Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից հայտնում են, որ հունվարի 19-ին ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենի հետ հարցուպատասխանի ժամանակ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ Ռոբերտ Մենենդեզը հարցեր է ուղղել՝ կապված ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների, ինչպես նաև Արցախյան հիմնախնդրի ու Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։
Սենատորն ուշադրություն է հրավիրել Թուրքիայի ապակառուցողական կեցվածքին հարակից գրեթե բոլոր տարածաշրջաններում, մասնավորապես՝ Սիրիայում և Լիբիայում, Հունաստանի բացառիկ տնտեսական գոտու և Կիպրոսի սուվերեն ջրային տարածքներում։ Մենենդեզը հատուկ ուշադրություն է դարձրել Ղարաբաղյան վերջին պատերազմին՝ դատապարտելով Թուրքիայի կողմից Ադրբեջանի զինումը ու պատերազմական գործողություններ հրահրելը:
Սենատորը հետաքրքրվել է, թե արդյո՞ք Բայդենի վարչակազմը Թուրքիային «բաց աչքերով» է նայում, ինչին ի պատասխան Բլինքենն ասել է․ «Մենք «բաց աչքերով» ենք նայում: Թուրքիան դաշնակից է, որը, ինչպես Դուք ասացիք, շատ առումներով չի գործում այնպես, ինչպես պետք է գործի դաշնակիցը: Սա մեզ համար շատ կարևոր մարտահրավեր է, և մենք դա շատ հստակ ենք տեսնում»։
Մենենդեզը նաև հույս է հայտնել, որ Սպիտակ տան վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ նշելով, թե ինչ դժվար է Հայաստանում ԱՄՆ դեսպանների համար այցելել Ցեղասպանության հուշահամալիր և չարտասանել ցեղասպանություն բառը։ Սենատորը նաև կարծիք է հայտնել, որ Թրամփի վարչակազմը Էրդողանին «գուրգուրում էր»։
Ի պատասխան սենատոր Լինդսի Գրեհեմի՝ Թուրքիայի նկատմամբ ռուսական Ս-400-ներ գնելու համար ամերիկյան պատժամիջոցների շարունակականության վերաբերյալ հարցին՝ Բլինքենը պատասխանել է. «Կարծում եմ, որ անընդունելի է այն, ինչ Թուրքիան արել է որպես ՆԱՏՕ-ի դաշնակից Ս-400-ները ձեռք բերելու հարցում: Այն գաղափարը, որ մեր այսօրվա ռազմավարական, այսպես կոչված, ռազմավարական գործընկերը իրականում համահունչ կլինի Ռուսաստանում մեր ամենամեծ ռազմավարական մրցակիցներից մեկին, ընդունելի չէ: Կարծում եմ, որ մենք պետք է նայենք և տեսնենք, թե ինչ ազդեցություն են ունեցել առկա պատժամիջոցները, և հետո պարզենք, թե կա՞ ավելին, որ պետք է արվի»:
Քննարկվել են նաև մարդկության դեմ հանցագործություններ գործած և կոռուպցիոն սկանդալներով հայտնի միջազգային ղեկավարների նկատմամբ Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառելու և այլ հարցեր։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակելու է իր քաղաքական առաջնահերթությունների սպասարկմանն ուղղված աշխատանքները՝ Արցախյան հիմնախնդրի, Ցեղասպանության ճանաչման, ադրբեջանա-թուրքական տանդեմի նկատմամբ պատժամիջոցների կիրառման, Հայաստանին տրամադրվող ամերիկյան օժանդակության մեծացման համատեքստում։
Ամբողջական հարցուպատասխանին կարող եք ծանոթանալ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից տրամադրված հետևյալ նյութից։