կարևոր
2059 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-31 21:17
Հասարակություն

Արամ Ա կաթողիկոսը մասնագիտական հարթակի երրորդ նիստն է անցկացրել. քննարկել են Հայաստանին եւ Արցախին առնչվող հարցեր

Արամ Ա կաթողիկոսը մասնագիտական հարթակի երրորդ նիստն է անցկացրել. քննարկել են Հայաստանին եւ Արցախին առնչվող հարցեր

Հոկտեմբեր 30-ի երեկոյան կայացավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի նախաձեռնած մասնագիտական քննարկումների երրորդ առցանց նիստը։

Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից պատմագետների, իրավագէտների եւ քաղաքագետների խումբը երրորդ նիստով քննարկեց Արցախի հարցի ուղղությամբ աշխարհաքաղաքական շատ արագ ընթացող իրադարձությունների  հավանական հետեւանքները։

Քննարկված թեմաներ էին Արցախի նախագահի կատարած վերջին հայտարարությունները, Զանգեզուրի միջանցքի ծրագրի մասին հայտարարութիւններով ակնարկվող փոփոխությունները, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերաբերյալ համաձայնված սկզբունքները, գաղափարախոսության ու քաղաքականության համատեղումն ու տարանջատումը եւ այս բոլորի առումով Սփյուռքի դերակատարությունը։

Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ այս բոլորի լույսի տակ անհրաժեշտ է համահայկական օրակարգի մշակում եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք այսօր չգործող եռամիասնության հենասյուների միջեւ համակարգման  ստեղծման համար նոր ռազմավարության մշակում։

Առաջիկա առցանց նիստը, որ տեղի պիտի ունենա Նոյեմբերի 5-ի երեկոյեան, իբրեւ օրակարգի կետեր նկատի պիտի ունենա Վեհափառ Հայրապետի հիշյալ ընգծումները։

Նորին Ս. Օծությունը հաստատեց մասնագիտական այս հարթակի հանդիպումները հերթականորեն գումարելու անհրաժեշտությունը՝ հայտնելով, որ առաջիկա ամիս կնախատեսվի Անթիլիասի Մայրավանքի մեջ գումարել այս ձեւաչափով առկա երկօրյա  նիստեր։

Հիշենք, որ մասնագիտական հարթակի մասնակիցներն են պրոֆ. Աշոտ Մելքոնյանը, պրոֆ. Ռուբեն Սաֆրաստյանը, դոկտ. Արմեն Մարուքյանը, պրոֆ. Վահրամ Բալայանը, դոկտ. Վիգեն Չթըրյանը, Խաչիկ Տէր Ղուկասյանը, դոկտ. Սիմոն Փայասլյանը, դոկտ. Վահրամ Շամմասյանը, դոկտ. Նորա Պայրագտարյանը, Շահան Գանտահարյանը եւ քարտուղար Ահարոն Շխրտմյանը։