կարևոր
51973 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-24 15:09
Հասարակություն Մշակույթ

Զիաբունիաթովների ճտերն են այսօր վխտում Հայաստանում և չկա մի Սևակ, որ դրանց իրենց տեղը ցույց տա․ Սրապիոնյան

Զիաբունիաթովների ճտերն են այսօր վխտում Հայաստանում և չկա մի Սևակ, որ դրանց իրենց տեղը ցույց տա․ Սրապիոնյան

Մեծանուն բանաստեղծ Պ․ Սևակի ծննդյան 100-ամյակի առիթով Yerkir.am-ը զրուցել է գրականագետ Սերժ Սրապիոնյանի հետ։ Նա վստահ է՝ Սևակի մեծությունն ամեն անցնող տարու հետ ավելի ենք զգալու, զգալու ենք նրա բացակայությունը, որովհետև նրա գոյությունը, նրա շնչառությունը համահունչ էր հայ ժողովրդի շնչառությանը։

«1965 թվականին, երբ տեղի էր ունենում Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի ոգեկոչման պատմա-քաղաքական գործընթացը և որը չտեսնված ու չլսված երևույթ էր Խորհրդային միությունում, 41-ամյա Սևակը, ով բանաստեղծության մեջ ձեռք էր բերել լիդերի աստիճան և առաջնորդող դեմք էր հանդիսանում, դարձավ այդ շարժման կենտրոնական դեմքերից։ Այն նվիրվածությունը, որ նա ուներ իր երկրի ու ժողովրդի հանդեպ, այն հավատը, որ ուներ իր ժողովրդի բարոյական, բանական ու նաև պատմական արժեքի վերաբերյալ, բացառիկ մոտեցում էր, խորքային ու մտածված։ Նա մեր բոլոր ժամանակների ամենաշատ ընթերցված բանաստեղծներից էր»։

Սրապիոնյանը հիշեց Սևակի ուսուցիչներից Հովհաննես Բարսեղյանի խոսքերը․ «երբ լույս տեսավ Սևակի առաջին ժողովածուն՝ «Անմահները հրամայում են», մենք ասացինք՝ հայ գրականագիտությունը կորցրեց մի մեծագույն դեմքի, որովհետև նա մեծ գրականագետ էր։ Նրա միտքն ու հոգին այնքան խորքային ու նվաճողական էին, տարածքներ էին նվաճում»։

Հարցին, թե ինչ կաներ կամ ինչ կասեր Սևակը, եթե այսօր ողջ լիներ, գրականագետն այսպես պատասխանեց․ «Եթե այսօր լիներ, վատ կանխագուշակում եմ անում, բայց նա կամ ինքնասպան կլիներ կամ նվազագույնը՝ կխելագարվեր, որովհետև նա երբեք չէր կարողանալու պատկերացնել, որ իր այդքան սիրած հայության մեջ, հայ ազգի մեջ, հայկականության պակաս ունեցող կամ իսպառ չունեցող այսքան տականքներ կարող են լինել։ Սա ինձ համար աքսոմատիկ ճշմարտություն է։ Այսօր՝ նրա 100-ամյակին չեմ կարողանում ինձ թույլ տալ Սևակից որևէ միտք արտահայտատել՝ մտածելով, որ ինչ արժեք ունի այն մանկուրթների համար Սևակի միտքը, որից իրենք չեն դաստիարակվում»։

Սրապիոնյանի խոսքով, Սևակի բոլոր ընկերները, որոնք եղել են իր ուսուցիչները՝ Հրանտ Թամրազյանը, Վազգեն Գևորգյանը, բանաստեղծներ, որոնց հետ բախտ ու պատիվ է ունեցել շփվելու, Սևակի մասին անթաքույց հիացմունքով էին խոսում եւ այն մտայնությամբ, որ Սևակը մտքեր էր կերտում։ Սևակը բանականություն էր կերտում։ «Լևոն Հախվերդյանի պատմածները հիշում եմ և զարմանում, որ մարդը իր ժամանակակցի հետ  ապրել է ու իր աճումը վերագրել իր մտերիմ ընկերոջը։ Այդպիսի մթնոլորտ էր ստեղծում Պ․ Սևակը։

