Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի հրավերով Հայաստան են ժամանել Բելառուսի գործարարներ՝ աշխուժացնելու հայ-բելառուսական առևտրային կապերը: Մասնավորապես` Հայաստանում են բելառուսական հրուշակեղենի, կաթնամթերքի, մսամթերքի, տեքստիլ արդյունաբերության, գյուղտեխնիկայի, քիմիական արդյունաբերության ոլորտները, անգամ` նեյրովիրաբուժության ոլորտը ներկայացնող կազմակերպություններ:
Հայկական ընկերություններից` «Համլետ Հովսեփյան» պահածոների գործարանի տնօրեն Հայկ Հովսեփյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց հետաքրքրում է բելառուսական մսամթերքը, և համագործակցության արդյունքում Բելառուսից կստանան մսամթերք, որն էլ իրենց գործարանում կենթարկվի ջերմային մշակման ու պահածոյացման: Ըստ գործարարի` իրենց արտադրանքը արտահանվում է Ռուսաստան:
Մեր հարցին, թե ԵՏՄ անդամ դառնալուց հետո իրենց ընկերության գործերը լավացե՞լ են, թե՞ ոչ, Հայկ Հովսեփյանը պատասխանեց, որ չի դժգոհում, գործերը լավ են, որովհետև ռուսական շուկայում կարողանում են վաճառել իրենց արտադրած մսամթերքը:
«Ճիշտ է, ռուբլու անկումը մի քիչ խոչընդոտում է առևտրի զարգացմանը, բայց հույս կա, որ լավ կլինի: Մեր արտահանման ծավալները մեծ են»,- ասաց Հայկ Հովսեփյանը:
Հետաքրքրվեցինք` իսկ դաբաղ հիվանդության պատճառով Ռուսաստանի կողմից հայկական մսամթերքի վրա դրված ժամանակավոր արգելանքը որքա՞ն վնաս կհասցնի: Ձեռներեցը կարծիք հայտնեց, որ ամեն դեպքում վնասները չեն կարող մեծ լինել, քանի որ հայկական կողմը մեծ ծավալների մսամթերք չի արտահանում Ռուսաստան:
«Մոքս-իմպեքս» ընկերության արտադրության գծով տնօրեն Վարդան Բադալյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց` քանի որ իրենց ընկերությունը հումք սպառող է, բելառուսական ընկերություններից մեկն էլ առաջարկում է հումք, ուստի զրուցել է բելառուսական ընկերության ներկայացուցչի հետ, որոշ ճշգրտումներ էլ կարվեն, ու հավանաբար, կհամագործակցեն: Վարդան Բադալյանը նշեց, որ իրենց ընկերությունն արտադրում է պլաստիկ տարաներ, և քանի որ հայկական շուկան տվյալ պահին հագեցած է թե\' պարսկական, թե\' ռուսական հումքով, բելառուսների առաջարկը կարող է հետաքրքրել:
Հարցին, թե ի՞նչ առաջխաղացում ունեցավ իրենց ընկերությունը ԵՏՄ շուկա մտնելուց հետո, գործարարը պատասխանեց, որ կան որոշ ծրագրեր, որոնք հիմա ընթացքի մեջ են, մասնավորապես` արտահանման ուղղությամբ, քանի որ ընկերությունը զբաղվում է նաև կենցաղային քիմիայի արտադրությամբ:
«Ո\'չ դրական, ո\'չ էլ բացասական արձագանք չենք կարող տալ` ԵՏՄ շուկայի հետ կապված, որովհետև բոլոր նախագծերը դեռ ծրագրային փուլում են»,- ասաց Բադալյանը: