|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել։ Այս մասին հայտնում է «Շողակաթ» հեռուստաընկերությունը։
Արդեն 13-րդ տարին է՝ Խաչվերացի տոնի նախորդ կիրակի օրն այստեղ պատարագ է մատուցվում, որին մասնակցում են ուխտավորներ աշխարհի տարբեր կողմերից։ Այս անգամ պատարագիչը Միացյալ Թագավորությունում հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն էր, նախագահում էր Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Պատարագից հետո կատարվել է անդաստանի կարգ, օրհնվել են աշխարհի չորս կողմերը, հայոց հայրապետությունը, քրիստոնյա թագավորություններն ու իշխանությունները, վանքերն ու անապատները, քաղաքներն ու գյուղերը, դրանց բնակիչները, աղոթել են պտղաբերության և խաղաղության համար։
Նշվում է, որ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հետ բազմաթիվ ուխտավորներ են եղել։ Նրանց ուխտագնացությունը մեկնարկել է Ստամբուլում՝ Պոլսո հայոց պատրիարքի օրհնությունը ստանալուց հետո, որից հետո այցելել են պատմական հայկական բնակավայրեր։
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը եկեղեցու վերակառուցումից հետո այնտեղ տարին մեկ անգամ պատարագ մատուցելու թույլտվություն է տվել։ Սուրբ խաչ եկեղեցում սովորաբար պատարագ է մատուցվում Խաչվերացի տոնին նախորդող կիրակի օրը։