կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-30 12:16
Արցախ

Թշնամու արձակած հրթիռների և կրակահերթի տակ գերակատարում եք դրված խնդիրը. Արցախի ԱԻՊԾ տնօրենը շնորհավորել է փրկարարներին

Թշնամու արձակած հրթիռների և կրակահերթի տակ գերակատարում եք դրված խնդիրը. Արցախի ԱԻՊԾ տնօրենը շնորհավորել է փրկարարներին

Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանը մասնագիտական տոնի առթիվ ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է․

«Ավանդաբար հոկտեմբերի 30-ին մենք նշում ենք Արցախի փրկարար ծառայողի մասնագիտական տոնը:

Տրամադրությունը տոնական չէ, քանի որ մեր երկրին պատուհասած պատերազմական աղետը փոխեց մեր կյանքի ընթացքը, բայց ոչ փրկարարի գործառույթը:

Արցախի փրկարարներն այս դժվար օրերին, ավելի քան երբևէ, հերոսական աշխատանք են կատարում: Թշնամու արձակած հրթիռների ու կրակահերթի տակ յուրաքանչյուր ծառայող գերակատարում է իր առջև դրված խնդիրը և պատվով ու պատասխանատվությամբ ծառայում հայրենիքին ու ժողովրդին:

Սակայն, գերլարված ու ծանրաբեռնված առօրյան առ ոչինչ է այն շնորհակալական ու օրհնության խոսքերի դիմաց, որ լսում ենք ամեն օր:

Ուստի, հոգով փրկարար լինելն ապրելակերպ է, որն իր մեջ ամփոփում է մարդասիրություն ու բարություն:

Երախտագիտություն եմ հայտնում համակարգի ողջ անձնակազմին, մեր հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու և այս դժվար ժամանակահատվածում՝ բացառիկ նվիրվածության համար: Հպարտ եմ, որ ունեմ Ձեզ նման համածառայակիցներ:

Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ: Նույնն է բոլորիս ցանկությունը. Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն և ամենայն բարիք բոլորիս օջախներին»: