կարևոր
2638 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-05 13:50
Քաղաքական

Դեսպանությունում կայացել է «Ներդրումներ Հայաստանում․ «բաց դռների» քաղաքականություն» խորագիրը կրող հայ-ռուսական գործարար համաժողովը

Դեսպանությունում կայացել է «Ներդրումներ Հայաստանում․ «բաց դռների» քաղաքականություն» խորագիրը կրող հայ-ռուսական գործարար համաժողովը

Ապրիլի 4-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացել է «Ներդրումներ Հայաստանում․ «բաց դռների» քաղաքականություն» խորագիրը կրող հայ-ռուսական գործարար համաժողովը։ Համաժողովի նպատակն էր՝ ներկայացնել ռուսաստանյան գործարար շրջանակներին ՀՀ ներդրումային հնարավորություններն ու ներդրողներին աջակցություն ցուցաբերելու գործընթացները, ինչպես նաև խթանել արդի տեղեկատվության փոխանակման համար բազմակողմ միջավայրի ստեղծմանը։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունից։

Համաժողովին մասնակցել են ՌԴ ԱԳՆ, Տնտեսական զարգացման նախարարության, Արդյունաբերության և առևտի նախարարության, Ռուսաստանի և Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատների, ԵՏՀ Կոլեգիայի /ի դեմս Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ /նախարար/ Վարոս Սիմոնյանի/, Ռուսաստանյան արտահանման կենտրոնի, Հայ-ռուսական գործարար խորհրդի, մասնագիտական միությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչները։

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն, ելույթ ունենալով համաժողովի բացմանն, անդրադարձել է հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցությանը, ընդգծել տնտեսական և ներդրումային փոխգործակցության շրջանակում պահպանվող դրական դինամիկան, ինչպես նաև ներկաների ուշադրությունը հրավիրել հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման և զարգացման հարցերին։ Իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշել է նաև, որ անհրաժեշտ է օգտագործել ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության առավել խորացման համար առկա մեծ ներուժը։

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ով իր խոսքում անդրադարձել է ներդրումային բնագավառում ՀՀ կառարության ծրագրերին, ինչպես նաև հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների առանձին հարցերին։

Համաժողովի մասնակիցներին տեսաուղերձով իր ողջույնի խոսքն է հղել ՌԴ Տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը։

Համաժողովը շարունակվել է Հայաստանի «Էնթերփրայզ Արմենիա» Ներդրումների աջակցման կենտրոնի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանի, Հայ-ռուսական գործարար խորհրդի գործադիր տնօրեն Միխայիլ Ռումյանցևի, ԵՏՀ ինեգրացիայի զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանի, Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանի ելույթներով։

Նախաձեռնության շրջանակներում կայացել են նաև պանելային քննարկումներ ոլորտի փորձագետների մասնակցությամբ։ Որպես մոդերատոր հանդես է եկել «Գործարար Ռուսաստան» համառուսաստանյան հասարակական կազմակերպության փոխնախագահ, գործադիր կոմիտեի ղեկավար Նոնա Ղահրամյանը։

Համաժողովին հաջորդել է մասնակցիների ոչ պաշտոնական միջավայրում շփումը։