Սոչիիում Լավրով-Չաւուշօղլու հանդիպման հիմնական օրակարգը orer.eu-ի հարցումին ի պատասխան մեկնաբանում է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
«Սոչիի հանդիպումը կարծում եմ տեղավորվում է Անկարա-Մոսկվա աշխարհագրական տարբեր միջավայրերում ռազմաքաղաքական գործողությունները համակարգելու ընդհանուր քարտեզի վրա։
Հիմնական օրակարգի թեման կլինի Ադրբեջանում կամ ըստ նախապես հայտարարված տեղեկության՝ կոնկրետ Աղդամում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի հաստատման շուրջ։
Եթե եռակողմ հայտարարությունը բացառապես ռուս խաղաղապահների մասին էր, ապա արդեն Սոչիում քննարկելու են Ադրբեջանի սահմանների անվտանգության խնդիրները կարգավորելու հարցերը եւ հատկապես համատեղ կենտրոնը հաստատելու մասին ծրագիրը։
Կենտրոնի հիմնական գործառույթը լինելու է հրադադարի վերահսկումը, նաեւ կենտրոնը կհավաքագրի հրադադարի խախտման բողոքները։ Մի քանի դիտարկում կարելի է արձանագրել․ նախ այն, որ կենտրոնի հաստատումը իրականանում է, հակառակ նրան, որ եռակողմ պայմանավորվածությունում նման կետ չէր նախատեսվում, ընդհանրապես այնտեղ չկար Թուրքիայի մասին որեւէ խոսք։
Երկրորդ՝ ճիշտ է, որ նախկին ԼՂԻՄ-յան տարածքում չէ, որ հաստատվում է կենտրոնը, այլ սահմանամերձ Աղդամում։ Որքան էլ կենտրոնը բնութագրվի իբրեւ դիտորդական առաքելություն իրականացնող ինստիտուտ, այդուհանդերձ նման գործառույթով այն ընկալվելու է ռուսների հետ համատեղ խաղաղապահ առաքելություն իրականացնող կողմ։
Եւ ամենակարեւորը, հրադադարի ռեժիմի վերահսկման գործառույթն ու մանավանդ ապրիլյան պատերազմից հետո հրադադարի պահպանման գործիքակազմի շփման գծի երկայնքին հաստատելու որոշումների իրականացումը վստահվում էր ԵԱՀԿ-ին։ Աւելին․ կար հստակ կետ՝ Վիեննայում եւ այնուհետեւ Սանկտ Պետերբուրգում հետաքննելու հրադադարի խախտման դեպքերը։ Հիմա, ըստ էության համատեղ կենտրոնը հրադադարի թե՛ վերահսկողական եւ թե՛ խախտման դեպքերի բողոքների ուսումնասիրման առաքելություններով ստանձնում է ԵԱՀԿ-ի առաքելությունը»։