18 21:43
Իրավական

Երկկողմ փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների միջև

Երկկողմ փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների միջև

Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահների գլխավորած պատվիրակություննրի անդամները ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ուղեկցությամբ այցելել են  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դրել 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգել 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, որտեղ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը գրառում են կատարել պատվո հյուրերի հուշամատյանում։

Ռուսաստանի և Բելառուսի ՔԿ նախագահները եղևնի են տնկել Հիշողության պուրակում։

Պատվիրակությունները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու երեք երկրների քննչական կոմիտեների համատեղ երկրորդ նիստին, որի օրակարգում ընդգրկվել և քննարկվել են մինչդատական վարույթի ընթացքում միջազգային հարցումների կատարման, կիբերհանցագործությունների քննության առանձնահատկություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև՝ ծանոթացել էլեկտրոնային տեխնոլոգիաները նախաքննության գործընթացում ներդնելու՝ Հայաստանի քննչական կոմիտեի փորձին։

Նիստի շրջանակներում ստորագրվել են երկկողմ փոխըմբռնման հուշագրեր՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի՝ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների միջև։

Երեք երկրների քննչական կոմիտեների նախագահներին այսօր ընդունել  է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և կարևորել իրավապահ մարմինների միջև սերտ և ամենօրյա համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը խրախուսում է տարբեր ոլորտներում գործընկեր երկրների պետական կառույցների միջև մասնագիտական սերտ շփումներն ու փորձի փոխանակումը՝ նկատի առնելով, որ արագ փոփոխվող աշխարհում նոր տեխնոլոգիաներ և հնարավորություններ են ի հայտ գալիս, որոնք նպաստում են առավել արդյունավետ լուծումներ գտնելուն և աշխատանքի կատարելագործմանը: Նախագահ Սարգսյանը համատեղ նիստի ձևաչափը փոխգործակցության լավ հարթակ է համարել և հաջողություններ մաղթել կոլեգիայի աշխատանքներին: