կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-14 16:44
Քաղաքական

Փաշինյանի տեղը բանտախուցն է. Սերժ Սրապիոնյան

Պարո՛ն Մանուկյան, ամենավտանգավորը համարում եմ կոմունիկացիոն խնդիրը՝ Նախիջեւանից Մեղրի ճանապարհը եւ Ալիեւի առաջարկած երկրորդ ճանապարհը. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը՝ դիմելով Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ, վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին՝ մտավորականների եւ մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ:

«Այդ թղթերի տակ հավելված կա։ Այդ հավելվածը Նիկոլ Փաշինյանն է։ Երբ լսեիք նրա այսօրվա ելույթը, կհասկանայիք, որ մենք արդեն մեղադրվում ենք արտասահմանից ղեկավարվելու համար։ Սա քարոզչություն է։ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության քարոզչությամբ։ Մենք այդ քարոզչությունը լավ չենք անում:

Պարո՛ն Մանուկյան, Ձեր մի ձեւակերպման հետ ես համաձայն չեմ, երբ կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանը ավելի օգտակար կլիներ, եթե դրսում մեր շահերը պաշտպաներ։ Նա մի անգամ արդեն Թուրքիայում եղել է, եւ մեր շահերի պաշտպանությունը մեր վրա շատ թանկ է նստել: Նրա տեղը բանտախուցն է: Շատ լավ գիտակցում է եւ չի գնալու։

Ինչ վերաբերում է կտրուկ միջոցներին՝ մենք չենք կարող մեր իսկ ընտրած առաջնորդի ձեռքին ավտոմատ տալ եւ ասել՝ գնա, Նիկոլից իշխանությունը խլի։ Նիկոլը շատ սիրուն իշխանությունը պահում է իր ձեռքին՝ այդ վիթխարի ֆեյքաբանակով,- ասաց Սրապիոնյանը՝ ներկաներին հարցնելով, թե քարոզչական ի՞նչ միջոցներ են կիրառում ճշմարտությունը ժողովրդին հասցնելու համար։ - Բոլորս մտավորականներ ենք, ի՞նչ ենք արել թաքնված, ծախու արարածներին ճշմարիտ պատասխանելու եւ տատանվող հանրությանը ճիշտ ինֆորմացիա տալու համար, որպեսզի գան հրապարակները։ Մենք այդ քայլը չենք արել, եւ այստեղ մեղավորը նաեւ մենք ենք»:

Սրապիոնյանը ելույթի ավարտին հիշեցրեցվ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպի հերոսուհու խոսքը․ «Մելիք որ մեռավ, երկու սիրտ ուներ ու չորս պլոճիկ: Էնոր սրտի մեջ չաթալ օսկոր կա։ Էդպիսի սերունդ չկա, որ ծնվի»։

«Ես ասում եմ՝ Խաչիկ Դաշտենցը սխալվել էր։ Վկան՝ այն կորուստները, որ տվեցինք այս պատերազմում։ Նրանք «երկու սիրտ» ունեին, եւ «չորս պլոճիկ», ու նրանց սրտի մեջ «չաթալ օսկոր» կար։ Բերեք, պահենք այդ «չաթալ օսկորի» մնացորդացը, որովհետեւ Նիկոլն արդեն ասաց՝ հայոց բանակը Հայաստանի սահմաններն է պահելու։ Դա նշանակում է՝ «Ես Արցախը տվել եմ Ալիեւին»։ Իսկ մենք թույլ չենք տալու, մենք գալու ենք ձեր հետեւից»,- հայտարարեց Սերժ Սրապիոնյանը։

Լիանա Սարգսյան