կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-29 22:53
Տնտեսական

Ինովացիոն ստարտափների ֆինանսավորման մրցույթի հաղթողների հետ ստորագրվեցին հուշագրեր

Ինովացիոն ստարտափների ֆինանսավորման մրցույթն ավարտված է, հայտնի են մրցույթը հաղթահարած «AR magic» և «Web Pro by Game» երկու նախագծերը: «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն և «ՌԵՆԵՍԱ» ՍՊԸ-ն հունիսի 28-ին հաղթող թիմերի հետ ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Մրցույթի մեկնարկը տրվել էր դեռևս այս տարվա մարտի 29-ին`ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում։ Նպատակը տեխնոլոգիական և այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին և ընկերություններին  աջակցելն էր՝ ներդրումների իրականացման միջոցով:

«Մրցույթը հաղթահարած 2 թիմերից յուրաքանչյուրը 10 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսական ներդրում կստանա ներկայացրած գաղափարները կյանքի կոչելու համար»,- նշեց «Գլոբալ Կրեդիտ» ընկերության գործադիր տնօրեն Լուիզա Իգրանյանը` hույս հայտնելով, որ ծրագիրը կհասնի իր նպատակակետին և կլինի շարունակական:

«Մեր նախագիծն է՝ հայկական հեքիաթների մոտիվներով ստեղծված ներկելու գրքեր, որոնք համեմված են լրացված իրականության տեխնոլոգիայով: Նորագույն տեխնոլոգիաներով փորձում ենք ավելի ինտերակտիվ դարձնել սովորական դարձած ուսուցողական ժամանցային գործընթացը»,- իրենց գաղափարի մասին պատմեց «AR Magic» նախագծի ղեկավար Հայկ Վարոսյանը:

«Web Pro by Game» նախագծի ղեկավար Հայկ Առաքելյանը ծրագրի վերաբերյալ նշեց.

«Արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում ենք վեբ ծրագրավորմամբ, ինչպես նաև ուսուցանում ենք: Այս ծրագրով մենք կկարողանանք ոչ միայն հայկական շուկայում, այլև այլ երկրներում տարածել մեր ծառայությունը և խաղերի միջոցով իրականացնել ուսուցում, որն ավելի գրավիչ կդարձնի սովորելու ընթացքը: Այդ ուղղությամբ որոշ քայլեր արդեն կատարել ենք, սակայն առանց օգնության չէինք կարող շարունակել»:

Հայտարարված մրցույթին նախապես հայտ էր ներկայացրել շուրջ 30 թիմ, արդյունքում ընտրվել էին լավագույն 2 առաջարկները: Ընտրող հանձնաժողովի կազմում, բացի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներից, ընդգրկված էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչը։