Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2023 թ. սեպտեմբերի 19-ին, Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի հարձակումից մի քանի օր անց սկսվել է արցախահայերի զանգվածային բռնի տեղահանությունն իրենց դարավոր բնօրրանից: Վեց օրվա ընթացքում 100 000-ից ավելի արցախցիներ, օրերով ճանապարհին հերթի մեջ սպասելով, հատել են Հակարիի կամուրջը: Բնաջնջման վտանգից փրկված արցախցիները կամրջի այս կողմում բախվել են սոցիալական, ֆինանսական, հոգեբանական ու այլ խնդիրներին: Դրանց մեջ առաջնահերթը կեցության ու առաջին անհրաժեշտության ապրանքների հարցն էր, քանի որ շատերն իրենց տները լքել էին հապճեպ՝ առանց գոնե փաստաթղթերը վերցնելու:
2023 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին, ինչը հավասարազոր է փախստականի կարգավիճակին:
Նոր կարգավիճակի հետ կապված՝ արցախցիները պետք է հաշվառում անցնեն, որպեսզի կարողանան օգտվել նպաստներ ու թոշակներ ստանալու իրավունքից: ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2023 թ. դեկտեմբերի 1-ից արցախցիները կարող էին դիմել իրենց նպաստների ու թոշակների նշանակման համար: Այդ ժամանակից ի վեր արցախցիները օրերով ու ժամերով հերթ են կանգնում անձնագրային բաժանմունքների դիմաց՝ հաշվառում անցնելու, նոր անձնագիր ստանալու կամ այլ հարցերով:
Շատերը գիշերը ժամը 3:00-4:00-ից են հասնում անձնագրային բաժիններ, որպեսզի կարողանան այդ օրը սպասարկվող մի քանի տասնյակ անձանց շարք ընդգրկվել: Սկզբնական շրջանում մարդկանց թիվն անհամեմատ մեծ էր, ու հերթերն էլ՝ անկառավարելի: Դրանք հաջողվել է կարգավորել ստուգված մեթոդով, որը կիրառվել է շրջափակման օրերին կտրոնով հացի համար հերթ կանգնելու ընթացքում․ տետրի մեջ գրում են իրենց անունը, հերթական համարը ու սպասում հերթին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակներն ու նպաստները ՀՀ-ում նշանակվում և վճարվում են գործող օրենսդրությանը համապատասխան։ Ըստ այդմ՝ տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները (այդ թվում՝ կենսաթոշակային տարիքը, աշխատանքային ստաժի չափը) նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված և հաշվարկված կենսաթոշակի չափը կարող է տարբերվել Լեռնային Ղարաբաղում նշանակված և վճարված կենսաթոշակի չափից։
Մեկ այլ հարց է մշտական աշխատանք գտնելու խնդիրը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բնակվարձերը և մյուս ծախսերը հոգալ:
Արցախցիների մի ստվար զանգված պետական համակարգում էր աշխատում: Հաշվի առնելով սեպտեմբերի 20-ից հետո Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից պետական և համայնքային հիմնարկների, պետության և համայնքների կողմից հիմնադրված, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների աշխատողներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ բացառությամբ Արցախի Հանրապետության նախագահի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, Արցախի Հանրապետության պատգամավորների, հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Արցախի Հանրապետության դատավորների, մարդու իրավունքների պաշտպանի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, գլխավոր դատախազի, պետական նախարարի, նախարարների, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, կառավարության գործերի կառավարչության պետի, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի, ՆԳՆ ոստիկանության պետի և արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի, Ստեփանակերտի քաղաքապետի, Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների, համայնքների ղեկավարների, Արցախի Հանրապետության կողմից հիմնադրված ընկերությունների (բացառությամբ պետական ոչ առևտրային կազմակերպությունների) և հիմնադրամների ղեկավարների, որոնք շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով (առանց վարձատրության):
Արցախից բռնի տեղահանվածների համար կառավարությունը մի շարք աջակցության ծրագրեր է իրականացրել՝
-առաջնային սպառողական ծախսերի նպատակով՝ միանվագ 100 հազար դրամ աջակցության ծրագիր,
-կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագիր,
-սպառողական ծախսերի նպատակով՝ երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագիր,
-մասնագիտական ուսուցման, վճարովի պրակտիկայի և զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագիր։
