Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի հարավում առաջիններից ռմբակոծության տակ հայտնված բնակավայրի՝ Հադրութի, տասնյակ եկեղեցիներից, հուշաքարերից, պարիսպներից փրկվել է միայն մեկ գեղանկարչական ցուցահանդես, որն այս օրերին Մոսկվայում է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Հադրութի բնակիչ, Հադրութի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը, որը փախստական է դարձել Արցախի հանդեպ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով և այժմ Երևանում է։
Հադրութում է Ազոխի քարանձավը, որը մթա 5-րդ դարի հուշարձան է, 4-րդ դարում հիմնված Կատարո վանքը 2470 մ բարձրությամբ, այնտեղ է Տող գյուղում գտնվող՝ Դիզակի Մելիք-Եգանի ապարանքը, Ցոր գյուղում միջնադարում Մեսրոպ Մաշտոցի հիմնած կրթարանը, Սուրբ Հարություն եկեղեցին, որը 18-րդ դարի հայկական հուշարձան է, Տայք գյուղի արգելոցը, որը 18-րդ դարի փողոցներով պատմամշակությանի վայր է, Տնջրին, Գրչավանքը․․․ Երազիկ Հայրիյանի թվարկումը, թվում է, անվերջ է։
Այս ամենից անգամ թանգարանային որևէ նմուշ հադրութցիները չեն հասցրել դուրս բերել ադրբեջանցիների հրթիռների տակ հայտնված շրջանից․ գնդակոծությունների հենց սկզբից՝ սեպտեմբերի 27-ից, ընդամենը հասցրել են ծածկոցում փաթաթել իրենց երեխաներին ու փախչել՝ փաստաթղթերն ու անձնագրերն էլ չեն վերցնել իրենց հետ։
«Ցավոք սրտի, երբ սեպտեմբերի 27-ին ռմբակոծվում էր Հադրութը, մենք չէինք էլ պատկերացնում, որ այս ձևով կշարունակվի և Հադրութը կմնա ադրբեջանցիներին։ Բոլորիս թվում էր, որ 2 օրով ենք տարհանվել Հադրութից՝ մտածելով, որ հետ ենք գնալու»,-ասաց Երազիկ Հայրիյանը։
Նա դեռ հույս ունի, որ հնարավոր կլինի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Արցախի մշակույթի նախարարության միջոցով գոնե Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան թանգարանի նմուշները հանել, որտեղ Հադրութի գենետիկան է արտացոլված, այն ամենը, ինչ կապված է Հադրութի հայկական պատմության հետ, քանի որ վստահ է, որ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելուց հետո որևէ արժեք չի փրկվելու, բոլորը ոչնչացնելու են։
Արփի Վանյանը ազատամարտիկի դուստր է, Հադրութում են բնակվել նրա բոլոր նախնիները, արմատներով հենց այդ վայրից են ինքն էլ, ամուսինն էլ։ 1990-ականների պատերազմից սկսած՝ իր հայրական տունը երկու անգամ հրթիռներից խոցվել է, երկու անգամ էլ վերակառուցել են։
«Ու հիմա այդ տունը թուրքի ձեռքին է։ Իմ ծնողների գերեզմանները այնտեղ են ու ես հիմա որ մտածում եմ՝ հնարավոր է երբեք չտեսնեմ, չեմ դիմանում»,-ասաց Արփի Վանյանը։
Թեև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ հակամարտող բանակները կանգ առնեն այնտեղ, որտեղ են այդ պահին, իսկ Հադրութը այդ պահին ադրբեջանցիների վերահսկողության տակ էր, հադրութցիները հույս ունեն, որ իրենց հայրենիքը այդպես չի մնա, կվերադարձնեն իրենց։ Նրանք հատուկ նշում են, որ անգամ Խորհրդային Միության տարիներին Հադրութը Ադրբեջանի մաս չի եղել, եղել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մասը, այնպես որ արդար կլինի, որ վերադարձնեն իրենց։
«Թող փոխզիջումներ անեն․ քանի որ Աղդամի շրջանը ադրբեջանցիները չեն գրավել, այսօր մեր վերահսկողության տակ է և ստորագրված փաստաթղթով պետք է տանք ադրբեջանցիներին, թող գոնե փոխզիջում անեն և դրա փոխարեն հայկական կողմին վերադարձնեն Հադրութի շրջանը։ Բոլորս հույսներս դրել ենք այս փոխզիջման գաղափարի վրա։ Հույս ունենանք, որ միջազգային հանրությունը այս անգամ լուռ չի մնա, ինչպես 45 օր մնաց լուռ, անտարբեր»,-ասաց Երազիկ Հայրիյանը։
Երազիկ Հայրիյանը 3 մանկահասակ երեխայի ու վիրավոր ամուսնու հետ, որը նոր է դուրս գրվել հիվանդանոցից, Երևանում է։ 3 սենյականոց բնակարանում 17 հոգով տեղավորվել են՝ բոլորն էլ Հադրութից տեղահանված ընտանիքներ։ Կատակում են՝ դեռ հատակին ինչքան տեղ կա, այդքան մարդու էլ կարող են ընդունել։ Բայց այս վիճակում, իհարկե, երկար դիմանալ հնարավոր չէ։
«Հադրութում մեր ընտանիքով 3 սենյականոց բնակարան ունեինք, տունը կար, ամեն ինչով ապահով էինք։ Գույք, ամեն ինչ թողել ենք, թողել ենք անգամ փաստաթղթեր, անհնար էր վերադառնալը, ռմբակոծում էին, ահավոր էր Հադրութի վիճակը։ Ովքեր սեպտեմբերի 27-ին մտել են ապաստարաններ և մեկ-երկու օր Հադրութում մնացել, անգամ նրանք չեն կարողացել բարձրանալ և անձնագրերը վերցնել։ Գրեթե բոլոր հադրութցիները առանց փաստաթղթերի են այստեղ։ Ոչ հասցե ունենք, ոչ անուն, ոչ հայրենիք․․․ դա մի խելագարվելու աստիճանի իրողություն է, որը կատարվում է հադրութցու, բերձորցու, շուշեցու հետ»,-ասաց նա։
Ադրբեջանցիների հետ նույն տարածքում ապրելու հեռանկարը հադրութցիների համար անընդունելի է։ Ասում են՝ իրենց երեխաների կյանքը չեն վտանգի այդպես, դա անհանրին է, որովհետև ամեն մի ադրբեջանցի մի Սաֆարով է։ Ասում են՝ 90-ականներին իրենց պայքարը հենց նրա համար էր, որ չապրենք ադրբեջանցիների մեջ, քանի որ իրենց կյանքին վտանգ էր սպառնում, 30 տարի հետո, կարծում են, որևէ բան չի փոխվել։ Անգամ ռուս խաղաղապահները, նրանց համոզմամբ, չեն կարող ամեն հայի պաշտպանել հարևան ադրբեջանցուց, քանի որ թշնամին իր ձեռագիրն ունի, և այն երբեք չի փոխի։
Աննա Բալյան