Երբ 100 տարիների հեռավորությունից ենք նայում Սևակի ստեղծած գրականութանն ու գրականագիտությանը, պարզապես հասկանում ենք, որ 20-րդ դարի մեր բանաստեղծական մտքի շրջադարձի կերտիչներից մեծագույնը եղել է հենց Պ․ Սևակը։ Բանաստեղծական մտածողության, հայրենասիրական մտածողության, դրանց ըմբռնումների և ծառացման իմաստով, Սևակը մնաց եզակի ու անկրկնելի և այդպես էլ մնալու է։ Նա ծանր գնով նվաճեց իր տեղը հայ բանաստեղծության մեջ, բայց ի վերուստ, Աստծո կամքով այդ տեղը նախատեսված էր Սևակի համար»։

Սրապիոնյանը թեպետ այդ ժամանակ ոչ հասուն տարիքում է եղել, սակայն պարզ հիշում է Սևակի բանավեճը ակադեմիկոսի կոչում ունեցող թուրք-թաթար-ադրբեջանցի Զիա Բունիաթովի հետ և թե ոնց էր Սևակը ոչնչացնում նրան, երբ Բունիաթովը փորձում էր կեղծել ու յուրացնել մեր պատմությունը։ «Չվիրավորեմ կոլեգաներիս, բայց եթե 100 մարդու միտք իմի բերենք, մեկ Սևակի արժեք չենք կարող ստանալ։ Սա է մեր ողբերգությունը։ Պ․ Սևակի հոդվածից հետո բունիաթովները քաշվեցին իրենց որջերը, այլևս չէին համարձակվում հայ ժողովրդի մասին որևէ կարծիք գրել։ Այսօր կարծես այդ կարծիք գրելու սարսափը իրենց մեջ պահածների ժառանգներն են փորձում Հայաստանում միտք կերտել։ Դա որևէ տրամաբանության չի ենթարկվում, զարմանալի է։  Սևակի ժառանգները չե՛ն երևում ասպարեզում․ ժառանգներն ուղիղ իմաստով նկատի չունեմ, այլ գաղափարական ժառանգորդներին։ Զիաբունիյաթովների ճտերն են այսօր վխտում Հայաստանում և չկա մի Սևակ, որ դրանց ցինիկ մռութներին հասցնելով՝ իրենց տեղը ցույց տա»։

Անդրադառնալով մեր մեծությունների մեծարման կարևորությանը՝ Սրապիոնյանը հիշեցրեց Միքայել Նալբանդյանի 150-ամյակի մասին, երբ ամբողջ Խորհրդային Միության 15 հանրապետություններում կազմակերպվեցին անչափելի ընդգրկուն միջոցառումներ, նույնիսկ Ադրբեջանում։ «Հինգը տարի առաջ լրացավ Կոմիտասի, թումանյանի, Երվանդ Օդյանի ու Լևոն Շանթի 150-ամյակները, սակայն պետական որևէ արձագանք չունեցավ, որովհետև այս պետության ղեկը վստահված էր հիշողություն չունեցող մանկուրթներին։ Սևակն իրեն սիրողների ու բարձրացնողների պակաս  չունի, բայց պետական արձագանք այս դեպքում էլ չկա։ Սա նույնպես հստակ մտածված գաղափարներից է՝ հայ ժողովրդին մանկուրթի վերածելու համար։ Չէ՞ որ նա մեր ամենաազգային բանաստեղծներից է։ Միտումնավոր կերպով լռության են մատնված։ Չեն համարձակվում ժխտել, բայց որևէ պետական արձագանք էլ չկա։ Սրանց անծալք ուղեղներին, ո՞նց կարող է հասու լինել Սևակի մտքի խորքն ու չափը։ Չի՛ կարող։ Բարեբախտաբար, Մեդիա դաշտն այսօր Սևակով է շնչում։ Սևակը դեռ սերունդներ է կրթելու և սերունդներ են դեռ զբաղվելու սևակագիտությամբ» ,-եզրափակեց Սրապիոնյանը։

Մեղրի Ղուկասյան