կարևոր
5188 դիտում, 9 ամիս առաջ - 2023-12-18 17:39
Քաղաքական

Կութ գյուղը թշնամու նշանառության տակ է. հեկտարներով հողեր թշնամու տեսադաշտում են եւ հսկողության տակ․ Արման Ղազարյան

«Կութ գյուղը թշնամու նշանառության տակ է. հեկտարներով հողեր թշնամու տեսադաշտում են եւ հսկողության տակ» ,-ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը: Նրա խոսքով՝  դա դժվարեցնում է գյուղացու  ապրելակերպը, քանի որ անվտանգային ռիսկերի պատճառով գյուղացին այլեւս չի կարողանում մշակել ցանքատարածքները, վարելահողերը եւ հոգալ  իր ապրուստի խնդիրը:

Հիշեցնենք, որ կիրակի՝ դեկտեմբերի 17-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հերթական այցով Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում էին: Պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը,  Լեւոն Քոչարյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանն ու Արման Ղազարյանն  այցելել են  Գեղամասար, Կութ եւ Սոթք համայնքներ, հանդիպել  համայնքի բնակիչներին, լսել  նրանց մտահոգությունները, բարձրաձայնած խնդիրներն ու պատասխանել նրանց հարցերին:

Պատգամավորն ասում է, որ ադրբեջանական ագրեսիայի, ինչպես նաեւ՝  իշխանությունների դավաճանական անգործության հետեւանքով  շատ համայքներ կարգավիճակով արդեն սահմանապահ են.

«Բազմիցս  ԱԺ-ում բարձրաձայնել ենք, որ Գեղարքունիքում սահմանի երկարությունը նախկինում 79 կմ էր, այժմ՝ 140 կմ է. իշխանությունների դավաճանական անգործության հետեւանքով կան շատ համայքներ, որ արդեն սահմանապահ են եւ չնայած այդ կարգավիճակին, այսինքն՝  սահմանապահ են դարձել, դրանք կառավարության 2014 թվականի  որոշմամբ ընդգրկված ցանկում չկան։ Եթե ընդգրկվեին  նշանակում է, որ այդ գյուղերի բնակիչներին  պետք է փոխհատուցում տրվի, ինչը չկա: Ընդամենը 5 մլն դրամ,  իբրեւ սահմանամերձ համայնքներ, տրամադրվել է, այն էլ՝  հստակ տարհանման եւ այլ նպատակների համար։ Բազմաթիվ են այստեղ խնդիրները, սկսած՝ աղբյուրակապերից… Ջրի ակունքները գտնվում են թշնամու հսկողության ներքո» ,-ասաց Արման Ղազարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: