կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-16 16:51
Մշակույթ

Երաժշտական մարզավիճակում լինելու համար անհրաժեշտ է մշտապես աշխատել․ Էդգար Հայրապետյան

Երաժշտական մարզավիճակում լինելու համար անհրաժեշտ է մշտապես աշխատել․ Էդգար Հայրապետյան

Երաժիշտ Էդգար Հայրապետյանը, որը տարիներ շարունակ համագործակցում է Հայաստանում և սփյուռքում լայն ճանաչում վայելող Հարութ Փամբուկչյանի, Արման Հովհաննիսյանի, Արմենչիկի, Անդիի, Հարութ Բալյանի և այլ հայ ճանաչված երգիչների հետ, ելույթներ է ունենում աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, խոստովանում է, որ համավարակի տարածման ընթացքում հնարավորություն է ունեցել նոր ձայնագրություններ անել։ Նա առաջին հայ երաժիշտն է, ում առիթ է ընձեռվել հանդես գալու Լոս Անջելեսի Nokia թատրոնում՝ ելույթ ունենալով հանրահայտ երաժիշտների հետ, ինչը նրան մոտիվացրել է նաև աշխույժ աշխատելուն և ավելի առաջ գնալուն՝ հանդես գալով ամենահեղինակավոր դահլիճներում:

Էդգարի հայրը ակորդեոնահար է: Սերը երաժշտարվեստի հանդեպ փոխանցվել է գեներով: Նվագում է դեռս 13 տարեկանից, անգամ գումար վաստակում, չնայած ծնողները ցանկանում էին, որ իրավաբան դառնա, սակայն ուսումը կիսատ է թողել: Երաժիշտն ասում է, որ ինքնուս է և սիրում է տարբեր ժանրերի ստեղծագործություններ նվագել, բայց հիմնականում համագործակցում է էստրադային աստղերի հետ: Նրանցից են Արամեն, Հարութ Փամբուկչյանը, Արման Հովհաննիսյանը, Ռազմիկ Ամյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Սիրուշոն, Հարութ Բալյանը և այլք:

Տարիներ առաջ Էդգար Հայրապետյանին հրավիրում են մասնակցելու «Շաբաթ երեկո» հեռուստանախագծին, որում ընդգրկվելու համար աշխատանքային հարուստ փորձ էր պետք: Դաշնակահարն ընթացքում ճանաչում է ձեռք բերում, իսկ հետագայում նրան հրավիրում են աշխատելու «Ոսկե կլառնետ» հեռուստանախագծում: Հետագայում հանրահայտ երգիչ Աբրահամ Ռուսսոն համերգային ծրագրով հանդես եկավ Հայաստանում, և Հայրապետյանն ընկերների հետ սկսում է համագործակցել նրա հետ: Ռուսսոն շատ է հավանել երաժիշտներին և առաջարկել որպես բենդ, որում ընդգրկված են եղել Կարո Սարաֆյանը, Տիգրան Սանոյանը, Գագիկ Թորոյանը, Խաչիկ Սահակյանը և այլք հանդես գալ նրա հետ:

Դաշնակահարը շեշտում է, որ զբաղվածության պատճառով չեն կարողացել որպես բենդ շարունակել աշխատել Ռուսսոյի հետ, սակայն կապը մշտապես պահպանվում է: «Ելույթներ եմ ունեցել աշխարհի տարբեր անկյուններում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, մի խոսքով՝ աշխարհի տարբեր երկրներում:

«Կարծում եմ՝ երաժիշտը պետք է պատասխանատվության մեծ զգացում ունենա հեղինակավոր դահլիճներում, մարզադաշտերում նվագելու համար: Բազմաթիվ հյուրախաղերի եմ մասնակցել, մի երկրից մյուսը գնացել: Հիշում եմ՝ Լաս Վեգասում կայանալիք Թաթայի և Արմենչիկի համերգին պետք է մասնակցեի և թռիչքների հետ կապված խնդիրներ առաջացան: Ես Հայաստանից մի կերպ մեկնեցի ԱՄՆ և համերգի սկսվելուց առաջ հասա համերգասրահ, փոխեցի հագուստս և բեմ բարձրացա, անգամ երաժիշտներին բարևելու ժամանակ չգտա: Միայն համերգից հետո կարողացանք ողջագուրվել: Նման պատմություններ հյուրախաղերի ժամանակ հաճախ են լինում»,-պատմեց դաշնակահարն ու հավելեց՝ ամեն անգամ, երբ օդանավակայանում ցույց է տալիս իր անձնագրերը, աշխատակիցները զարմանում են, որ հասցրել է լինել բազմաթիվ երկրներում:

Նա նշեց, որ Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը և մյուս երգիչները իրապես մեծ լսարան ունեն: Նրանց համերգներին գալիս են ոչ միայն հայկական համայնքների ներկայացուցիչներ, այլև բազմաթիվ այլազգիներ:

«Մի առիթով Նյու Յորքում շրջում էինք Արմենչիկի հետ: Մտանք մի սրճարան, որտեղ մեզ մոտեցան ռուս երկրպագուներ ու սկսեցին զրուցել նրա հետ: Ի վերջո երաժշտությունը ո՛չ լեզու է ճանաչում, ո՛չ ազգություն: Ինձ համար շատ հաճելի էր համագործակցություն Հարութ Փամբուկչյանի հետ, որովհետև դեռ փոքրուց լսում էի նրան ու հանկարծ ես եմ նվագում նրա համերգների ժամանակ: Նա արդեն երիտասարդ չէ, բայց շատ եռանդուն է: Ասեմ, որ մեր երգիչներից յուրաքանչյուրը շատ հետաքրքիր է ու նրանց հետ աշխատելը և՛ հաճելի է, և՛ պարտավորեցնող»,-ընդգծեց Էդգար Հայրապետյանը:

Անդրադառնալով համավարակի հետևանքով երաժիշտների առջև ծառացած խնդիրներին՝ դաշնակահարն ասաց, որ անկախ նրանից հնարավորություն կա գումար վաստակելու, թե՝ ոչ, երաժշտական մարզավիճակում լինելու համար անհրաժեշտ է մշտապես աշխատել:

«Աշխատում ենք, չենք ընկճվում, իմ ձայնագրման ստուդիայում մշատպես ձայնագրություններ ենք իրականացնում, արտասահմանի մեր գործընկերների հետ համագործակցում օնլայն տիրույթում: Իհարկե, կենդանի շփումն ու նվագակցությունն այլ հաճույք է, բայց ժամանակն առաջ է գնում, և մենք չգիտենք, թե վաղը ինչ զարգացումներ կլինեն: Մարդ արարած ենք ու կարողանում ենք ադապտացվել յուրաքանչյուր իրավիճակի: Եթե մինչև համավարակը որոշ բացեր լրացնելու ժամանակ չէինք գտնում, ապա հիմա շտկումներ անելու շրջանն է: Տարբեր ստեղծագործությունների գործիքավորումն եմ իրականացնում, նվագում: Տղայիս՝ Ռուդիկի հետ եմ շատ ժամանակ անցկացնում: Նա սովորում է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում. ապագա երգիչ է: Կարծում եմ՝ դեռ կլսենք նրա մասին»,-հպարտությամբ ասաց Էդգար Հայրապետյանը:

Նա տեղեկացրեց, որ նաև աշխատում է որպես պրոդյուսեր: Համագործակցում է երգիչ Արայիկ Ավետիսյանի հետ, որի «Սիրո ծովում» երգը հաջողություն է ունեցել և Սոչիում կայացած երաժշտական մրցանակաբաշխություններից մեկում արժանացել է մրցանակի: 13-ամյա մի շնորհալի երգչուհու՝ Արցախում զոհված տղաներին նվիրված երգն ենք գործիքավորել: Էդգար Հայրապետյանը խոստովանեց, որ պատերազմից հետո և՛ ինքը, և՛ արտերկրում ապրող երգիչներ փորձել են աջակցել Արցախից Հայաստան եկած մի քանի ընտանիքի և հնարավորությունների սահմաններում հոգ տարել նրանց մասին:

Դավիթ Գրիգորյան