Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այստեղ սրբեր չկան բացարձակապես՝ ըստ Yerkir.am-ի արձանագրեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նկատի ունենալով, որ ատելության խոսքը տարածվում է հակադիր բոլոր կողմերից։
«Ատելության խոսքի տարածման հիմնական աղբյուրը քաղաքական վերնախավն է, որովհետև Հայաստանում առայսօր չի ձևավորվել պայքարի քաղաքական մշակույթ։ Պայքարը հիմնականում ընթանում է բաժանելու ուղղությամբ․ այսինքն, գտնվում է թիրախ, թիրախը հիմնականում լինում են սևերը, սպիտակները, գեյերը, աղանդավորները․․․ կարևոր չէ։ Կարևորն այն է, որ քաղաքական գործիչներն անընդհատ առանձնացնում են հասարակության ինչ-որ հատված և սկսում են թիրախավորել, որովհետև գիտեն, որ դա իրենց թույլ է տալիս առանձնանալ ընդհանուր քաղաքական զանգվածից և ասպարեզ դուրս գալ։ Դա փաստացի այսօրվա քաղաքական պայքարի միակ ձևն է»,-ասաց նա։
Երկրորդ խնդիրը, Սամվել Մարտրոսյանի համոզմամբ, այն է, որ շատ լրատվամիջոցներ չեն հեռացնում իրենց հրապարակման տակ տեղ գտած ատելության խոսքը․ «Ամեն նորության տակ կարելի է տեսնել հարյուրավոր հայհոյանքներ և դա բացարձակ չի մոդերացվում։ Շատ խմբագրեր խրախուսում են դա, քանի որ լրացուցիչ թրաֆիկ է»։
Շատ լրատվամիջոցներ, իհարկե, այդքան մարդկային ռեսուրսներ չունեն նաև այդ աշխատանքը կատարելու համար, բայց շատերը, ըստ նրա, խրախուսում են։
Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ փոխադարձ վատ բաներ ասելու ամեն դեպք չէ, որ ատելության խոսք է․ աշխարհում դա կոնկերտ իրավական նկարագիր ունի․ ատելության կոչերը՝ ուղղված ինչ-որ մարդկանց կամ խմբի, որոնք բաժանարար գծեր են առաջացնում, ընդ որում՝ հանրային խոսքով։
Աշխարհում ատելության խոսքի աճ է դիտվում ամեն օր՝ ասաց Սամվել Մարտիրոսյանը։ Համացանցը պարարտ հող է ստեղծում դրա համար, քանի որ փաստացի մարդկության մեծ մասը ստացել է հանրային խոսքի հնարավորություն։ Մյուս կողմից, մարդիկ ստացել են հնարավորություն շատ արագ խմբավորվելու։
«Սա բերել է նրան, որ շատ երկրներում մտածում են լրացուցիչ իրավական կարգավորումներ մտցնել, որովհետև օնլայն ատելության խոսքը հաճախ արտահայտվում է օֆլայն։ Բոլորն էլ գիտակցում են, որ առաջին փուլում մարդիկ արտահայտվում են, շատ արագ ձևավորվում են խմբեր և վաղ թե ուշ թույլ պսիխիկայով մարդիկ այդ ամենը տանում են ռեալ աշխարհ»,-բացատրեց Սամվել Մարտիրոսյանը։
Մանրամասն՝ տեսնայութում․