կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-23 17:28
Հասարակություն

Նախընտրական քննարկումների ժամանակ կլինի ատելության խոսքի և վիրավորանքի աճ. ՄԻ պաշտպան

Նախընտրական քննարկումների ժամանակ կլինի ատելության խոսքի և վիրավորանքի աճ. ՄԻ պաշտպան

Այս տարի երկու անգամ ավելացել է պետական մարմնի կողմից քաղաքացուն տեղեկություն չտրամադրելու դեպքերի քանակը. ԵՄ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված փորձագիտական քննարկման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա վիճակագրական տվյալներ ներկայացրեց. եթե, օրինակ, 2016-ին ՄԻ պաշտպանը ստացել է քաղաքացու` պետական կառույցներից տեղեկատվություն չտրամադրելու  մասին 38 բողոք, իսկ 2017-ին` 46, ապա այս տարվա միայն առաջին 10 ամիսներին` ավելի քան 100 բողոք: Թաթոյանի գնահատմամբ` սա մտահոգիչ տվյալ է:  

«Խոսքի ազատությունն իսկապես կարևորագույն նվաճում է մարդկության պատմության համակարգում, և այն համարվում է ժողովրդավարության առանցքային անկյունաքարերից մեկը: Խոսքի ազատության պաշտպանվածությամբ է չափվում ժողովրդավարության աստիճանն ինչ-որ երկրում»,- ասաց նա:

Ըստ Թաթոյանի`  բացի վերոնշյալ դեպքերից, տարեսկզբին արձանագրվել են մի քանի դեպքեր, երբ լրագրողները տեղեկատվություն ստանալու համար դիմել էին պետական մարմիններին, սակայն ձևական հիմքերով մերժումներ էին ստացել: Դրանցից մեկն, օրինակ, վերաբերել է քրեակատարողական հիմնարկներ մուտքին: Մի պաշտպանի խոսքով` պետական մարմինն իր գործունեությամբ, վարքագծով, խոսքով պետք է ընկալվի որպես խոսքի ազատությունը պաշտպանող, ոչ թե խոչընդոտող սուբյեկտ:

Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում տիրող մթնոլորտին, ապա, Թաթոյանի գնահատմամբ, սոցցանցերում ատելության խոսքի աճ է նկատվում` պայմանավորված ինչ-ինչ իրադարձություններով: «Սոցցանցերում այսօր քննարկումները չեն ծավալվում` նյութերի բովանդակության վրա հիմնվելով, այլ միայն վերնագիրն են կարդում կամ նայում, թե ով է հարցազրույց տվող անձը, և սկսվում է ատելության խոսքը: Սա, իհարկե, դժվարացնում է նաև լրագրողի աշխատանքը, քանի որ մենք ունենք դեպքեր, երբ սպառնալիքներն ուղղվում են դեպի լրագրողը, լրագրողը նույնացվում է հարցազրույց տվողի հետ: Կարծում եմ` կան դեպքեր, երբ պետությունը պատշաճ չի արձագանքում»,- ասաց ՄԻ պաշտպանը` հավելելով, որ լինում են նաև իրավիճակներ, երբ հասարակությունը խմբերի է բաժանվում, և սկսվում են քննարկումներ:

Ըստ նրա` վերջին շրջանում ավելացել է սոցիալական ցանցերում գրանցվածների թիվը և, բնականաբար, ավելացել է նաև տեղում հնչող կարծիքների ազդեցության դաշտը: Ինչ վերաբերում է կեղծ օգտատերերի խնդրին, ապա, Թաթոյանի խոսքով, այն, ասես, դարձել է մարտահրավեր` ուղղված մարդու իրավունքներին և խոսքի ազատությանը` ընդհանրապես:

Խոսելով առաջիկայում սպասվելիք ընտրությունների մասին` ՄԻՊ-ը նշեց, որ իրենք ամենօրյա դիտարկում են իրականացնելու: «Հաշվի առնելով նախորդ ընտրությունները` նախատեսում ենք, որ այս քարոզարշավի ժամանակ էլ քննարկումների ընթացքում կլինի ատելության խոսքի և վիրավորանքի աճ: Սակայն պետք է հասկանալ, որ ատելության խոսքը չի պաշտպանվում խոսքի ազատության արժեքով»,- ասաց նա: