Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
…. «Եթէ չլինէին հայերը, մենք կը գրաւէինք Կովկասը»:
Այս խօսքերի հեղինակը թուրքական բանակի հրամանատար տխրահռչակ Ալի Իհսան Փաշան է, ով իր հեծելազօրի հետ սրանից 102 տարի առաջ, 1918-ի գարնանը, Իրանի Ատրպատականի շրջան հերթական ներխուժման ժամանակ ջախջախւեց հայ կամաւորականների հուժկու դիմադրութեան արդիւնքում…
Հայ կամաւորականները մասնաւորապէս Ուրմիայի եւ Խոյ-Սալմաստ ճակատամարտերով պատճառ դարձան, որ Իհսան Փաշայի զօրքերը ամիսներ դոփեն տեղում եւ այնպէս էլ չյաջողեն միանալ Սարդարապատում նոյնպէս ջախջախւող թուրքական զօրաբանակին:
Պատմական վերոգրեալ փաստի մասին այստեղ հարկ չկայ լայն փակագծեր բացել, որպէսզի ապացուցելու լինենք պանթուրանական հին թէ՛ նոր՝ նէոօսմանականութեան բարդոյթով տառապող մերօրեայ Իհսան փաշաների՝ Էրդողան-Ալիեւների երազանքների «արդիականութիւնը»…
Ահաւասիկ, եթէ 100 տարի առաջ, Իրանում իշխող Ղաջարական ապիկար, թուլամորթ ու պարտւողական «երկրապահների» բացը՝ դիմակայելու թուրք ոտնձգիչներին, լրացնում էին հայ ազատագրական պայքարի նւիրեալները, այսօր, սակայն, հզօր, զգօն եւ հայրենանւէր Իրանի զաւակների առկայութեամբ սաղմի մէջ խեղդւել ու խեղդւելու է ոտնձգիչ ամենադոյզն իսկ խելացնորութիւնը…:
Եւ ահա, նէոօսմանացիների նկրտումների կիզակէտում դարձեալ Կովկասն է, որի ճամբին որպէս խոչընդոտ առկայ է դարձեա՛լ հայութիւնը, սակայն, այսօր որպէս պետական ուրոյն միաւոր ու ազգային անվտանգութեան երաշխաւոր՝ փառապանծ բանակով, որի հայրենական առաջնային խրամատներն են արծւաբոյն Արցախը, իսկ այդ ամէնի թիկունքում՝ Սփիւռքի գիտակից, հայրենասէր ու պահանջատէր մերօրեայ բազմահազար «կամաւորական ջոկատները»…:
Եւ այսպէս՝ աշխարհագրա-քաղաքական, ինչպէս եւ՝ տարածաշրջանային (Մերձաւոր ու Միջին-արեւելեան ու կովկասեան) վերջին ժամանակաշրջանների յարափոփոխ զարգացումներին ի տես՝ էրդողանեան նէոօմանիզմի, (եւ համատեղութեան կարգով Իսրայէլական սիոնիզմի), յատկապէս ԴԱԷՇ-աբարոյ նկրտումները յօդս են ցնդելու, յար եւ նման ընդդէմ Սիրիա-Իրաք թուրքական ոտնձգութիւնների, քանզի.-
1-Տւեալ դէպքում (միեւնոյն Ատրպատականի սահմանակից շրջանների ողջ երկայնքով) Թուրքիան յօգուտ Բաքւի կլանի կուտակել է վարձկան-ջիհադիստ ԴԱԷՇ-ականների, որով անմիջական սպառնալիք են դառնում Իրանի ազգային-պետական անվտանգութեանը,
2-Անկախ դրսեւորման եղանակներից, հայ-իրանական ազգային-պետական շահերի համընկնումը դառնում է բնական եւ անխուսափելի՝ այս վերջինների դէմ ներուժ ու ներգործուն սպառնալիքները դիմագրաւել-յաղթահարելու առումով:
…Ու այժմւանից պարզորոշ է, թէ Իհսան Փաշայի խելացնոր ժառանգորդ Էրդողանը եւս, ուշ թէ շուտ, խոր մղձաւանջի մէջ նւնւալու է.- եթէ չլինէին հայ-իրանական համատեղ շահերը, մենք կը գրաւէինք Կովկասը»…
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