կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-30 14:46
Քաղաքական

Ներկա «սահմանազատումը» 18-րդ դարի տրամաբանությամբ իրականացնելու դեպքը հղի է նոր խնդիրներով․ Ս․ Պետրոսյան

Ներկա «սահմանազատումը» 18-րդ դարի տրամաբանությամբ իրականացնելու դեպքը հղի է նոր խնդիրներով․ Ս․ Պետրոսյան

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ սահմանազատման (դելիմիտացիա) և սահմանագծման (դեմարկացիա) մասին խոսում են շատերը։ Կադաստրի ու քարտեզագրման գրեթե բոլոր անկախ փորձագետները տարբեր հարթակներից հուշում են խնդիրների մասին:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

«Իրականում մեծ ծավալի մանիպուլատիվ հայտարարություններով փորձ է արվում շեղել հանրային կարծիքն իրական խնդիրներից։ Իշխանությունները, իսկ ավելի կոնկրետ դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, իր մի քանի օր առաջ տված հարցազրույցում ասում է թե՝ տեսեք ի՞նչ վատն են նախկինները, դեռ 2010-ին նախկիններն են ընդունել, որ Հայաստանի ինչ որ հատվածներ սահմանակից են Ադրբեջանի Հանրապետությանը։ Մի կողմ թողնենք, որ ըստ Արծվիկ Մինասյանի՝ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակահատվածում հենց հայտարարության հեղինակն իրենց խմբակցությունից միակն է եղել, որ 2014 թվականին այդ նույն օրենքում փոփոխությանը կողմ է քվեարկել, օրենքում ճիշտ է նկարագրված սահմանը և այլ կերպ չէր կարող լինել։

Կամ մեկ այլ դեպքում, փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած մեկ այլ անձ, ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ սահմանների հիմքում դրվելու են 1928-1930 թվականների քարտեզները, իսկ իշխանության մեկ այլ ներկայացուցիչ խոսում է Խորհրդային Միության վերջին քարտեզների մասին։ Եվ վերջում պարզվում է, որ սահմանը գծում են, այնպես, ինչպես ադրբեջանցիներին են ուզում, քանի որ կապիտուլացիայի փաստաթղթի տակ ստորագրած իշխանության ստեղծած պետական կառավարման ներկա ճգնաժամի պայմաններում մենք չենք կարող անգամ ծպտուն հանել։

Այս պայմաններում, երկրի ապագայում բազմաթիվ ռումբեր տեղադրած ներկայիս իշխանությունը, գոնե պետք է հասկանա, որ ներկա «սահմանազատումը» 18-րդ դարի տրամաբանությամբ իրականացնելու դեպքը հղի է նոր խնդիրներով։ Մասնավորապես, պետք է հրաժարվել սահմաններին նկարագրական մասերից ու անցնել կոորդինատների միջոցով սահմանազատման։ Պարզ բացատրելու համար. սահմանը ոչ թե պետք սահմանազատվի «սարի գագաթից X կմ դեպի հյուսիս-արևելք ու հետո X կմ հարավ-արևմուտք մինչև եսիմինչ ձորակը», ինչպես մինչև  հիմա է կատարվել, այլ ի սկզբանե ֆիքսենք կոորդինատներով, որոնք հետագայում տարակարծության առարկա չեն կարող լինել։

Ի դեպ, նման փորձ մենք ունենք։ 2019 թվականին կադաստրային տարածագնահատման գոտիների ֆիքսման ժամանակ մենք նկարագրական մասին կցեցինք նաև կոորդինատներն ու քարտեզները։ Նկարագրությունն այն ժամանակ չկարողացանք առհասարակ բացառել, բայց առաջին քայլն արված է։ Ճիշտ է այդ աշխատանքները կատարած անձինք արդեն պետական համակարգում չեն աշխատում, նախևառաջ կառավարության, ապա կադաստրի կոմիտեի դիլետանտ ու կոռումպացված կառավարման պատճառով, սակայն կարծում եմ ցանկության դեպքում հնարավոր է նման մեթոդաբանությամբ առաջնորդվել ու գտնել լուծումներ։

Մնում է լինի ցանկություն… Բայց դե ո՞ւմ, ի՞նչ եմ ասում»,- գրել է Պետրոսյանը և մի խորհուրդ տվել այս պահին սահմանների հետ կապված գործընթացներում ներգրավված անձանց. «Վրաստանի և Ադրբեջանի սահմանազատման մեջ ներգրավված մի շարք անձինք դատապարտվել են սխալ սահմանագծման համար։ Այնպես որ աշխատեք հեռու մնալ այս գործընթացից, եթե չեք ուզում ապագայում դատապարտվել հայրենիքի դավաճանության համար»։