Սակայն այս ծրագրերը չէին կարող լիարժեք լուծել տուն-տեղ, ամեն ինչ կորցրած մարդկանց խնդիրները․ հատկապես ծանր է բնակարանների հարցը, որոնց գները բռնի տեղահանության հենց առաջին օրերից կրկնապատկվել էին:
Փետրվարի 27-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ ապրիլ ամսից 40+10 աջակցությունից կօգտվեն միայն անչափահաս երեխաները, իսկ կենսաթոշակառուները, հաշմանդամություն ունեցողները լրավճար կստանան 20.000 դրամի չափով:
Նա նաև մանրամասներ է հայտնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար ՀՀ կառավարության կողմից մշակվող բնակարանային ապահովման աջակցության ծրագրի մասին: Ըստ այդմ՝ միջոցառումը նախատեսվում է իրականացնել փուլերով՝ յուրաքանչյուր չափահաս անձի համար նախատեսելով շուրջ 3 մլն դրամ։ Անչափահասների մասով տրվող աջակցության չափը կլինի անվերադարձ, չափահասներինը՝ վերադարձելի, բայց ոչ աջակցության առաջին օրից սկսած։ Կառուցվող կամ ձեռք բերվող տանը կամ բնակարանում 10 տարի ապրելու և ֆինանսական որոշակի պարտավորություններ կատարելու դեպքում այն կդառնա տվյալ ընտանիքի սեփականությունը։
Կառավարության հաշվարկներով՝ ծրագիրը թույլ կտա բոլորին բնակարանով ապահովել 5 տարվա ընթացքում: Խաչատրյանը նշել է, որ առաջնահերթությունը տալու են 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին: Ծրագիրը մեծ դժգոհություն է առաջացրել արցախցիների շրջանում, քանի որ նրանք համոզված են, որ դրանով բնակարանային հարցը չի լուծվի, և շատերը կարտագաղթեն։
ՀՀ կառավարության կողմից մշակվող Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների աջակցության ծրագրերի կապակցությամբ հայտարարություն են տարածել ԱՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները՝ նշելով, որ փոխվարչապետի միջոցով արցախյան հանրությանը համար ՀՀ կառավարության կողմից նախատեսվող ծրագրերը համարժեք չեն առկա իրավիճակին:
Արցախի խորհրդարանը նաև տեղեկացրել է, որ մինչ այժմ իրականացված որևէ ծրագիր չի քննարկվել Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից լեգիտիմ մանդատ ունեցող որևէ կառույցի, այդ թվում՝ ժողովրդի ուղղակի քվեով ընտրված Ազգային ժողովի հետ, իսկ զանազան միջոցներով իրենց կողմից ներկայացված առաջարկներն անտեսվել են։
«Հատկապես անընդունելի է Արցախից տեղահանված ժողովրդի համար բնակարաններ ձեռք բերելու կապակցությամբ դեռևս քննարկվող ծրագիրը, որը հարցի քաղաքական և սոցիալական համակողմանի քննարկման արդյունքում ակնհայտորեն չի բավարարելու բռնի տեղահանված մեր հայրենակիցների նվազագույն սպասելիքներն ու ակնկալիքները։ Նման որոշումների կայացումը հանգեցնելու է մեր հայրենակիցների հիասթափությանն ու դժգոհությանը, որի արդյունքում կխթանվի արտագաղթը և բողոքների ալիքը, կխաթարվի մեզ համար օրախնդիր հավաքական վերադարձի ակնկալիքը»,—նշել են պատգամավորները՝ կոչ անելով զերծ մնալ չկշռադատված ոչ համարժեք քայլերից։
Կառավարության կողմից քննարկվող ծրագրից օգտվելու համար պարտադիր պայման կլինի ՀՀ քաղաքացիություն ունենալը։ Բռնի տեղահանված արցախցիները չեն կարողանում ընդունել, որ պետք է ՀՀ քաղաքացիության իրենց անձնագրերը փոխարինեն նորերով: Մինչ այժմ ՀՀ քաղաքացիություն ընդունած արցախցիների թիվը չի անցնում 1000-ից: Մասնագետները նշում են, որ կառավարությունն իր որոշմամբ Արցախից բռնի տեղահանվածներին զրկել է ՀՀ քաղաքացիությունից, և այժմ նրանք չգիտեն, թե մինչև հիմա ո՛ր երկրի քաղաքացին էին ու ո՛ր երկրի անձնագրի կրողը:
Բացի վերոնշյալից՝ հարցերի հարցը մնում է արցախցիների անորոշ ապագան ու Արցախի հարցի ներկա հանգրվանը: Պետական մակարդակով ամեն ինչ արվում է Արցախի հարցը «թաղելու», նույնիսկ անունը մոռացության տալու համար:
2024 թ. հունվարի 18-ին ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակով հանձնախմբի ձևավորման մասին:
Նա համակարգելու է այդ աշխատանքները։ Օսկանյանը նշել է, որ հանձնախմբի գլխավոր խնդիրը լինելու է միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանությունը և հետապնդումը։
«Այսօր, առավել, քան երբևէ, պատեհ առիթը կա, որ հայկական կողմը Ադրբեջանի հարատև և անհավանական պահանջների դիմաց բանակցությունների սեղանին դնի միջազգային երաշխիքներով արցախահայության հավաքական հայրենադարձության հարցը։
Այս պահանջի միջազգային-իրավական բոլոր հիմքերը կան։ Ավելին, երբ հայ ժողովրդի մի հատվածը տեղահանված է իր բնօրրանից, միայն այս խնդրի իրականացումը կնպաստի ժողովուրդների միջև իրական խաղաղության հաստատմանը»,— համոզմունք է հայտնել Օսկանյանը։
Տաթևիկ Աղաջանյան
Լրագրող, Արցախ