կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-05 21:24
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Նիկոլն ուզում է երկրում լինի խաղաղություն, հանուն այդ խաղաղության պետք է հեռանա․ Իշխան Սաղաթելյան

Եթե Նիկոլն ուզում է երկրում լինի խաղաղություն, հանուն այդ խաղաղության պետք է հեռանա՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած հանրահավաքին՝ «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագրով։

Նա, մասնավորապես, ասաց․

«Սիրելի՛ հայրենակիցներ, ի՞նչ է կատարվում․ թշնամին պատերազմից հետո շարունակում է ագրեսիան Հայաստանի Հանրապետության և Արցախի նկատմամբ։ Օրվա իշխանությունը երկրի պաշտպանությունը կազմակերպելու փոխարեն ժողովրդին պատրաստում է նոր զիջումների։ Նա ասում է՝ հնարավոր չէ․ բանակը թույլ է, ժողովուրդը խեղճացած, հայրենիքի համար պայքարը նշանակում է պատերազմ։ Ժողովրդին շարունակում են վախեցնել պատերազմով՝ ներկայացնելով, որ ունենք երկու ճանապարհ՝ կա՛մ հայրենազրկում, կա՛մ պատերազմ։ Մենք պատերազմ չենք ուզում, մեր պայքարը արժանապատիվ խաղաղության և հանուն Արցախի և Հայաստանի Հանրապետության է։ Բայց փորձում են ներկայացնել՝ իբրև թե իրավիճակը անելանելի ծանր է, վիճակ չկա։

Ուզում եմ ներկայացնել երկու պատմական օրինակ, որոնք տեղի են ունեցել ձեր աչքի առջև, սա շատ կարևոր է․ 1992 թ․ իրավիճակը ծանր էր, թշնամին հասել էր մինչև Թարթառ գետ, Ստեփանակերտի հետ չկար ցամաքային ճանապարհ, իրոք վիճակը ծանր էր։ Որոշում կայացվեց պաշտպանել երկիրը, փոխվեց Պաշտպանության նախարարը, օրվա Գերագույն խորհուրդը ընդունեց որոշում՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Կանգնեցինք, պաշտպանեցինք մեր երկիրը, ազատագրեցինք Արցախը և բերեցինք խաղաղություն։ Երկրորդ օրինակը․ 1998 թ․ օրվա իշխանությունն առաջարկում էր՝ կա՛մ պետք է զիջենք, կա՛մ պետք է լինի պատերազմ։ Մենք դեմ էինք զիջելուն։ Ընդ որում, այդ զիջման դեմ լինողների մեծ մասը նաև այսօր այս հարթակում է։ Դեմ գնացինք զիջմանը, օրվա իշխանությունը խաղաղ հեռացավ, բայց ասաց՝ իշխանության եկան պատերազմի ուժերը։ Բայց այսպես կոչված «պատերազմի ուժերը» եկան և 20 տարի երկիրը ունեցավ խաղաղություն։ Սա իրականություն է, պատմական փաստ։

2018 թ․ կրկին իշխանության եկան զիջման կողմնակիցները՝ նախորդի գաղափարակիրները, կրկին մեզ ասացին՝ զիջենք, որպեսզի լինի խաղաղություն։ Ի՞նչ տեղի ունեցավ․ հայրենիքի կորուստ, զիջումներ, զոհեր, նոր աղետ։ Սա է իրականությունը․ խաղաղություն քարոզողները մեզ բերել են միայն դժբախտություն և նոր պատերազմ։

Հիմա եթե Նիկոլն ուզում է երկրում լինի խաղաղություն, հանուն այդ խաղաղության պետք է հեռանա։ Հայաստանի պատմության մեջ Նիկոլից քիչ ոչ մեկն իրավուն չունի խաղաղության մասին խոսելու, որովհետև ինքը պարտության և պատերազմի խորհրդանիշ է։

Եթե մենք ուզում ենք ունենալ արժանապատվություն, իրական խաղաղություն, օր առաջ, րոպե առաջ պետք է սրանց հեռացնենք։

Համաձա՞յն եք։ Այո՛։ Ձեր ցավը տանեմ, անելու ենք»։

Մանրամասն՝ տեսանյութում․