Փոխարժեքներ
23 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Բահար Չուհադար
Հակոբ Այվազ․․․ Մարդ, որն առաջին անգամ բեմ է բարձրացել 1928 թ․ և մինչև կյանքի վերջ՝ 2006 թ․, եղել է թուրքական թատրոնի արվեստագետների և թատերագետների մի մասնիկը։ Նրա՝ հայերենով հրատարակված թատերական ամսագիրը՝ «Կուլիս»-ը 50 տարի հրատարակվել է անխափան, որն իր հազարավոր գրավոր և տեսական նյութերից կազմված արխիվով վերածվել է թատրերական կյանքի մասին հիշողության․․․ Հայ թատերագետ և դերասան Հակոբ Այվազի անձնական արխիվը՝ «Կուլիս․ թատերական կյանքի մասին հիշողություն, Հակոբ Այվազ» վերնագրով ցուցահանդեսով «Յափը Քրեդի» արվեստի և մշակույթի կենտրոնում ներկայացվում է հանդիսատեսի դատին։ Ցուցահանդեսի միջոցով մտանք Այվազի «թատերական դրախտ» ․․․
Բեյօղլու թաղամասը լի է եղել թատրոններով, Շեհզադեբաշըն, Քադըքյոյը (Քաղկեդոն-Ակունքի խմբ․), Ուսքյուդարը (Սկյուտար-Ակունքի խմբ․), Փանգալթըն եղել են արվեստի և մշակույթի կենտրոններ, ամառային թատրոնները շրջում էին քաղաքով մեկ, բեմերից բազմալեզու տողեր էին հնչում, հնարավո՞ր է այսօր որևէ փոքր բան գտնել 100 տարի առաջվա Ստամբուլից։ Բեյօղլուում, երաժշտական թատրոնից բացի, գործունեությունը շարունակած և խոր արմատներ ձգած այլ բեմ չկա․ ժամանակին քաղաքի մշակույթին և արվեստին կյանք տված շենքերի վրա անցյալի մասին հիշատակող մի հուշատախտակ անգամ չկա․․․ Մի քանի օր է՝ խոսում ենք այն մասին, որ կեսդարյա Անկարայի արվեստի թատրոնից ստիպված դուրս են գալիս։ Ավելանում են օրինակները, որ ցույց են տալիս, որ մենք մնացել ենք առանց արմատների, առանց հիշողության և անպաշտպան։ Նման իրավիճակում դեկտեմբերի 15-ին «Յափը Քրեդի» արվեստի և մշակույթի կենտրոնում բացված ցուցադրությամբ կոչ է արվում արթնացնել մեր հավաքական հիշողությունը։
Կոշիկի արտադրամասից՝ մինչև «Կուլիս»․․․
«Կուլիս․ թատերական կյանքի մասին հիշողություն, Հակոբ Այվազ» խորագրով ցուցահանդեսը պատրաստ է ներկայացնել օսմանյան և թուրքական թատերական կյանքի պատմությունը, որն անտեսված է բազմաթիվ տեսանկյուններից․․․ Հրանտ Դինք հիմնադրամի գլխավորությամբ և «Յափը Քրեդի» հրատարակչության ու Թուրքիայի թատերական հիմնադրամի համագործակցությամբ, Քեսվեր Գյուլերի, Բանու Աթձայի և Էսեն Չամուրդանի ուղեկցությամբ ցուցադրության հիմքում քաղաքի թատերական կյանքն է՝ 19-րդ դարից սկսած, Թուրքիայի թատրոնի հիմքը գցած հայ թատերական գործիչները, համայնքները, նրանց բացած վայրերը և ժամանակի քաղաքային կյանքում թատրոնի դերը ներկայացնող համապարփակ արխիվը։ Օսմաներեն, հայերեն և թուրքերեն մոտ 600 ձեռագրեր և տպագիր թատերական տեքստեր, 500-ից ավել հայերեն և թուրքերեն ամսագրեր ու գրքույկներ, լուսանկարներ, բացիկներ, նկարներ․․․ Եվ 1946-96 թթ․ անընդմեջ հրատարակված հայերեն թատերական ամսագիր «Կուլիսը»․․․ Մոտ 12 հազար տեսական նյութ․․․ Թատերական դրախտ․․․ Եվ այդ «դրախտը» ստեղծած անունը՝ չնայած մեր հիշողության կորստին հսկայական արխիվ ստեղծած և մեր օրեր հասցրած, կյանքը թատրոնին նվիրած հայ դերասան, ռեժիսոր, հրատարակիչ և գրող Հակոբ Այվազը․․․
1911 թ․ Ստամբուլում, Յենիքափը թաղամասում ծնված Այվազը թատրոնի հետ առաջին անգամ ծանոթացել է խորթ հոր կոշիկի գործարանում աշակերտելու տարիներին։ Նա տակավին երիտասարդ տարիքում իր հոգում արթնացած թատերական կրակը վառ է պահել մինչև կյանքի վախճանը՝ 2006 թ․։ Նույն խանում աշխատած Հարություն Սամուրքաշը նրան տարել է Արևելյան թատրոն և ծանոթացրել թատերախմբի ղեկավար Գրիգոր Հակոբյանի հետ։ Այնտեղ էլ սկսվել է Այվազի թատերական գործունեությունը։ Նա առաջին անգամ բեմ է բարձրացել 1928 թ․ Նարլըքափըի Շաֆաք թատրոնում՝ ընտանիքից գաղտնի։ Նա խաղացել է Սրապիոն Մանասյանի «Ջաղացպանի աղջիկը» վերնագրով հայերեն օպերայում։ 1929 թ․ նույն բեմի վրա «Երկու սերժանտ ընկեր» թատերական ներկայացման մեջ դեր է ստացել։ Նա մտերմացել է Նաշիթ Օզջանի, Պետրոս Բալթազարի, Հազըմ Քյորմյուքչյուի և հայտնի այլ թատերագետների հետ։ 1930 թ․ Բեյօղլուի Յենիշեհիրի Մագասարբահչե թատրոնում «Սև ջաղացպանի սպանությունը» ներկայացման մեջ խաղացել է իր առաջին գլխավոր դերը։
Երբ ուշքն ու միտքը բեմն էր, աշխատել է տեքստիլի գործարանում։ Այվազի՝ որպես դերասանի, գրողի և ռեժիսորի ստեղծագործական կյանքը բնականաբար տուժել է թե սոցիալական դժվարություններից և թե ազգային փոքրամասնությունների դեմ իրականացված ճնշումներից։ Միայն ոչ մուսուլմանների վրա գործադրված «20-րդ դասակարգի զորակոչի» պատճառով երեք անգամ զորակոչվել է, բախտի բերմամբ փրկվել է դեպի Աշքալե աքսորից, հայ գործընկերների հետ ստիպված է եղե; «հեռուներ» գնալ, հայերեն թատրոնը մի պահ արգելվել է, այս ամենը դժվարությունների միայն վերնագրերն են․․․
Այվազը ժամանակաշրջանի թատերական կյանքը սկսում է արձանագրել 1946 թ․ իր կողմից հիմնադրված հայերեն թատերական ամսագրում՝ «Կուլիս»-ում։
Ստամբուլի բազմալեզու թատերական կյանքի նկարագիրը
Նրա ընկերը՝ քննադատ, գրող և գիտնական դոկ․ պրոֆ․ Դիքմեն Գյուրյուն, որի հետ Այվազը ծանոթացել է 70-ական թթ․, «թատրոնի սիրահար» իր ընկերոջ մասին պատմում է․ «Ջաղալօղլուում գտնվող «Կուլիս» փոքր հրատարակչատունն ընդգրկում է հսկայական թատերական աշխարհը»։ Լուսանկարներ, ամսագրեր, թերթի կտորներ, գրքեր, գրքույկներ և հատորներով «Կուլիս» ամսագրեր․․․
Հանդես հրատարակելու համար առաջացած նյութական դժվարությունների հետ մեկտեղ նաև Թուրքիայի ներսում քաղաքական տատանումներն ազդել են պարոն Հակոբի վրա։ Սակայն նա դիմացկուն մարդ էր։ Հումորով էր, հոգատար և իր գիտելիքներով, հուշերով կիսվելը նրան մեծ հաճույք էր պատճառում։ Թատերական ամսագիրը 50 տարի անխափան հրատարակելը մեծ անձնուրացություն է, անխոնջ պայքար է պահանջում։ Մեր մի զրույցի ժամանակ նա ասաց․ «Այդ 50 տարին իմ կյանքի ավելի մեծ հատվածը «Կուլիս»-ին նվիրելով անցկացրեցի»։ «Կուլիսը» գնահատում եմ որպես մեր թատերական կյանքի մասին հիշողություն, որը հատուկ պահպանության կարիք ունի։ Հակոբ Այվազն ամսագրի հրատարակությունը շարունակելու համար ճանապարհորդել է Հալեպ, Դամասկոս, Բաղդատ, Բեյրութ և Թեհրան, ուր ստիպված գաղթել են Թուրքիայում ապրած հայերը։ Այդ քաղաքներից բաժանորդագրություններ է հավաքել։
