Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Վեցշաբաթյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում` Հարավային Կովկասի լեռնային շրջանում, ավարտվեց նոյեմբերի 9-ին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված խաղաղության համաձայնագրից հետո, The Conversation-ում գրում է պատմաբան, Թաֆթսի համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Մարանչին:
«Գործարքի համաձայն` Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայկական մի քանի շրջան, որոնք հայերն Արցախ են անվանում, նոյեմբերին եւ դեկտեմբերին հանձնվեցին Ադրբեջանին: Դա առնվազն մեկ դար առաջ սկսված հակամարտության վերջին գլուխն է: 1921 թվականին Խորհրդային Միությունը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս հայտարարեց` չնայած նրան, որ դրա էթնիկ մեծամասնությունը հայեր էին: Այդ ժամանակից ի վեր այդ տարածքը զանգվածային ցույցերի, միջազգային պայմանագրերի խախտումների եւ 1992-ից 1994 թվականների դաժան պատերազմի վայր դարձավ: Մարդկային ողբերգությունը կործանարար էր: Միայն 2020-ի մարտերում ավելի քան 5000 զինվոր զոհվեց, ավելի քան 100.000 մարդ տեղահանվեց: Չնայած պատերազմն ավարտվել է, սակայն տարածաշրջանի ճարտարապետական հարուստ ժառանգությունը դեռ սպառնալիքի տակ է:
Ժառանգության պահպանությամբ զբաղվող կազմակերպությունները մտահոգված են, որ տարածաշրջանի բազմաթիվ պատմական եկեղեցիները, վանքերը եւ տապանաքարերը կարող են վնասվել կամ ավերվել այժմ, երբ հայերն այնտեղ այլուս չեն կարող մուտք գործել:
Պատմական եկեղեցիներին հասցված վնասը
Պատերազմն արդեն վնաս է հասցրել բազմաթիվ հայկական պատմական հուշարձանների: Աշնանն ադրբեջանական ուժերը գնդակոծեցին հնագույն Տիգրանակերտ քաղաքը, որը հիմնադրվել է Տիգրան Մեծի կողմից մեր թվարկությունից առաջ: Նրանք նաեւ վնաս են հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարին, որն աշխարհի ամենամեծ հայկական տաճարներից մեկն է: Շուշան, որը հայերը Շուշի են անվանում, Ղարաբաղի մշակութային մայրաքաղաքն է: Երբ քաղաքն անցավ ադրբեջանցի զինվորների վերահսկողության տակ, համացանցում հայտնվեցին գրաֆիտիներով այլանդակված 19-րդ դարի հայկական տաճարի լուսանկարները: Վնաս էր հասցվել նաեւ 19-րդ դարի մեկ այլ տաճարին, որը հայտնի է որպես Կանաչ Ժամ եւ նվիրված է Հովհաննես Մկրտչին: Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները հայ արվեստի եւ ճարտարապետության ավելի լայն ճարտարապետական ավանդույթի մասն են կազմում, որոնք ես ուսումնասիրում եմ: Ավելի քան 20 տարի ես ուսումնասիրություններ եւ դաշտային աշխատանքներ եմ տանում Հայաստանի պատմական շրջաններում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում:
Միջնադարյան ժառանգությունը
Լեռնային Ղարաբաղը, իր հնության, վիզուալ եւ կրոնական առանձնահատկությունների շնորհիվ, հայ արվեստի պատմության կարեւոր գլուխն է կազմում: Հարավարեւելքում գտնվող Ամարաս վանքը հիմնադրվել է 4-րդ դարում, երբ Հայաստանը քրիստոնեությունը որպես իր ազգային կրոն ընդունած առաջին երկիրը դարձավ: Այն Հայաստանի հովանավոր սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռան` Սուրբ Գրիգորի գերեզմանատեղին է: Այստեղ է գտնվում նաեւ առաջին դպրոցը, որտեղ օգտագործվել է հայկական գիրը: Պարսպապատ համալիրում մեծ բազիլիկ կա: Դրա տակ Գրիգորիսի` 5-րդ դարի գերեզմանն է` պահպանված հայ քրիստոնեական հնագույն թաղման կառույցներից մեկը: Վերջին հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ այս դամբարան կարելի էր մուտք գործել արեւելքից, ինչը բավականին անսովոր է եկեղեցական ավանդական ճարտարապետության համար: Գիտնականները դասավորությունը կապում են Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի եկեղեցու` Հիսուսի խաչելության եւ դամբարանի վայրի հետ: Շատ այլ եկեղեցիներ Լեռնային Ղարաբաղում թվագրվում են ավելի վաղ` 13-ից 18-րդ դարերով, եւ դրանց պատերի մեջ խաչքարեր են: Խաչքարերի վրա հաճախ հայերեն գրություններ են հանդիպում, որոնցում նշված են նվիրատուի եւ նրա ընտանիքի անդամների անունները...
Մինչդեռ, արեւմուտքում գտնվող Ծիծեռնավանքը ձեռք չտված վաղ քրիստոնեական բազիլիկի անսովոր նմուշ է: Այն թվագրվում է 5-րդ կամ 6-րդ դարերով: Սրբավայրի վերին մակարդակի պատկերասրահը անսովոր դիզայն է եկեղեցական ճարտարապետության մեջ: Անհասկանալի է, թե ինչու հավատացյալներին կթույլատրվի կանգնել եկեղեցու ամենասուրբ հատվածի վրա: Ծիծեռնավանքը վկայում է նաեւ վաղ ժամանակակից շրջանում հայկական շարունակական ներկայության մասին: Գրությունը մինչև 10-րդ դարի եկեղեցու վրա կոչ է անում Քրիստոսին` «Հիշիր քո ծառայի` անարժան Գրիգորի աղոթքները քո սիրելի եղբոր` Ազատի համար»: Մեկ ուրիշը` 1613 թվականի, ասում է, որ «Աստծո կամքով... բերդի պարիսպը վերանորոգվեց իշխան Հայկազի ձեռքով...»:
Ծնողների, երեխաների եւ այլ անձանց անուններով այս գրությունները եւ հուշարձանները, որոնց վրա դրանք փորագրված են, իսկական գիրք են կազմում տարածաշրջանի պատմության վերաբերյալ:
Հարուստ անցյալ, բայց անորոշ ապագա
Լեռնային Ղարաբաղը ճարտարապետական բազմաթիվ ավանդույթների տուն է: Այստեղ նախապատմական քարանձավներ եւ ժայռապատկերներ կամ քարանձավային նկարներ կան ինչպես նաեւ` միջնադարյան և ժամանակակից իսլամական դամբարաններ եւ մզկիթներ, կամուրջներ, ամրոցներ եւ պալատներ: Դրանք արտացոլում են տարածաշրջանի բազմակողմանի եւ բազմազան համայնքները:
Բայց ժառանգության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, թանգարանները, գիտնականները, լրագրողները եւ եկեղեցական առաջնորդներն ամենաշատը մտահոգված են մեծ թվով հայկական քրիստոնեական հուշարձանների կապակցությամբ, որոնք ներկայացնում են բնիկ հայ բնակչությանը եւ որոնք կարող են տուժել հենց այդ պատճառով:
Գիտնականները մտավախություն ունեն, որ հուշարձանները կարող են նույն ճակատագիրն ունենալ, ինչ այն հայկական օբյեկտները, որոնք գտնվում են Նախիջեւան ադրբեջանական էքսկլավում, որտեղ 1997-2007 թվականներին հազարավոր խաչքարեր ոչնչացվեցին զինվորների կողմից:
Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանների թվային փաստաթղթավորումը կարեւոր նշանակություն ունի` պատերազմի ավարտից անմիջապես հետո դրանց վիճակն արձանագրելու համար: Եթե դրանք ոչնչացվեն, ապա ընդմիշտ կվերանան, ինչը, իմ նման գիտնականների կարծիքով, ողբերգական կորուստ կլինի համաշխարհային ժառանգության համար»,- գրում է պատմաբանը: