|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Որպեսզի Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, պետք է ձերբակալի ողջ հայ ժողովրդին, ուրիշ տարբերակ չունի. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքի ժամանակ։
Նա ասաց, որ որոշում են կայացրել ձերբակալելու Հայաստանի շուրջ 20 կուսակցությունների ղեկավարներին։ Նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ձերբակալի ողջ հայ ժողովրդին, որպեսզի կարողանա մնալ իր իշխանությանը, ուրիշ տարբերակ չունի։
«Ինքը պետք է գնա, հեռանա, որպեսզի փրկենք Արցախը։ Հասկացե՛ք, սա ազգային ազատագրական պայքար է։ Նիկոլն իրավունք չունի մնալու իշխանության և հենց այսօր պետք է հեռանա, և վե՛րջ»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարթակից հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ մեկուսարանում է, Նիկոլ Փաշինյանի հրահանգով՝ գլխավոր դատախազը մտնելու է ԱԺ՝ իրեն, Արման Աբովյանին, Գևորգ Պետրոսյանին և ևս մի քանի գործընկերների, Դաշնակցության ղեկավարներին, «Հայրենիք» կուսակցության ղեկավարին, բոլորին կալանավորելու՝ պետական հեղաշրջման կեղծ մեղադրանքով։
«Նիկոլը հանձնել է Արցախը, ժողովո՛ւրդ, Նիկոլը Շուշիի բանալիները հանձնել է թշնամուն։ Քիչ առաջ խոսում էի Պարգև Սրբազանի հետ. Մայր Աթոռը հիմա կազմակերպում է թուրքին հանձնված՝ մեր հարյուրավոր եկեղեցիներից գոնե խաչքարներն ու զանգերը տեղափոխելու գործընթաց։ Ժողովո՛ւրդ, հազարավոր մարդիկ դիմում են Կարմիր խաչին, ասում են՝ մի բան արեք, մեր որդիների ու պապերի գերեզմանները տեղափոխենք։ Բոլոր նրանք, ովքեր Նիկոլին ասում են՝ հետդ ենք, կրում են պատմության առաջ դավաճանի հետ Արցախ հանձնելու պատմական դավաճանությունը։ Նիկո՛լ, հեռացի՛ր»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք Իշխան Սաղաթելյանի հայտարարության մասին, որ ո՛չ բանակը, ո՛չ ներքին զորքերը, ո՛չ էլ ԱԱԾ-ն այս երկիրը զիջած ղեկավարին չեն հետևելու։
Նշենք, որ, զուգահեռաբար, բերման են ենթարկվում ՀՅԴ և մյուս կուսակցությունների անդամ ցուցարարները։
Մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ: