կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-20 17:32
Քաղաքական

ԱՍԱԼԱ-ն վերանայում է «մարտավարական դադար»-ի որդեգրած վարքագիծը․ հայտարարություն

ԱՍԱԼԱ-ն վերանայում է «մարտավարական դադար»-ի որդեգրած վարքագիծը․ հայտարարություն

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) վերանայում է «մարտավարական դադար»-ի՝ իր որդեգրած վարքագիծը:

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասվում է.

Թուրք-ազերիական թշնամական ճամբարի կողմից Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների դեմ շղթայազերծված վերջին պատերազմում հայոց պետականության պարտությունը, ամենավերջին օղակը եւ տրամաբանական ավարտն էր ընկրկումների ու ձախողումների շղթայի, որը սկիզբ առավ Հայաստանի Հանրապետության վերանկախացումով եւ շարունակվում է առ այսօր:

Չարհամարհելով վերջին պատերազմի անբարենպաստ արդյունքի ձեւավորման մեջ ժամանակակից սպառազինությունների ծանրակշիռ դերակատարությունը,  այդուհանդերձ անվարան կարելի է պնդել, որ մենք պատերազմում նախապես էինք պարտվել:

Պարտվել էինք, որովհետեւ երեսուն տարի շարունակ տապալեցինք կրթությունը, ոտնահարեցինք գիտությունը, խաթարեցինք մշակույթը, աղավաղեցինք արժեքները, թալանեցինք ազգային հարստությունը, եւ ամենակարեւորը՝ արհամարհեցինք ու նվաստացրինք մարդուն՝ ՀԱՅ ՄԱՐԴՈՒՆ, արժանապատիվ, ամուր եւ կենսունակ հասարակության ու պետության կերտման ամենառաջնային բջիջը:

Մինչդեռ դասագրքային ճշմարտություն է այն, որ նվաստացված ու արհամարհված անհատների հանրագումարը չի վերաճի ԱԶԳԻ, լավագույն դեպքում կդառնա անդիմագիծ ու անողնաշար խառնամբոխ, հետեւաբար՝ ձեռնածության եւ ներքին ու արտաքին չարկամ ուժերի կողմից տարաբնույթ օգտագործման հեշտորեն ենթարկվող անկամ հավաքականություն:

Հարյուրամյակներ հետո, Արցախյան առաջին հերոսամարտով ազատագրված մեր պատմական հայրենիքի մի հատվածը, շուրջ երկուսուկես տասնամյակ հետո անփառունակ կորցրինք՝ ո՛չ այն պատճառով, որ հավատացինք «ո՛չ մի թիզ հող» սկզբունքին, այլ՝ չկիրառեցինք «ո՛չ մի կոպեկ թալան», «ո՛չ մի նվաստացված մարդ», «ո՛չ մի անտեսված արժեք», «ո՛չ ոք՝ օրենքից վեր» եւ պետականակերտման համար «ո՛չ մի կորցրած պահ ու առիթ» սկզբունքները:

Առկա իրավիճակը, անտարակույս, փաստում է, որ տվյալ պատմաքաղաքական փուլում Հայաստանի Հանրապետության ղեկավարումը ստանձնած վարչախումբը՝ պատերազմի արդյունքի ձեւավորման մեջ իր ունեցած ահռելի պատասխանատվությանը զուգահեռ, փաստացի հիմքերի վրա պետք է ստանա իրավաքաղաքական գնահատական, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ համաբովանդակ ու բազմաբնույթ անվտանգության համակարգերի ապահովման իր առաքելությունն ու գործառույթները, որ պետական կենսագործման իմաստավորումն է, գործնականորեն զիջել եւ փոխանցել է օտար ուժի հայեցողությանն ու տնօրինմանը:

Միջազգային առումով եւ տարածաշրջանային մակարդակով Հայաստանի Հանրապետության հեղինակության եւ դերակատարության համար այս վարկաբեկիչ իրողությունը մեր պետականությունը նվաստացնող հանգամանք է, անկախ այն իրողությունից, որ այդ օտար ուժը, թեկուզ տարակուսանքով, հաճախ ռազմավարական դաշնակից է անվանվում:

