կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-23 12:52
Տարածաշրջան

Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի և սպառնալիքների թիրախում

Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի և սպառնալիքների թիրախում

Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ սպառնալիքներն ակտիվացել են Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավոր Կարո Փայլանը թուրքական «Դուվար»-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրում ստեղծել է «ատելության սովորական մթնոլորտ»:

Լրատվամիջոցը նշել է, որ Կարո Փայլանը ևս թիրախավորվում է Թուրքիայում՝ հրադադարի կողմնակիցը լինելու, խաղաղության կոչի համար:

Փայլանը նշել է, որ Թուրքիայում ապրում են տարբեր ազգեր, տարբեր հավատք և համոզմունք ունեցող քաղաքացիներ: «Սակայն ներկայիս վարչակազմը, ցավոք, շարունակում է վարել իր՝ ազգայնական, ռասիստական և կրոնական ուղղվածություն ունեցող քաղաքականությունը», – նշել է պատգամավորը:

Այն ժամանակ, երբ Թուրքիայի կառավարությունը կանգնած է Ադրբեջանի կողքին Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում, Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի և սպառնալիքների թիրախում: «Այսպիսի մթնոլորտում, երբ Թուրքիան Ադրբեջանի կողմն է, և երբ հայերի դեմ ատելության խոսք է կիրառվում, մենք աղավնու անհանգստություն ենք զգում, ինչպես ասել էր սիրելի Հրանտ Դինքը: Ցավոք, այս օրերին մենք աղավնու ամենախոր անհանգստությունն ենք ապրում»,– ասել Փայլանը ՝ վկայակոչելով Դինքի՝ սպանությունից առաջ գրած վերջին հոդվածի խորհրդանշական հատվածը:

Փայլանը նշել է, որ պատերազմի արդյունքում տուժում, տառապում են խաղաղ բնակիչներ, և նա հարցի լուծումը տեսնում է խաղաղության սեղանին: