| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարության հովանու ներքո մեկնարկել է «Նոր հնարավորություններ երիտասարդության համար. կայուն զարգացման հեռանկարներ» խորագրով հայ-ռուսական երիտասարդական համաժողովը: Վեցերորդ անգամ անցկացվող ամենամյա միջոցառումն այս տարի առաջին անգամ համավարակով և
պատերազմական իրավիճակով պայմանավորված կազմակերպվել է առցանց: Համաժողովի բացմանը ելույթի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Ելենա Դրուժինինան, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ինչպես նաև այլ պատվավոր հյուրեր ՌԴ-ից և ՀՀ-ից: Ողջունելով երիտասարդական համաժողովի մասնակիցներին` ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր  Մարտիրոսյանը նշել է, որ համաժողովի նպատակն է նպաստել երկու երկրների երիտասարդների ավանդական շփումների սերտացմանը, ստեղծել ամուր հիմքեր նոր նախաձեռնությունների և համատեղ ծրագրերի համար. «Երկրի դինամիկ զարգացման հիմնական ռեսուրսը երիտասարդությունն է և սա հստակ շեշտված է համաժողովի խորագրում` «Նոր հնարավորություններ երիտասարդության համար. կայուն զարգացման հեռանկարներ»: Բացի այդ` քաղաքական, տնտեսական և սոցիալական կարևոր փոփոխությունների ժամանակաշրջանում մեծացած սերունդն առանցքային գործոն է նաև երկրի վերափոխումների համար,- ընդգծել է նախարարի տեղակալը և շարունակել,- Համոզված եմ, որ համաժողովը կօգնի բացահայտել երիտասարդությանը հուզող խնդիրները և գտնել արդյունավետ լուծումներ, իսկ մեր ժողովուրդների միջև պատմականորեն հաստատված բարեկամական կապերը կնպաստեն երկարաժամկետ համագործակցության զարգացմանը և կծառայեն որպես ելակետեր ստեղծարար և նորարարական նախաձեռնությունների իրականացման համար»: Համաժողովն ընթացել է երկու զուգահեռ սեկցիաներով: Առաջին սեկցիայում թեմատիկ քննարկումներն ընթացել են «Երիտասարդությունը՝ որպես սոցիալական նորարարությունների և երկրի կայուն զարգացման սուբյեկտ» թեմայի շրջանակում, որտեղ անդրադարձ է եղել ստարտափ նախագծերի իրականացմանը, պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում երիտասարդների նորարարական գործունեության խթանմանը և այլ հարցերի: «Հայ-ռուսական երիտասարդական նախաձեռնություններ. հնարավորություններ և հեռանկարներ» թեման  եղել է երկրորդ սեկցիայի քննարկման հիմնական ուղղությունը: Բանախոսներն անդրադարձել են COVID- 19 համավարակի պայմաններում երիտասարդական կյանքին, մասնավորապես նոր նախաձեռնություններով հանդես գալու և արդյունավետ համագործակցության հարթակներ գտնելու առանձնահատկություններին, ինչպես նաև երիտասարդների կամավորության խնդրին:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