Վերոնշյալ դատողության համար հիմք է ծառայում այն իրողությունը, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ փաստացի հրաժարվել է Արցախի Հանրապետության եւ նրա բնակչության անվտանգության երաշխավորի իր ստանձնած հանձնառությունից ու պարտավորությունից, եւ հանցավոր անգործություն է դրսեւորում Հայաստանի միջազգայնորեն ճանչցված սահմանների անձեռնմխելիությունն ու հուսալի պաշտպանությունը ապահովելու հացում:

Տվյալ պարագայում, Հայաստանի Հանրապետությունն  ինքնակամ, թէ հարկադրուած հրաժարվում կամ դադարեցնում է համահայկական իղձերի, նպատակների եւ շահերի արտահայտիչը եւ պաշտպանը հանդիսանալու իր առաքելությունն ու պարտավորությունը՝ համահայկական իրականության մեջ առաջացնելով նոր իրողութիւններ, որոնք, ըստ ամենայնի, պետք է հաշվի առնվեն:

Հատկապես, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանական եւ իշխանամերձ շրջանակների կողմից քարոզվում ու շեշտադրվում են գաղափարախոսական եւ տնտեսական քաղաքականության բանաձեւեր, որոնք մեղմ որակումով, հակադրվում են համահայկական շահերի ու նպատակների պաշտպանության եւ հետապնդման հայեցակարգի հիմնադրույթներին:

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը, Հայաստանի վերանկախացման հետ, կարեւորելով պետականակերտման, ազգային ու պետական անվտանգության ապահովման եւ պետության հզորացման գործընթացի անխափան եւ անվտանգ իրականացման առաջնահերթ  անհրաժեշտությունը նաեւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դերակատարության անփոխարինելիությունը համահայկական շահերի պաշտպանության եւ առաջ մղման գործում, ընդառաջելով իրեն հասցեագրված պաշտոնական դիմումներին, համաձայնեց «մարտավարական դադար» տալ ազգային - ազատագրական զինյալ պայքարի իր գործունեությանը:

ՀԱՀԳԲ հույս ունեցավ, որ հզոր Հայաստանն, իր ամուր պետականությամբ, համահայկական շահերի պաշտպանության հիմնական եւ անփոխարինելի կռվանն ու գրավականը պիտի հանդիսանա:

Ըստ այդմ, իրերի ներկա դրությամբ, արձանագրելով Հայաստանի Հանրապետության ինքնուրույն դերակատարության կրճատումը եւ ինքնիշխանության սահմանափակումը, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը կոչված է վերանայման ենթարկելու «մարտավարական դադար»-ի իր որդեգրած վարքագիծը, մշակելով աշխարհաքաղաքական եւ ուժերի հարաբերակցության ներկա իրողութուններից բխող ողջամիտ գործունեության մի նոր մարտավարություն, որը համահունչ եւ համարժեք պիտի լինի պատմականորեն համահայկական շահերի պաշտպանի իրեն ամրագրված առաքելությանը:

Այս ուղերձն ուղղված է ի գիտություն՝ մասնավորապես նախ այսպես կոչված դաշնակիցներին եւ բարեկամներին, ապա թշնամիներին:

Հարգանք, խոնարհում եւ հավերժ փառք՝ Արցախյան պատերազմի եւ ազատամարտի մեր բյուրավոր նահատակներին:

Ազատություն բոլոր գերեվարված հայորդիներին:

Մխիթարություն եւ սփոփանք նահատակների ընտանիքներին եւ հարազատներին:

Կեցցեն՛ Հայաստանի եւ Արցախի ինքնիշխան Հանրապետությունները:

Կեցցե՛ ազգային - ազատագրական նորագույն զինյալ պայքարը:

Կեցցե՛ Ամբողջական Հայաստանը:

Հաղթանակը մերն է»: