կարևոր
2074 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-30 16:18
Հասարակություն

«Պատմական Բեյ թաղամասի հիշողությունը ջնջվում է»

«Պատմական Բեյ թաղամասի հիշողությունը ջնջվում է»

Այնթափի քաղաքապետ Ֆաթմա Շահինը նշել է. «Բեյ թաղամասը «Ալաչաթ» ենք դարձնելու»։ Պատմաբան Ուչաները և ճարտարապետ Գիրիշքենը կարծում են, որ թաղամասը դիմազրկվել է «բարեկարգման» անվան տակ։

Ջիհան Օզթյուրք

Այնթափի պատմական Բեյ թաղամասում «փողոցների բարեկարգման» անվան տակ իրականացվող միջամտությունների վերաբերյալ փորձագետները նշել են, որ թաղամասը դիմազրկվում է։

Թաղամասը, որը քաղաքի հնագույններից է և իր անունը ստացել է այստեղ ապրած բեյերից, հյուրընկալել է նաև տարբեր հավատքի համայնքների։

Պատմաբան Մուրադ Ուչաները հակադարձել է քաղաքապետ Ֆաթմա Շահինի՝ «Բեյ թաղամասը «Ալաչաթ» ենք դարձնելու» խոսքերին։ Շեշտելով, որ իրականացված աշխատանքները նպատակ ունեն ոչնչացնել թաղամասի հիշողությունը, Ուչաները հայտնեց, որ թաղամասը բարեկարգման անվան տակ դիմազրկվել է։ Ճարտարապետ Օզգյուր Գիրիշքենը նշեց, որ Բեյ թաղամասի հարդարման հավելումները էժանացրել և արժեզրկել են այդ վայրը։

«Պատմական կառուցվածքը խաթարվում է»

Հայտնելով, որ 2005 թ․ ի վեր Բեյ թաղամասում արվածը նպատակ ունի մոռացնել թաղամասի անցյալը, Ուչաները փոխանցեց հետևյալ տեղեկությունը.

««Փողոցների բարեկարգման նախագիծը», որը մեկնարկել է 2005 թ․ ԵՄ-ի աջակցությամբ, մեզ բոլորիս հույս ներշնչեց, որ մաշված պատմական ցանցը կվերականգնվի իր սկզբնական տեսքով՝ առանց որևէ վնասի: Բայց այն, ինչ տեսանք իրականացման ընթացքում, հիասթափեցրեց մեզ։ Երբ նախագիծն ավարտվեց, արդյունքը չէր տարբերվում այն ​​սարահարթներից, որտեղ ժամանակին նկարվում էին հոլիվուդյան ֆիլմերը։ Շենքերի արտաքին պատերը մաքրվել են կեղտից. մաքրման այս գործընթացում սխալ գործելաոճը պատճառ է դարձել շենքերի կառուցման մեջ օգտագործվող կրաքարի քաղցկեղի վերածվելուն, ինչպես ասում էին հին վարպետները, իսկ պատը, որից ամենանորը կառուցվել է 110-120 տարի առաջ՝ երեկ կառուցվածի տեսք է ստացել։

«Դարձյալ այս ծրագրի շրջանակներում «բարեկարգման» անվան տակ հանվել ու դեն են նետվել շենքերի տանիքները, և չօգտագործվելով բնօրինակին պիտանի նյութեր՝ նորերն են  կառուցվել։ Հիմա կասեք՝ ի՜նչ գեղեցիկ են վերանորոգվել տանիքները. Չնայած դրանք նորացվել են, բայց նոր տանիքները տեխնիկայի համաձայն չեն կառուցվել, և համապատասխան նյութեր չեն օգտագործվել, ուստի առաջին անձրևի ժամանակ չեն կարողացել կատարել իրենց պաշտպանիչ գործառույթը, և անձրևաջրերը գրեթե ամբողջովին սկսել են քանդել շենքերը։ Մի խոսքով, «Փողոցների բարեկարգման նախագիծը», որի հետ մենք մեծ հույսեր էինք կապում, վերածվել է պատմական կառուցվածքի վերացման»։

«Թաղամասի անցյալն անտեսված է»

Անդրադառնալով այսօր իրականացված աշխատանքներին՝ Ուչաները շարունակեց խոսքը.

«Իշխանությունները, ովքեր ասում էին, թե նպատակ ունեն թաղամասին գեղագիտական ​​և գեղարվեստական ​​տեսք հաղորդել, անցյալ տարի տեղադրված մետաղական կեղծ արձաններով և մեկ-երկու ամիս առաջ տեղադրված զամբյուղներով, գիտակցաբար կամ անգիտակցաբար Բեյ թաղամասը դիմազրկել են: Սա Ալաչաթըն չէ. վայրն անշուշտ իրեն հատուկ գեղեցկություն ունի։ Լսել եմ նաև, որ նպատակ կա այն արվեստի փողոցի վերածելու։ Բայց նկատի ունենալով պրակտիկան, ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել, որ արվեստը և արվեստագետները կարող են գոյություն ունենալ նման անառողջ միջավայրում: Սա հարյուրամյա Բեյ թաղամասն է։ Հապճեպ անտեսել միջավայրի ինքնությունը, որը ձևավորվել է հարյուրավոր տարիների ընթացքում, փորձել այն նմանեցնել մեկ այլ վայրի, նշանակում է անտեսել նրա անցյալը»:

«Ապրելակերպը ևս պահպանվող տարածքի մի մասն է»

Ճարտարապետ Օզգյուր Գիրիշքենը նշելով, որ Բեյ թաղամասը կարևոր տեղ ունի Այնթափի համար, ասաց.

«Բեյ թաղամասը յուրահատուկ դիրք ունի քաղաքի մշակութային ինվենտարում, քանի որ այն հազվագյուտ օրինակ է, որտեղ կարելի է ամբողջական կերպով դիտարկել Գազիանթեփի մշակութային և ճարտարապետական ​​պատմությունը: Շուրջ 20 տարի իրականացվող կոնսերվատիվ-վերականգնողական աշխատանքներում զգալի առաջընթաց է գրանցվել, և իմ կարծիքով՝ իրականացվել է վերականգնման գործընթաց, որն իր ֆիզիկական բնութագրերով կարելի է անվանել «հաջող»։ Այնուամենայնիվ, պահպանման ժամանակակից ըմբռնման մեջ շենքը և քաղաքային միջավայրը միայն ֆիզիկական նորացում չեն ցուցաբերում: Միայն քարե պատերը, ատաղձագործությունը և փորագրությունները չեն, որ վերականգնվելու և պաշտպանվելու են․ շրջանի մշակութային պատմությունը, ապրելակերպը և ընթացիկ կյանքը ևս համարվում են պահպանվող տարածքի մաս:

«Պատմական միջավայրում շենքերը, ճանապարհները, անցումները և այլ ֆիզիկական տարրեր միահյուսված են մարդկանց, հասարակության և կյանքի հետ, և ակնկալվում է, որ հատկապես այս կապն ընդգծվի և առաջին պլան մղվի։ Բեյ թաղամասում իրականացված վերականգնողական աշխատանքներում թաղամասի գունեղ ու բազմամշակութային անցյալի հետքեր չեն երևում։ Այնուամենայնիվ այստեղի կյանքին աջակցող և այստեղ իսկապես ապրելու թաղամաս ստեղծելու հեռատեսությունն ի սկզբանե չի եղել:

«Զբոսաշրջիկների և հարսանեկան լուսանկարիչների համար»

«Բեյ թաղամասը կենդանի պահելու ճանապարհը թաղամասն առևտրայնացնելն էր՝ այն վերածելով մի տեսակ շուկայի: Տուրերի ծրագրերով մի քանի ժամով թաղամաս շրջագայության եկող տեղացի զբոսաշրջիկները և հարս ու փեսայի թեկնածուները, ովքեր այնտեղ են իրենց հարսանեկան լուսանկարների համար, անշուշտ բավարար չեն լինի Բեյ թաղամասում իրական և շարունակական կյանքի համար: Քննարկման առարկա զբոսաշրջային արձանները և լանդշաֆտային դիզայնի ամենավերջում ավելացված տարրերը հարդարման տարրեր են, որոնք տեղադրված են հենց իմ նշած այս անհոգությունը քողարկելու և տեղն ավելի գրավիչ և սպառվող դարձնելու համար: Մեծ հաջողություն կլինի, որ ցանկության դեպքում դրանք հանվեն ու հեռացվեն»։

Թաղամասի կարճ պատմությունը

Պատմաբանը Ուչաները կիսվել է Բեյ թաղամասի պատմության մասին հետևյալ տեղեկություններով. «Բեյ թաղամասը՝ Քայաջըք թաղամասը, թվագրվում է մամլուքյան ժամանակաշրջանով, այսինքն տարբեր աղբյուրներում նշվում է, որ այն սկսվել է XIII դարի կեսերից։ Այս աղբյուրներից հասկանում ենք, որ թաղամասի առաջին բնակիչները եղել են այդ ժամանակ կամ դրանից առաջ քաղաք եկած մահմեդական թուրքմենները։ Բացի այդ, թաղամասի հարեւանությամբ մամլուքների ժամանակաշրջանում կառուցված Էյուբօղլու մզկիթի առկայությունը հաստատում է այս աղբյուրների ճշմարտացիությունը։ XVIII դարի շարիաթի դատարանի արձանագրություններում տեսնում ենք, որ մինչև այդ դարի կեսերը թաղամասի գրեթե բոլոր բնակիչները մահմեդական էին: Թահրիրի մատյանների և շարիաթի գրանցամատյանում նշվում է, որ թաղամասի էթնիկ և կրոնական ինքնությունը սկսեց փոխվել, երբ մինչև 1740 թ․ քաղաքի արևելքում ապրած հայերը գաղթեցին քաղաքից արևմուտք, և ժամանակի ընթացքում թաղամասի բոլոր բնակիչները հայերը դարձան։ Հայկական աղբյուրներում նշվում է, որ XIX դարավերջից մինչև 20-րդ դար՝ դարի առաջին տասնհինգ տարիներին Բեյ թաղամասում բնակվել են բարձր խավի հայերը։ Բացի այդ, Անատոլիայում առաջին իգական քոլեջը՝ Ամերիկյան իգական քոլեջը 1866 թ․, և առաջին բողոքական հայկական եկեղեցին՝ Քայաջըք եկեղեցին՝ 1855 թ․, բացվել են այս թաղամասում։ Փաստ է, որ բոլորս էլ գիտենք, թե ինչպես 1922 թ․ երբ վերջին հայը ստիպված եղավ լքել Այնթափը, շրջակայքի բարձր խավի ընտանիքները բնակություն հաստատեցին հայերի տներում, որոնք բնութագրվում էին որպես լքյալ գույք: Թաղամասը, որտեղ մարդիկ, որոնց կարող ենք անվանել քաղաքային ազնվականներ, ապրում էին մինչև 1970-ականների սկիզբը, սկսեց կորցնել իր հմայքը երկաթե և բետոնե շենքերի կառուցմամբ»:

https://bianet.org/haber/tarihi-bey-mahallesinin-hafizasi-yok-ediliyor-286723

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net