2006 թ․ երբ «Կուլիս»-ի գործունեությանը վերջ տրվեց, Այվազը շարունակեց գրել «Ակօս» թերթում․ նրա արխիվը հանձնվել է նախ «Ակօսին», հետո՝ Հրանտ Դինք հիմնադրամին։ Քննադատ, դրամատուրգ և Թուրքիայի թատերական հիմնադրամի ղեկավար Էսեն Չամուրդանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ արխիվը 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 1960-ական թթ․ հիմնականում անդրադարձել է Ստամբուլի կենտրոնական թատրոնին՝ թատերական ոգով մելոդրամայից մինչև Դարյուլբեդայիի բացումը (Ստամբուլի քաղաքային թատրոն), մինչև այն ժամանակ, երբ հայ դերասաններին բեմից ստիպեցին հեռանալ։ Չամուրդանն ընդգծեց, որ Այվազը շատ էր տխրել, երբ մի շրջան թատրոնները փակվեցին, նա կարոտում էր թատերական թանգարանը։ Երբ նրան հարցրեցի, թե այդ արխիվում աշխատելիս ամենաշատն ի՞նչն է զարմացրել նրան, պատասխանեց․ «Ես կարդացել էի, որ ամռանը տարբեր այգիներում, զբոսավայրերում թատերական ներկայացումներ էին տալիս։ Սակայն ինձ զարմացրեց, որ դա այդչափ տարածված է եղել։ Քաղաքի գրեթե ամեն անկյունում թատերական ներկայացումներ էին ցույց տալիս․ դա նշանակում է, որ այդքան էլ հանդիսատես կար։ Ստամբուլում անընդհատ շրջագայություններ էին լինում։ Անատոլիա ևս շատ խմբեր էին գնում։ Ուսքյուդարը հայտնի էր արվեստի նկատմամբ իր սիրով, Քադըքյոյը՝ արվեստի և արվեստագետների կացարաններով, Փանգալթըն՝ էթնիկ հայկական մշակույթի կենտրոնը լինելով։ Մեկ այդ ժամանակաշրջանի մասին մտածեք, մեկ էլ ներկայիս վիճակին նայեք․․․»։
Չամուրդանը ցուցադրության ժամանակ ներկաների ուշադրությունը հրավիրեց 19-րդ դարի երկրորդ կեսի թատերական ակտիվության վրա։
Բեյօղլուում ավելանում են լահմաջոյանոցները, թատրոնները պակասում են
Դիքմեն Գյուրյունը պատմում է այն մասին, թե ինչ էր զգում Այազը, երբ թատրոնը մաքրվեց Բեյօղլուից․ «Հակոբ Այվազի արխիվը և «Կուլիսը» մեզ է ներկայացնում երիտասարդ տարիներին միասին աշխատած արվեստագետների աշխարհը, Շեհզադեբաշըից, Բերայից, ամառային շարժական թատրոններից հասցնում է մինչև Դահյուլբեդայիի շրջան և 2000-ական թթ․ սկիզբ։
Իմաստալից են Հակոբ բեյի «Ես Մուհսիմ Էրթուղրուլի հետ ապրել եմ Դարյուլբեդային։ Սակայն վստահ եմ, որ այսօր երիտասարդ դերասանների մեծ մասը չգիտի ոչ միայն ինձ, այլ նաև թուրքական թատրոնի համար շատ կարևոր Մուհսիմ Էրթուղրուլի գերեզմանի տեղը» խոսքերը։ Հիշողությունից զուրկ հասարակություն ենք։ Եղածը չենք կարողանում պահպանել։ 1960-ական թթ․ գրեթե թատերական դրախտ հանդիսացած Բեյօղլուի ներկայիս վիճակին նայեք։ Իզուր չէր Հակոբ Այվազն ասում․ «Ցավոք, Բեյօղլուում լահմաջոյանոցների քանակը աճում է, թատրոններինը՝ պակասում»։ Հուսով եմ, որ այս ցուցադրությունն ապագայում դրական ներդրում կունենա մեր թատերական կյանքում։ Թող այն թարմացնի մեր հիշողությունը»։
Իր կյանքի 95 տարին թատրոնին նվիրած Հակոբ Այվազն այս աննման ժողովածուի միջոցով մեզ համար կամուրջ է ստեղծում դեպի անցյալ։ Նա ոչ միայն կենդանացնում է մեր մշակութային հիշողությունը, այլև, ինչպես շեշտում է Էսեն Չամուրդանը, թատերական թանգարան ունենալու համար աննախադեպ առիթ է ստեղծում։
Ցուցահանդեսն աջակցեց թանգարան հիմնադրելու մեր գործին
Էսեն Չամուրդանն ասում է․ « Հակոբ Այվազն նշել է, որ շատ կարևոր են թանգարան հիմնելու մեր գործն ու ջանքերը և խորհուրդ է տվել շարունակել ճանապարհը։ Եթե Հրանտ Դինք հիմնադրամը գիտակից և պատասխանատու վերաբերմունք ցույց չտար, և այդ արխիվը միայն ցուցահանդեսի վերածվեր, բովանդակությունն ուսումնասիրողների առջև չէր բացվի, կարճ ասած՝ եթե այդ արխիվը լիներ արվեստից ու մշակույթից հեռու գտնվող մի անպատասխանատուի ձեռքերում, թուրքական թատրոնը կրկին թերի կմնար։ Ինչպես միշտ։ Այժմ ընտրություն է առաջարկվում մարդկանց, այն փորձեց ցույց տալ, որ այսպիսի ճանապարհ էլ կարող է լինել»։
Դիքմեն Գյուրյուն․ «Այդ ցուցահանդեսը կուրախացներ Հակոբ Այվազին։ Այն «Կուլիսի» և ամսագրի արխիվի նկատմամբ հարգանքից բացի՝ որակվելու է որպես աջակցություն Թուրքիայի թատերական թանգարանի հիմնադրմանը․ հավատում եմ, որ այն կստեղծվի մոտ ապագայում։ Այս երկրում թատերական թանգարանի բացակայությունը շատ էր տխրեցնում Հակոբ Այվազին։ Նա միշտ հարցնում էր, թե ինչու իրականում չգործեց Յըլդըզի պալատում գտնվող այսպես կոչված թատերական թանգարանը։ Շեշտում էր, որ արտասահմանում եղածների նման՝ պետք է հարստացնել, ուժեղացնել այն։ Եվ հիրավի, Ստամբուլի նման արվեստի և մշակույթի կենտրոնում թատերական թանգարանի անհրաժեշտություն անգամ չզգացվի՞։ Հակոբ Այվազն ասում էր․ «Մուհսին Էրթուղրուլ Թեփեբաշըն դրամատիկական թատրոնը պետք է թանգարանի վերածեր, սակայն քանդվեց։ Այնպես, ինչպես քանդվեցին Աքսարայի փոքրիկ օպերան, մշակույթի պալատը, երաժշտական թատրոնը․․․» դեռ ավելին, մեր նոր և նորագույն պատմության մեջ այսօր կանգուն, սակայն վաղը քանդվելիք թատերական շենքերի տեղն անգամ չգիտենք։ Չենք հետաքրքրվում։ Այդ տեղերում խաղացող նշանավոր մեր արվեստագետներին անգամ չենք բարևում․․․ Ով՞ գիտե, գուցե սրանից հետո կարող ենք անել այդ ամենը․․․»։
«Կուլիս․ թատերական կյանքի մասին հիշողություն, Հակոբ Այվազ» ցուցահանդեսը «Յափը Քրեդի» արվեստի և մշակույթի կենտրոնում 2020 թ․ դեկտեմբերի 15 – ից մինչև 2021թ․ փետրվարի 21 սպասում է իր այցելուներին։
https://www.hurriyet.com.tr/kitap-sanat/tiyatromuzun-bellegi-hagop-ayvaz-41685606
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net