կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-25 22:48
Քաղաքական

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի և ՀՅԴ երիտասարդական միությունների ներկայացուցիչները հանդիպել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի և ՀՅԴ երիտասարդական միությունների ներկայացուցիչները հանդիպել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին

Հուլիսի 25-ին ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատվիրակությունը հանդիպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ:

Հանդիպումը կազմակերպվել էր Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ:

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատվիրակությունը կազմված էր Արևմտյան Ամերիկայի, Ֆրանսիայի, Կանադայի, Լիբանանի, Պարսկաստանի և Հայաստանի երիտասարդական միությունների ներկայացուցիչներից:

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի տնօրեն Արշակ Մեսրոպյանը ողջունելով ներկաներին, ներկայացրեց գրասենյակի ունեցած դերակատարությունը աշխարհասփյուռ երիտասարդական, ուսանողական և պատանեկան միությունների աշխատանքների համակարգման և համադրման գործում:

Միությունների ներկայացուցիչները առիթ ունեցան ներկայացնելու իրենց կողմից իրականացվող աշխատանքները՝ մանրամասն անրադարձ կատարելով ամեն տարի Հայաստանի և Արցախի տարբեր քաղաքներում և շրջաններում իրականացվող բակային ճամբարներին, որոնց մասնակցում են հազարավոր պատանիներ:

Իր խոսքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ողջունեց ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միություններին իրենց շրջաններում և հայրենիքում իրականացվող ծրագրերի համար, ընդգծելով, որ դրանք մեծ կարևորություն ունեն ինչպես սփյուռքի հայ համայնքների կյանքի ակտիվացման, այնպես էլ հայրենիք-սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում:

Արշակ Մեսրոպյանը ընդգծեց Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի կողմից ակտիվության դրսևորման կարևորությունը՝ հատկապես սփյուռքի այն շրջաններում, որտեղ դեռևս բացակայում են ձևավորված և կազմակերպված հայ համայնքները:

Զարեհ Սինանյանը վերահաստատեց Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի կողմից հայրենիք-սփյուռք հարաբերությունների ամրապնդումը, նշեց, որ գրասենյակի վերջնական նպատակը հայրենադարձության ապահովումն է և բոլոր հայերի հայրենիքում վերահաստատումը:

Կողմերն ընդգծեցին նման հանդիպումների կարևորությունը հայրենիքում ու սփյուռքում սերտ համագործակցության, աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար: